Երևան +12°
copy image url
Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 22:30 15-06-2023

Միջազգային հանրությունը Բաքվի ագրեսիան զսպելու համար քայլեր չի ձեռնարկի, քանի որ այն չի սպառնում իրեն

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 13-ին հերթական անգամ խախտել էր հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով Հնդկաստանի երկու քաղաքացիներ էին վիրավորվել։ Ադրբեջանը Երասխի ուղղությամբ հունիսի 14-ին նույնպես կրակոցներ էր արձակել։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել ադրբեջանական հերթական սադրանքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները սահմանափակելու համար միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի հստակ քայլեր։

Հատկանշական է, որ միջազգային հանրության ներկայացուցիչները հերթական անգամ իրենց հայտարարություններում հիմնականում չեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան, և ինչպես պատահում է նման դեպքերում, հանդես եկան երկու կողմերին ուղղված կոչերով, որոնցում չի ֆիքսվում, թե որ կողմն է հրադադարը խախտել։

Մասնավորապես քիչ թե շատ առարկայական գնահատական հնչեցրեց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, ով խորը մտահություն էր հայտնում Հայաստանում ԱՄՆ-ի հետ կապված ընկերության 2 աշխատակցի վիրավորվելու հանգամանքով։ «Խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կրակոցներից Հայաստանում ԱՄՆ-ի հետ կապված ընկերության 2 աշխատակցի վիրավորվելու հանգամանքով։ Կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածության մեր կոչը»,- ասել էր նա։

Սակայն հարկ ենք համարում ընդգծել, որ միջազգային հանրության հասցեական արձագանքի համար նախևառաջ անհրաժեշտ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ, քանի որ առանց դրա՝ որևէ մեկը չի զբաղվելու Հայաստանի խնդիրներով։ Ներկայումս աշխարհում բազմաթիվ և բազմաշերտ գործընթացներ են ընթանում, և միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած չէ բացառապես հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղությամբ։

Բացի այդ՝ երբ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի մշտական սադրանքներից հետո համառորեն պնդում են, որ իրենք հավատարիմ են խաղաղության օրակարգին և ամեն գնով պատրաստ են կարգավորել հարաբերությունները, որևէ երկիր, կազմակերպություն, կամ պաշտոնյա դրանից հետո չի վտանգելու իր հարաբերությունները Ադրբեջանի հետ և վերջինիս դատապարտող հայտարարություն հնչեցնի այն դեպքում, երբ Հայաստանն անգամ դա չի անում։ Հայաստանի ներկայացուցիչներն այս համատեքստում չեն հասկանում, որ երբ պարբերաբար միակողմանի զիջումներ են կատարում Ադրբեջանին, դա որևէ կերպ չի նպաստում խնդրի կարգավորմանը, իսկ հակառակ կողմն ավելի է ոգևորվում դրանից և գնում է նոր սադրանքների։

Ադրբեջանական կողմն այս ուղղությամբ իր ագրեսիան լեգիտիմացնելու համար դեռևս մեկ շաբաթ առաջ էր տեղեկատվական արշավ սկսել, ինչից պարզ էր, որ Բաքուն հերթական անգամ սադրանքի է գնալու։ Այդ շրջանում Ադրբեջանը տարբեր մակարդակներով քարոզչական թեզեր սկսեց տարածել, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ համատեղ մետալուրգիական գործարան է կառուցում, որն «աղետ է» ամբողջ տարածաշրջանի համար։ Սա ուղղակի միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին, որին պաշտոնական Երևանը որևէ կերպ չարձագանքեց, ինչն ավելի մեծացրեց Բաքվի ախորժակը։

«Մինչ Երասխի ուղղությամբ կրակելը՝ ադրբեջանական կողմը տեղեկատվական արշավ էր սկսել, և արդեն իսկ պարզ էր, որ գնալու է որոշակի գործողությունների։ Դեռ հունիսի 7-8-ին պաշտոնական և փորձագիտական խողովակներով քարոզչական դաշտ նետվեց թեզ, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ համատեղ մետալուրգիական գործարան է կառուցում, որն «աղետ է» ամբողջ տարածաշրջանի համար։ Այս ամենից ակնհայտ էր, որ ադրբեջանական կողմը մոտական օրերին թիրախավորելու է Երասխի ուղղությունը։

Միևնույն ժամանակ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ միջազգային հանրությունը Բաքվի ագրեսիան զսպելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի, քանի դեռ նման գործելակերպը չի սպառնում իրեն։ Միջազգային հանրությունը հիմնականում արձագանքում է այն քայլերին, որոնք սպառնալիք են ներկայացնում իր համար, ինչպես օրինակ՝ ուկրաինական հակամարտությունն է։

Հատկանշական է, որ նույն արարքի համար Ուկրաինայի պարագայում Ռուսաստանը բավականին կոշտ արձագանքի է արժանանում, իսկ Ադրբեջանը ինչպես միշտ անպատիժ է մնում։ Բացի այդ՝ երբ օրինակ, ԱՄՆ պետդեպտարտամենտը ողջունեց Ադրբեջանի նախագահի այն տխրահռչակ հայտարարությունը, որում նա խոսում էր Արցախի բնակչությանը այսպես կոչված ներելու մասին և այդ հարցում իր պայմաններն էր ներկայացնում, դրանով Վաշինգտոնը փաստացի լեգիտիմացրեց Ալիևի քայլերը և վերջինիս խրախուսեց Հայաստանի ուղղությամբ նոր ագրեսիա իրականացնել։

Ուշագրավ էր նաև, որ Ադրբեջանի ագրեսիան համընկավ Թուրքիայի նախագահի՝ այդ երկիր կատարած այցի հետ։ Ինչպես նախազգուշացնում էին մի շարք փորձագետներ, եթե Էրդողանը վերընտրվի նախագահի պաշտոնում, ապա խստացնելու է Հայաստանի նկատմամբ գործադրվող ճնշումները, և ականտես ենք լինելու Ադրբեջանի կողմից նոր սադրանքների։