Երևան +22°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:08 17-05-2022

Նոր չափանիշներ՝ գլխավոր գիտաշխատողի պաշտոնի համար. ՀՀ-ում շուտով գլխավոր գիտաշխատողներ չեն լինի

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

ՀՀ կառավարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ ուժը կորցրած է ճանաչվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումը։ Օրենքի նախագիծը վերաբերում է Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգին և գնահատման չափանիշների հաստատմանը։ Ըստ նախկինում եղած չափանիշների՝ Գլխավոր գիտական աշխատողի պաշտոնը կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական և թղթակից անդամները, գիտությունների դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող գիտնականները, որոնք ղեկավարում են գիտական ուղղություն և (կամ) ստեղծել են գիտական դպրոց և ունեն առնվազն 15 տարվա գիտական աշխատանքի ստաժ: Իսկ նոր ներկայացվող նախագծում առաջարկվում է գլխավոր գիտական աշխատողի պաշտոնը զբաղեցնելու համար սահմանել նոր պահանջներ, որոնց համապատասխանող գիտական աշխատողներ Հայաստանում դժվար թե հնարավոր լինի գտնել։

Նախկինում եղած որոշման փոխարեն առաջարկվող նախագծով գլխավոր գիտական աշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը ով՝

1) ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան,
2) ունի գիտական և գիտատեխնիկական գործունեության 20 տարվա աշխատանքային ստաժ և հանդիսանում է տվյալ գիտական կազմակերպության հիմնական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող,
3) վերջին հինգ տարիների ընթացքում համահեղինակել է առնվազն 20 հոդված, որոնցից 15-ում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ, և որոնցից առնվազն 10-ը հանդիսանում են գիտական հոդվածներ ամսագրերի դասակարգման առաջին քառորդում ներառված պարբերականներում,
4) վերջին հինգ տարիների ընթացքում հանդիսացել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի առնվազն հինգ ուսանողների գիտական ղեկավար,
5) հանդիսացել է առնվազն 100 000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ընդհանուր ֆինանսական ծավալի՝ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային գիտահետազոտական և/կամ փորձակոնստրուկտորական ծրագրերի ղեկավար կամ նախատեսված լինելու պարագայում՝ համաղեկավար, որոնց առնվազն կեսը` ոչ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

Եթե տվյալ նախագիծը ընդունվի, այն մեծ դժգոհությունների ալիք կբարձրացնի Հայաստանում։ Ներկայացվող չափանիշներին համապատասխանող գիտական աշխատողները չեն ցանկանում ձեռք բերել գլխավոր գիտաշխատողի կոչում և ստանալ նվազ դրամական աջակցություն։ Տվյալ ստանդարտներին համապատասխանող գլխավոր գիտաշխատողները համագործակցում են տարբեր հեղինակավոր բուհերի հետ՝ ավելի բարձր վարձատրվող աշխատանք իրականացնելով։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց աստղագետ, ֆիզիկոս, մաթեմատիկոս Արեգ Միքայելյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Այս ամենը հիմնականում գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման հետ է կապվում, բայց դժվար է ասել, որ բոլորի համար է լավ, օրինակ՝ կրտսեր գիտաշխատողների աշխատավարձը շատ քիչ է ավելացվում։ Նախկինում 105 հազար էր, հիմա 120 հազար է դառնում․ այստեղ էական փոփոխություն չկա, բայց, օրինակ, գլխավոր գիտաշխատողներինը թռիչքաձև է ավելանում։ Մեր մոտ կոնկրետ հարկերը ներառած 155 հազար էր հիմա հարկերը ներառած դառնում է 367 հազար դրամ։ Հիմա նոր չափանխշներ են մշակում որակավորման, որը բավական խիստ է, բայց այս չափանիշները մշակման փուլում են և 24 թվից նոր ուժի մեջ կմտնեն։ Առ այսօր մենք արել ենք մեր հին ձևով, որակավորման հանձնաժողով ենք ստեղծել, այսպես որակավորում են անցել բոլոր գիտնականները և դրան համապատասխան աշխատավարձերը ստացել են։ Կոպիտ ասած՝ ամեն տարի մոտ 50.000 բարձրանալու է և վերջում, կարծես թե, լավ թվի է ձգտում հասնել, բայց սա միայն այն ամենանշանավոր գիտնականների համար, որովհետև նրանցը մոտ չորս-հինգ հարյուր հազար է դառնում, բայց նրանք շատ քիչ են, հատուկենտ են, ինսիտուտներ կան, որ ընդհանրապես չունեն գլխավոր գիտաշխատող, ընդամենը մի քանի առաջատար գիտաշխատող ունեն, մնացածը ավագ և կրտսեր գիտաշխատողներ են։ Ընդանուր երևույթը լավ է, որ աշխատավարձերը բարձրացնելու այդ տենդենցը կա, բայց ավելի լավ կարելի էր կազմակերպել այս ամենը»,- ասաց Միքայելյանը։

Իսկ մեր այն հարցին, թե նախկինում եղած մինիմալ պահանջների դեպքում, նույնիսկ դժվար է գլխավոր գիտաշխատողներ գտնել , չի կարծում, որ այս փոփոխություններով պահանջվող չափանիշների խստացմամբ հնարավոր չի լինի Հայաստանում ինչ-որ մեկին գտնել, Միքայելյանի ասաց. «Այստեղ, մեղմ ասած, խորամանկության են դիմել։ Իրականում, այս չափանիշներին համապատասխանողներ շատ քիչ են լինելու, և շատ քչերի մոտ է լինելու ռեալ աշխատավարձի էական բարձրացում։ Ի սկզբանե արդեն պարզ է, որ այստեղ բոլոր գիտնականների համար էական բարձրացում չի լինելու»։

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք այս չափանիշներին համապատասխանող գիտաշխատողները ձգտում են ավելի բարձր աշխատավարձով միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող բուհերում աշխատել, Միքայելյանն ասաց. «90-ական թվականներից սկսած շատ են գնացել (ուղեղների արտահոսք ենք անվանում այդ երևույթին), եթե հարմար տարբերակ կարողանում են գտնել արտասահմանյան բուհերում կամ գիտական կենտրոններում, գնում են շատերը։ Շատ քչերը կան, որ հարամար հրավեր ունենալու դեպքում հրաժարվեն։ Ես ինքս այդ քչերից մեկն եմ, ես սկզբունքորեն երբեք չեմ ուզեցել լքել Հայաստանը։ Ընթացում շատ է եղել, որ մի քանի ամսով գնամ, բայց մշտական տեղափոխման մասին երբեք չեմ մտածել։ Լավագույնները միշտ գնում են երկրից։ Նրանց միշտ ավելի լավ պայմաններ են առաջարկում, բնականաբար այս բարձրացումներն էլ շատ հեռու են իրենց առաջարկվող չափանիշներից, այսինքն՝ Եվրոպայում և Միացիալ Նահանգներում շատ ավելի հարմար տարբերակներ են առաջարկում»։