Երևան +12°
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 21:00 14-06-2023

Իրենց հալա՞լ է, մեզ հարա՞մ. ինչո՞ւ է ՌԴ-ն երկակի չափանիշներ կիրառում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել տարբեր լրատվամիջոցների ռազմական թղթակիցների հետ, որի ընթացքում անդրադարձել է ուկրաինական ռազմաճակատում ընթացող գործողություններին, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը։ Բացի այդ՝ Ռուսաստանի նախագահի խոսքը կենտրոնացած էր այն թեզի շուրջ, համաձայն որի՝ նախքան Խորհրդային Միության ձևավորումն առհասարակ Ուկրաինա անունով պետություն գոյություն չի ունեցել, ինչպես նաև խորհրդային տարիներին Ուկրաինային են կցվել բազմաթիվ ռուսական տարածքներ։

Վլադիմիր Պուտինը անդրադարձել է ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացին և այս համտեքստում հիշեցրել Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակի այն հայտարարությունը, համաձայն որի՝ քանի որ ԽՍՀՄ-ի հիմնադիր երկրները չեղյալ են համարել 1922 թվականի պայմանագիրը, անդամ երկրները պետք է անկախություն հռչակեին այն սահմաններում, որոնցով միացել են միությանը։ Պուտինի խոսքով՝ մնացած բոլոր տարածքային ձեռքբերումները քննարկման, բանակցությունների առարկա են, քանի որ միության հիմքը չեղյալ է հայտարարվել։

Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը բնականաբար փորձում է լեգիտիմացնել նախևառաջ Ղրիմի և Դոնբասի միացումը Ռուսաստանին, որոնցից առաջինը տեղի է ունեցել 2014 թվականին, իսկ երկրորդում ռազմական գործողությունները շարունակվում են մինչև այսօր։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1954 թվականի փետրվարի 19-ին, Խորհրդային Միության գերագույն խորհուրդը ստորագրում է Ղրիմի մարզը ՌԽՍՖՀ-ից ՈւԽՍՀ-ին փոխանցելու մասին հրամանագիր։ Տեսական փաստերը, որոնք ներկայումս պահվում են Ռուսաստանի Դաշնության ազգային արխիվում, հավաստում են այն մասին, որ ի սկզբնապես այդ հրամանագիրը հաստատվել է ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության խորհրդի կողմից, որին հաջորդել է 1954 թվականի հունվարի 25-ի գերագույն խորհրդի նախագահության որոշումը։ ԽՍՀՄ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդային Միության հանրապետական սահմանները չեն կարող վերանայվել առանց հանրապետության համաձայնության։ Ղրիմի փոխանցումը հաստատվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից, չնայած որ նույն իրավական ակտի 33-րդ հոդվածը սահմանափակում էր պետական մարմնի այդ իրավունքը։ Մի քանի օր հետո ԽՍՀՄ ԳԽ-ի հրամանով վերանայվում է Խորհրդային Միության սահմանադրությունը՝ ի դեմս 22-րդ և 23-րդ հոդվածների։

Ինչ վերաբերում է Դոնբասին, ապա այն Ուկրաինային է փոխանցվել Խորհրդային Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Լենինի կողմից՝ 1919 թվականի մարտին, Խարկովում, որտեղ հռչակվել է Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունը։ Հենց այս ժամանակ Դոնբասի տարածքում ստեղծվեց Դոնեցկի նահանգը՝ Լուգանսկ վարչական կենտրոնով։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի այս հայտարարությունը չափազանց ուշագրավ է Արցախյան հակամարտության համատեքստում։ Փաստացի Ռուսաստանի նախագահը ընդունում է, որ նախկին խորհրդային հանրապետությունները պետք է անկախություն հռչակեին այն սահմաններում, որոնցով անդամակցել էին ԽՍՀՄ-ին։ Նկատենք, որ երբ 1920 թվականի ապրիլին Ադրբեջանը խորհրդայնացվեց, այդ ժամանակ ո՛չ Արցախը, ո՛չ Նախիջևանը չէին գտնվում վերջինիս վերահսկողության ներքո։ Արցախը Ադրբեջանին է հանձնվել 1921 թվականի հուլիսի 5-ին կայացած Կովկասյան բյուրոյի պլենումի արտահերթ նիստի հետևանքով, որի ընթացքում վերանայվեց նախորդ օրը կայացված որոշումը, որով Արցախը ճանաչվել էր Հայաստանի մաս։ Իսկ Նախիջևանը Ադրբեջանին հանձնվեց 1921 թվականի մարտի 16-ին և հոկտեմբերի 13-ին ստորագրված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։

Հաշվի առնելով ներկայումս ստեղծված իրողությունները՝ կարող ենք պնդել, որ Ղրիմի և Դոնբասի պարագայում Ռուսաստանը կարևորում է այն հանգամանքը, որ հաշվի առնվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել նախքան ԽՍՀՄ-ի ձևավորումը, մինչդեռ Արցախի դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել խորհրդային ժամանակաշրջանի սահմանները։ Սա զարմանալի է ոչ միայն այն հանգամանքով, որ փաստացի նույնանման հակամարտությունների դեպքում կիրառվում է երկակի չափանիշների քաղաքականություն, այլ նաև նրանով, որ Ադրբեջանը ինքն է իրեն ճանաչել 1918-1920 թվականների Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ, որի կազմում չեն եղել ոչ միայն Արցախը, այլ նաև Նախիջևանը։ Այս իրողությունը նույնպես Հայաստանի համար կարող էր լուրջ կռվան հանդիսանալ, եթե ՀՀ իշխանությունները ցանկանություն ունենային Արցախը չհանձնել Ադրբեջանին։

Ստեղծված իրավիճակն այլ կերպ կարելի է բնորոշել՝ «ռուսներին հալա՞լ է, մեզ՝ հարա՞մ» ձևակերպմամբ, քանի որ եթե Ռուսաստանի Դաշնությունն իսկապես կողմնակից է նման մոտեցման, ապա վերջինիս համար Արցախի անկախության ճանաչումը չափազանց լավ հնարավորություն կարող է լինել միջազգային ձևաչափերում իր մոտեցումներն առաջ մղելու համար։ Միևնույն ժամանակ նկատենք, որ նախքան Ռուսաստանից, կամ որևէ երկրից ինչ-որ բան պահանջելը նախևառաջ պետք է Հայաստանի իշխանությունը միջոցներ ձեռնարկի, որպեսզի Արցախը որևէ տարբերակով չհանձնվի Ադրբեջանին, սակայն ինչպես հայտնի է, վերջինս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջակաությունը, այդ թվում՝ Արցախը Ադրբեջանի կազմում, և այս իրավիճակում անիրատեսական է, որևէ կողմից որևէ բան ակնկալելը։ Փաստացի երբ Հայաստանը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, որևէ այլ երկիր, նույնիսկ եթե այդ երկիրը նմանատիպ խնդիր ունի, հանուն Հայաստանի շահերի չի զբաղվելու Արցախի հարցով և չի վնասելու իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։