copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:50 02-06-2023

Երբ մի յոնջլախցի Վաղոյի մեղադրեք, Վաղոն չի՞ ասելու՝ պլանը հավասար քաշում ենք, ի՞նչ խնդիր կա

«Ոստիկանության պետի տեղակալն ասում է, որ փորձաքննություն են արել ու պարզել՝ 10 թմրամոլ ոստիկան ունենք։ Իսկ ես ասում եմ, որ 10 չի, 11 է։ Կարող եմ գրազ գալ, որ 10 չեն։ Տվեք ինձ այդ լաբորատորիան և ես կապացուցեմ, որ նրանք 10 չեն, 13-ն են»։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան, նախկին դատախազ Ալեքսանդր Սիրունյանը։

«Իրենք իրար մեջ պարզել են, որ 10 թմրամոլ ոստիկան ունեն, այդ իրենք են պարզել։ Սա աբսուրդ է։ Ես կարծում եմ՝ 10 չէ, 11 է։ Թմրամոլ ոստիկանն ու թմրամոլ քննիչը աբսուրդ են։ Այսինքն՝ իրենք ինչ-որ յոնջլախցի Վաղոյի մեղադրում են, թե ինչու է Վաղոն պլան քաշում, բայց իրենք էլ են պլանքաշ, Վաղոն չի՞ ասելու նրանց՝ «Հավասար քաշում ենք, ի՞նչ խնդիր կա»։ Սա աբսուրդ է»։

Նա ընդգծեց, ոչ 1993 թ-ից մինչև 2009 աշխատել է դատախազությունում, 17 տարի եղել է դատախազ ու իր աշխատելու տարիներին նման բան երբեք չի եղել։

«Մենք հիմա ունենք արդարադատության խնդիր, ուզում ենք, որ մեր արդարադատությունը լինի տեսանելի, մատչելի ու արդար, բայց պարզվում է, որ ունենք նվազագույնը 10 ոստիկան, նվազագույնը 4 քննիչ պլանքաշ, էս դեպքում ի՞նչ արդարադատության մասին կարող ենք խոսել։ Սենց աբսուրդ չեմ տեսել։ Հիմա, եթե մեզնից մեկին նման կասկածանքով տանեն բաժին, մենք էլ կարո՞ղ ենք համոզված լինել, որ մեզ բաժին տանողը թմրամոլ չէ»։

Անդրադառնալով իրավապահ համակարգի բարեփոխումներին ու աշխատավարձերի բարձրացմանը՝ նա ընդգծեց, որ իրականում պետք է իրավապահ համակարգի աշխատակցի աշխատավարձը բարձր լինի, որ «աչքը դուրսը չլինի»։

«Իրավապահը պիտի նվազագույնը 2000 դոլար փող ստանա, որ զբաղվի իր աշխատանքով, գա տուն, կինը նյարդերին չազդի, որ փողը քիչ է, բայց մենք՝ քաղաքացիներս, հարց ունենք՝ արված բարեփոխումների արդյունքում ի՞նչ է փոխվել։ Բացի նրանից, որ պարեկները դարձել են կոռեկտ ու մեծ փորով «գաիշնիկներ» չկան, ուրի՞շ, ինչ է փոխվել, ինչի՞ ենք կենտրոնանում պարեկների վրա, եկեք կենտրոնանաք իրավական համակարգի վրա։ Ես նորից տալու եմ իմ հարցը, ինչպե՞ս է ստացվում, որ ձեր մոտ քննիչներն ու ոստիկանները նարկոտիկով են զբաղվում, բա ձեր բարեփոխումներն ո՞ւր են։ Նախկինում նման բան չկար, քննիչը, ոստիկանը ամեն տեսակ անկարգություն անում էր, դրա համար կար դատախազ, դա կանխում էր, իսկ հիմա պարզվում է, որ քննիչներն ու ոստիկաններն են նարկոտիկով զբաղված, դա նորմա՞լ է։ Եթե նորմալ է, եկեք մենք էլ նույնն անենք, ու մեր իրավապահները մեզ չեն դատելո՞ւ»։

Հարցին, թե սա պետական քաղաքականության հետևա՞նք է, նա պատասխանեց, որ ոչ, սա իրավական համակարգի անվերահսկողության հետևանք է։

«Չեն աշխատում քննչական մարմինների ղեկավարությունը և հատկապես դատախազությունը»։