Շատ է քննարկվում այն թեման, որ Երևանում տեղի են ունենալու քաղաքապետի և ավագանու արտահերթ ընտրություններ։ Անգամ քննարկվում էին թեկնածուների անուններ՝ Տիգրան Ավինյան, Լևոն Քոչարյան։ Սակայն իշխանությունն ունի վախ, որ այս անգամ բավարար ձայներ չի ունենա՝ քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Այդ դեպքում ի՞նչ կարող է անել ՔՊ-ն։
Oragir.news-ի տեղեկություններով՝ վախերը «փարատելու» համար իշխանության շնորհիվ վարչատարածքային բաժանման մասին օրենքում կկատարվեն փոփոխություններ՝ Երևանին տալով մարզի կարգավիճակ և նշանակելու մարզի ղեկավար, որին, ի դեպ, կմիանա նաև Արմավիրի մարզում գտնվող Փարաքար գյուղը։
Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ՝ հարցնելով, թե իշխանությունն արդյո՞ք ունի լիազորություն՝ մայրաքաղաքին մարզի կարգավիճակ տալու, քանի՞ ձայն է հարկավոր իրենց՝ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու համար, տեղի կունենա՞ արդյոք սահմանադրական հանրաքվե։ Հայրապետյանը պատասխանեց. «Բացառվում է, որ Երևանը մարզի կարգավիճակ ստանա։ Չի կարող, որովհետև մենք ունենք վարչատարածքային բաժանման մասին օրենք, դրանից բխող ՏԻՄ օրենք, որը կարգավորում է ամբողջ համայնքների գործունեությունը, և ունենք Երևան քաղաքում ՏԻՄ ընտրությունների մասին օրենքի նախագիծ։ Երևանը ոչ մի ձև չի կարող ստանալ մարզի կարգավիճակ, եթե, իհարկե, չբերեն վարչատարածքային բաժանման մասին օրենքում այնպիսի փոփոխություն կատարեն ու Երևան քաղաքում ՏԻՄ օրենքը ուժը կորցրած ճանաչեն։ Բայց դա չեն կարող հաշվի առնել, ու հաշվի առնելով, որ Փարաքարում էլ գրեթե բոլորը «նիկոլական» են, ինքը այդտեղի ձայների հաշվին ուղղակի Երևանի քաղաքապետի ընտրություններում ձայն կսատանա»։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Սահմանադրության մեջ կատարվեն այնպիսի փոփոխություններ, որով լինի հանրաքվե, և Երևանին տրվի մարզի կարգավիճակ, և քանի՞ ձայն է հարկավոր իշխանությանը դա անելու համար, նա պատասխանեց. «Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է այս իշխանության օրոք։ Ինչ ուզում են, դա էլ փոխում են։ Թագուհի Թովմասյանին ու Իշխան Զաքարյանին եկեք հաշվի առնենք, ովքեր անկախ պատգամավոր են։ Իրենք հիմա ունեն 72 ձայն, և Թագուհին ու Իշխանն էլ՝ 74, այդ պարագայում հնարավոր է, որովհետև ՔՊ-ն չուներ սահմանադրական մեծամասնություն, ու մեկ ձայն պակասում էր, իսկ Իշխան Զաքարյանը դա, բնականաբար, իրենց նվիրեց, ու արդյունքում նման փոփոխություն անելու հնարավորություն ունեն։ Բայց այն հոդվածը, որը կարգավորում է այդ ամենը, ԱԺ-ով փոփոխման ենթակա հոդված չէ։ Իրենք դա չեն կարող ԱԺ-ով փոփոխել, դա է խնդիրը։
Դա հանրաքվե ենթադրող բան է, այսինքն՝ հանրաքվեով փոփոխվող հոդված է, իրենք չեն կարող բերեն ու ԱԺ-ով դա փոփոխեն։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի երկրորդ հոդվածը վերաբերում է ՀՀ մարզերի վարչական կենտրոններին, հիմա այնտեղ, օրինակ, թվարկված է Արագածոտն, Արարատ, Արմավիր և այլն, և այլն։ Հիմա այդ երկրորդ հոդվածում պայմանական վարչատարածքային բաժանման սույն օրենքում փոփոխության նախագիծը ենթադրում է սույն հոդվածը լրացնել նոր մասով կամ խմբագրել հետևյալ խմբագրությամբ, ու մարզերի շարունակությամբ դնում են արդեն Երևանը նաև։ Բայց այստեղ փոփոխություն պետք է կատարեն օրենքում, որովհետև, երրրորդ հոդվածը նաև առանձին է տալիս մարզի տարածքներ և Երևան քաղաքի սահմաններ, այդ օրենքում փոփոխություն են կատարում, ու վերջ, Երևանը ստանում է մարզի կարգավիճակ։ Սահմանադրությունը՝ որպես այդպիսին, դրանով պայմանավորված փոփոխություն պետք է, չէ՞։
Իրենց ձեռքում է ամեն բան, ամենայն հավանականությամբ՝ հաշվի առնելով, որ հիմնական լիազոր մարմինն այս պարագայում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, օրենսդրական առաջարկություն կբերի կառավարություն, կոմիտեները կհաստատեն, կքննարկեն կառավարության նիստում, հավանություն կտան, այնուհետև կնախաձեռնեն ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի օրակարգով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ խորհրդի նիստ կհրավիրի, և մեկ օրվա ընթացքում իրենք բոլոր քվեարկությունները կանեն ու օրենքը կուղարկեն, իսկ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, կարծում եմ, օրենք ստանալու անմիջապես հաջորդ օրը կարող է այդ օրենքը ստորագրել, ու տասնօրյա ժամկետում օրենքը մտնի ուժի մեջ։
Ընդամենը եթե ունենան ցանկություն, 10-15 օրվա ընթացքում օրենքի փոփոխություն կկատարեն ու Երևանին կտան մարզի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է ձայներին, ապա իրենց պետք է 73 ձայն, և երկու անկախ պատգամավորները՝ Թագուհի Թովմասյանը և Իշխան Զաքարյանը, եթե չլինեին, ապա նրանք չէին ունենա սահմանադրական մեծամասնություն։ Եթե երկու անկախ պատգամավորները կողմ չքվեարկեն, չեն կարող, Թովմասյանն այս դեպքում հնարավոր է, որ չքվեարկի, բայց Իշխան Զաքարյանն ամբողջապես ՔՊ խմբակցության անդամ է, այստեղ միանշանակ նա ապահովում է դա։ Ամեն ինչ կախված է Իշխանից, իսկ Իշխանը կախված է Նիկոլից»։
Փաստորեն, ՔՊ-ն իր վախերը մեղմելու համար պատրաստ է դիմել ամենածայրահեղ քայլերի, քանի որ վստահ է, որ այս անգամ բավարար քանակով ձայն չի հավաքի՝ քաղաքապետի ընտրությունների համար։