Երևան +19°
copy image url
Խոսք Ներքին 10 ամիս առաջ - 21:01 13-06-2023

Երևանը պետք է կարգի հրավիրել․ Ժարիտ Գրիշը՝ քաղաքապետի թեկնածու

Oragir.News-ի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանապետի նախկին օգնական Գրիշա Սարգսյանը, ով հանրությանն առավելապես հայտնի է «Ժարիտ Գրիշ» մականունով, մտադիր է առաջադրվել քաղաքապետի թեկնածու։ Մենք զրուցել ենք Սարգսյանի հետ։

-Պարո՛ն Սարգսյան, տեղեկություն ունենք, որ ուզում եք առաջադրվել ավագանու ընտրություններում, ճի՞շտ է։

-Այո՛, 30 հասարակական կազմակերպությունների հրամանատարներով ժողով ենք անցկացրել, որոնք Արցախյան պատերազմի մասնակիցներ են, ստեղծել ենք ռազմական խորհուրդ, որի կոորդինատորը ես եմ, և միանշանակ որոշել ենք, որ պետք է անմասն չմնանք ու մեր քաղաքը կարգի հրավիրենք, ու հզոր ձևով կարգի հրավիրենք։ Պետք է «դիսցիպլինա» ամեն ինչում։ Միանանշանակ, բոլոր ազատամարտիկներն ու ջոկատները կանգնելու են մեր կողքը։

-Պարո՛ն Սարգսյան, դուք ռազմական գործիչ եք, ինչո՞ւ եք որոշել քաղաքապետարանը վերցնել։

-Երևան քաղաքը պետք է կարգի հրավիրենք, թամանյանական գծագրով քաղաքը չի կարող այսպես լինել, չի կարելի այսքան շենքեր, տներ կառուցել՝ առանց խաղահրապարակների, առանց մանկական խաղահրապարակների։ Ոչ մի ենթակառուցվածք չի կարող դիմանալ այսքան ծանրաբեռնվածության։ Երևանը պետք է ընդլայնել, կանաչ տարածքները պետք է շատ լինեն։ Էն բարեկամ, հարևան, իշխանական, գողական, բոլորը պետք է վերանան։ Երևանը պետք է լինի մայրաքաղաքին հարիր քաղաք։ Եթե 3 ճակատամարտում հրամանատար եմ եղել, ապա քաղաքական դաշտում նաև Երևանը կարգի կհրավիրենք, աղբից կմաքրենք, ճարտարապետական թամանյանական ոճը կվերականգնենք ։

-Պարո՛ն Սարգսյան, եթե ազատամարտիկները որոշել են զբաղվել Երեւանի խնդիրներով, ապա սահմանները ո՞վ է պահելու։

-Մենք անմիջապես կկոորդինացնենք։ Մենք ազգի զինվորներ ենք, մեզ համար ամեն ինչ սկսվում է սահմանից․ և՛ ռազմաճակատը պետք է պահենք, և՛ Երևանը կարգի բերենք, ոչ թե ամեն թափթփուկ գա, Երևանին տեր կանգնի, ովքեր ո՛չ ծառայություն են մատուցել հայրենիքն, ո՛չ ռազմաճակատին, ո՛չ տնտեսությանը, ո՛չ էլ իրավական ոլորտին։

-Կուսակցությո՞ւն եք ստեղծելու։

-Ո՛չ, հրամանատարներով ռազմական խորհուրդ ենք ստեղծելու, քանի որ մեր երկիրը խորհրդարական երկիր է, ընտրելու ենք որևէ կուսակցություն, ազնիվ կուսակցություն, ոչ թե նախկինների, կամակատարների, այլ մաքուր կուսակցություն, որը փնովված բան չունի, դրանով էլ կմասնակցենք։

-Օրինակ՝ ո՞ր կուսակցություններն եք դիտարկում։

- Չենք կարող ասել, մենք կասենք, որ կուսակցությունն է, օրենքով Արտարադատության նախարարությունում գրանցված կուսակցություն կլինի։ Մենք կհայտարարենք, կընտրենք կուսակցություն, որը համահունչ է մեզ իր տնտեսական, քաղաքական, ծրագերով, որ երկիրը սարքենք նորմալ երկիր։

-Կար ժամանակ, երբ ԲՀԿ-ին միանալու մասին լուրեր կային, ՀՀԿ-ի լավ կապեր ունեիք։

- Ես ոչ մեկի հետ էլ կապեր չունեմ, քանի որ եղել եմ ոստիկանության բարձրաստիճան աշխատող, օգնել եմ՝ հույս դնելով, հավատալով մարդկանց, որ կարող են երկիրը ճգնաժամից հանել։ ՀՀԿ-ն կլինի, ԲՀԿ-ն կլինի․․․ Օգնել եմ, աջակցել եմ, բայց կուսակցական չեմ եղել։ Օգնել եմ, աջակցել եմ, այո՛, բայց տեսել եմ, որ մարդիկ իրենց խաչը չեն կրում։ Գալիս են թալանելու, գալիս են երկիրը ավերելու, հարստանալու, ժողովրդին հարստահարելու․․․ Դրա համար էլ կուսակցական չեմ դառել ու չեմ էլ դառնալու, իմ խաչը պետք է կրեմ մինչև վերջ որպես ազգի զինվոր, որպես ազնվագույն տղա և որպես «Մարտական խաչի» ասպետ։

-Ինչպես եք գնահատում Ձեր շանսերը։

-Շատ բարձր, ինչի՞ համար, որովհետև իմ ելույթներում և իմ մատուցած ծառայություններում ոչ մեկին չեմ գովում, ոչ էլ կարողանում եմ փնովել։ Ես իմ ազգի մասին եմ մտածում, էս բոլոր ֆեյք հրամատարները, սրանք զրո են, սրանք ծառայություն չունեն մատուցած, գալիս են՝ փափախ փախցնելու։ Նրանք, ովքեր երկիրը կերան-ծախեցին, նրանք չեն կարող ընտրվել։ Մյուս թեկնածուներն էլ ծառայություն չունեն մատուցած ո՛չ երկրին, ո՛չ էլ պետությանը։

Ամենից շատ դիտված