Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:35 01-06-2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպան Քրիստինա Քվինին, շնորհավորել է նրան նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

«Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղություններով ունենք համագործակցության թե՛ լավ փորձ, թե՛ ավելի մեծ պոտենցիալ: Ուրախ կլինենք միասին աշխատել բոլոր ուղղություններով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, մասնավորապես, համատեղ իրականացված «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրը, որն ամփոփվում է այս օրերին:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ԱՄՆ-ի հետ քաղաքացիական կրթության ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով, որ այն մեր կրթության բարեփոխումների առանցքում է:

Մշակույթի ոլորտում Ժաննա Անդրեասյանը արժևորել է հատկապես ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված Հայաստանի մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը, որը նախարարի գնահատմամբ՝ առանցքային կետ է երկու երկրների հարաբերություններում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացված Մեղրիի Փոքր թաղի Սուրբ Հովհաննես (Սբ․Սարգիս) եկեղեցու վերակառուցման ու պահպանության ծրագիրը և նշել, որ այժմ աշխատանքներ են տարվում Սանահինի վանական համալիրի և Երերույքի տաճարի վերակառուցման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարը առաջարկել է մշակույթի ոլորտում դիտարկել նաև համատեղ փառատոնների ու ցուցադրությունների անցկացման հնարավորությունը՝ հաշվի առնելով երբեմնի լավ փորձը:
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ համագործակցության խորացման կարևորությունը. «Համատեղ իրականացվում են բազմաթիվ կրթական ու մշակութային ծրագրեր, որոնք իսկապես շատ կարևոր են: Այդուհանդերձ, համագործակցության ավելի լայն հեռանկարներ կան: Ուրախ կլինեմ շարունակել ձևավորված լավ ավանդույթներն ու համատեղ արդյունավետ աշխատանքը»:

Կողմերն անդրադարձել են կրթական փոխանակման համատեղ ծրագրերին, անգլերենի ուսուցման մի շարք նախագծերին՝ ուղղված ուսուցիչների և դասավանդողների վերապատրաստումներին, գյուղական համայնքներում անգլերենի ուսուցմանը նպաստող համատեղ ծրագրերին:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործունեության վերսկսումը, որը վերջին տարիներին ընդհատվել էր՝ կորոնավիրուսի համաճարակի իրավիճակով և պատերազմով պայմանավորված:

«Համագործակցության տարիների ընթացքում ԱՄՆ Խաղաղության կորպուսի հարյուրավոր կամավորներ են ծառայել՝ աջակցելով անգլերենի դասավանդմանը Հայաստանի տարբեր մարզերում»,- ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի առնչությամբ:

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»