Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է։ Պաշտոնական Երևանը նոր հանդիպման մասին տեղեկություններ չի հայտնել՝ նշելով, որ այն կներկայացվի հանրությանը, երբ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։
Ադրբեջանցի քաղաքագետ Սամիր Խումբատովն անդրադարձել է հանդիպման հետաձգման պատճառներին՝ նշելով, որ դեռևս Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստան կատարելիք այցի սկզբում էր հայտարարել, որ Մոսկվան ամեն ինչ կանի բանակցային գործընթացը հետաձգելու համար։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանի այցը Ռուսաստան, այնտեղ ընթացող բանակցությունները փաստում են, որ ռուսական կողմը լրջորեն անհանգստացած է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ և ամեն կերպ փորձում է հետաձգել գործընթացը։
Խումբատովը հիշեցրել է, որ օրեր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատմության մեջ առաջին անգամ են այդքան մոտ խաղաղությանը, հետևաբար ինչ-որ հարցում առաջընթաց կա։ Նա շեշտել է՝ Ռուսաստանը հասկանում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է, և Մոսկվան պարզապես փորձում է ձգձգել բանակցությունները՝ ճնշում գործադրելով Փաշինյանի վրա։
Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Իլյաս Հուսեյնովը նշել է, որ հայկական կողմից նման լուրերի տարածումը ակասում է բանակցային գործընթացին և դուրս է դիվանագիտական էթիկայից։ Նրա խոսքով՝ եթե հանդիպումը չկայանա, հիմնավոր պատճառ կարող է լինել այն հանգամանքը, հայկական կողմը պարբերաբար Հայաստանում և Արցախում խախտում է հրադադարի ռեժիմը։
Վերջինս պնդել է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն հաստատել, սակայն հայկական կողմը հետևողականորեն խախտում է հրադադարի ռեժիմը և ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա հերթական անգամ պնդել է նաև ադրբեջանական քարոզչության այն անհիմն թեզը, թե, իբր Ադրբեջանի տարածքում դեռևս կան հայկական զինված ուժերի ստորաբաժանումներ, Հայաստանը դեռևս միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին և այլն։
Միևնույն ժամանակ ադրբեջանական մի շարք քարոզչական հարթակներ վաշինգտոնյան ձևաչափով հանդիպման հետաձգումը պայմանավորում են այն հանգամանքով, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը կոչ էր արել բացել Լաչինի միջանցքը, ինչպես նաև չխոչընդոտել էլեկտրաէներգիայի մատակարարումներին չխոչընդոտելու վերաբերյալ: Սակայն սա պարզապես ոչ համոզիչ պատճառաբանություն է, քանի որ հանդիպումից հրաժարվելով և բանակցություններից հրաժարվելով Բաքուն փաստում է, որ իրականում խաղաղություն չի ցանկանում և ամեն կերպ գործընթացը տանում է փակուղի։
Հատկանշական է, որ Ադրբեջանը հրաժարվում է անգամ վաշինգտոնյան հարթակում բանակցությունների անցկացումից, որտեղ Արցախն ամբողջովին հանձնվում է Ադրբեջանին, որևէ խոսք չկա ապագա կարգավիճակի և որևէ ինքնավարության նշույլի մասին։ Նման մոտեցումը փաստում է բազմիցս հնչեցված այն տեսակետը, որ Արցախն ամբողջովին հանձնելով խաղաղություն չի հաստատվելու, Ադրբեջանի ախորժակը և պահանջները չեն փոքրանալու, ավելին դրանք ուղղվելու են Հայաստանի հանրապետության դեմ։
Այլ կերպ ասած մեղավոր են բոլորը, բացի Ադրբեջանից, և այդ երկրի իշխանությունները փորձում են ամեն կերպ լեգիտիմ հիմք ստեղծել բանակցություններից հրաժարվելու և Հայաստանի ու Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու համար։