Երևան +12°
copy image url
Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 22:00 21-06-2023

Բաքվի չփակվող ախորժակը. «բնապահպանների» պահանջները հասել են Հայաստանին

Ինչպես նախազգուշացնում էին բազմաթիվ վերլուծաբաններ և փորձագետներ, Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների կատարումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլ միայն հանգեցնելու է այդ երկրի կողմից նոր պահանջների և նախապայմանների առաջ քաշմանը։

Քանի որ ադրբեջանական կողմին փաստացի հաջողվեց այսպես կոչված բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակման համար պատասխանատվությունից խուսափել, այդ երկիրը ներկայումս էլ փորձում է ամեն կերպ խոչընդոտել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցմանը։ Մասնավորապես վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացրել է հենց Երասխի ուղղությամբ կատարվող սադրանքները, որոնց նպատակը հենց գործարանի կառուցման աշխատանքների դադարեցնումն է։

Մինչև այս ուղղությամբ առաջին սադրանքը՝ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը, տարբեր բնապահպան ակտիվիստներ և այլ գործիչներ Բաքվի հերթական սադրանքը լեգիտիմացնելու համար քարոզչական դաշտում աշխատանք էին տանում՝ պնդելով, թե իբր Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։ Մասնավորապես դեռևս հունիսի 7-ի ուշ երեկոյան Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել գործարանի կառուցման կապակցությամբ, որում Հայաստանը ներկայացրել էր որպես խնդրահարույց երկիր տարածաշրջանի համար։ Փաստացի նման հայտարարություններով ադրբեջանական կողմը անոնսում էր Երասխի ուղղությամբ նախապատրաստվող ագրեսիան։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի «բնապահպանական մտահոգությունները» չեն սահմանափակվում միայն Երասխի մետալուրգիական գործարանով։ Բաքվի ախորժակն իրականում շատ ավելի հեռուն է գնում, և այդ երկիրը ցանկանում է հասնել նրան, որ փակվի Մեծամորի ատոմակայանը՝ պնդելով, որ այն նույնպես սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։ Դեռևս այս տարվա հունվարին Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան դիմել էր միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով կասեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը: Ավելի ուշ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանն անդրադարձ էր կատարել նաև Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությանը՝ պնդելով, թե իբր Հայաստանն օգտագործում է «հնացած տեխնոլոգիաներ»

Այս համատեքստում Բաքուն նաև պնդում է, թե իբր Մեծամորի ԱԷԿ-ի արտանետումներն աղտոտում են Արաքս գետը, ինչը սպառնալիք է տարածաշրջանային երկրների համար։ Ադրբեջանական այս ապատեղեկատվությունը հերքվել է Իրանի կողմից, և այդ երկրի միջուկային կարգավորման վարչությունը հայտարարել է, որ մինչ այժմ Իրանի հյուսիս-արևմուտքում ռադիոակտիվ աղտոտում չի հայտնաբերվել: Իրանցի փորձագետների համոզմամբ՝ Մեծամորի ատոմակայանի և Արաքս գետի միջև հեռավորությունը մեծ է, և ոչ մի հավանականություն չկա, որ այդ կայանի կեղտաջրերը հայտնվեն գետում և աղտոտեն ռադիոակտիվ նյութերով: Անշուշտ իրանական կողմը շատ լավ հասականում է, թե ադրբեջանական կողմն ինչու է նման հայտարարություններ տարածում, և այսպիսով փորձում է կանխել Բաքվի հերթական արկածախնդրությունը։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Բաքվի ախորժակը որևէ կերպ չի փոքրանում, և ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանների» պահանջները հասել են արդեն Հայաստանին։ Նման հայտարարությունները և պահանջները ոչ միայն վկայում են Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր սադրանքների մասին, այլ նաև միջամտություն են Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։

Իհարկե սա առաջին անգամը չէ, որ Մեծամորի ԱԷԿ-ը և Հայաստանում գործող մյուս հաստատությունները թիրախավորվում են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, և վերջիններս բարձրաձայնում են դրանք փակելու անհրաժեշտությունը։ Մեծամորի ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էներգետիկ կարիքների զգալի մասը և որոշ չափով նաև էներգետիկ անկախություն։ Նման քայլերով Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Հայաստանին հնարավորության դեպքում էներգետիկ կախվածության մեջ դնել իրենցից և մեր երկրի վրա ազդեցության լրացուցիչ լծակներ ստանալ։

Հատկանշական է, որ Թուրքիան չի անհանգստանում միջուկային արտանետումների մասին, երբ խոսքը վերաբերում է սեփական տարածքում ԱԷԿ-ներ կառուցելուն և միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելուն, որոնցից առաջինի՝ Աքքույու ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի բացման արարողությունը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 27-ին։

Ադրբեջանի պահանջները նույնպես ծիծաղշարժ են, երբ դրանք վերաբերում են միջուկային անվտանգությանը և բնապահպանական հարցերին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին Տավուշում կրած խայտառակ պարտությունից հետո նույն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չէր բացառել, որ իրենք կարող են հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին։ Փաստացի նման հայտարարությամբ Ադրբեջանը Հայաստանին սպառնում էր միջուկային ահաբեկչությամբ, որի կատարումն իրակական աղետ կլիներ ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանային մյուս պետությունների՝ այդ թվում Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի համար։

Ամենից շատ դիտված