Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 15:15 31-05-2023

Վարդապետյանը մասնակցել է Վրաստանի դատախազության 105-ամյակի միջոցառմանը


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, մայիսի 30-ին մասնակցել է Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն ու շնորհավորել վրաց գործընկերներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո՛ պարոն Շոթաձե, հարգելի՛ գործընկերներ,
Ինձ համար պատիվ է Վրաստանի դատախազության հիմնադրման 105-ամյա հոբելյանի միջոցառմանը ներկա լինելն ու այս հարթակից շնորհավորանքի խոսք ասելը:

Հարգելի՛ գործընկերներ,
Իմ և Հայաստանի Հանրապետության բոլոր դատախազների անունից շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական և մարդկային բարձր որակների շնորհիվ, հանցավորության դեմ անզիջում պայքարի և հանցագործությունից տուժած մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու առաքելությանը հավատարիմ՝ հաջողություններ կգրանցեք իրավունքի և օրինականության գերակայության ապահովման գործում:

Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում սա իմ առաջին այցն է Վրաստան: Մեր երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ու դատախազությունների միջև արդյունավետ համագործակցությունը հիմք ընդունելով՝ վստահ եմ, որ, չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը, մեր հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, իսկ համագործակցությունն ունենալու է նոր որակ:

Հարգելի՛ գործընկերներ,
Մեր պետությունների ղեկավարների բազմաթիվ հանդիպումներն ու քննարկվող հարցերի բազմաշերտությունը վկայում եմ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական և միջպետական հարաբերությունների հարուստ տարեգրության, մեր անձնական շփումների կարևորության, Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել այն հոգատարությունը, որ դրսևորում են վրաց ժողովուրդն ու պետական մարմինների ներկայացուցիչները՝ Վրաստան այցելություն կատարող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Այցելություններն ակտիվ են՝ պայմանավորված անձնային, գործարար և մշակութային կապերով, ինչպես նաև Վրաստանում մեծաթիվ հայ համայնքի առկայությամբ:

Մեր պետությունների գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը ևս արդյունավետ է և շարունակական:

Հայաստանի և Վրաստանի միջև քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունն իրականացվում է գործող երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի և որ անձամբ ինձ համար շատ կարևոր է՝ դատախազությունների բարեկամական հարաբերությունների ու բարի կամքի հիման վրա, առանց որոնց՝ համագործակցության արդյունավետությունն ապահովելն անհնար է:
Միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չունենք, քանի որ երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս բոլոր մարտահրավերները հաղթահարել գործընկերային ձևաչափով և օպերատիվ կարգով:

Այս կապակցությամբ հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր վրաց գործընկերներին՝ քրեական գործերով ցուցաբերվող ամենօրյա աջակցության համար:

Մեծարգո՛ պարոն Շոթաձե,
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատախազության կազմավորման 105-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին ու Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու հրավերս ընդունելու համար:

Կրկին շնորհավորելով հոբելյանի և մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական պատվաբեր ծառայության մեջ, ժամանակի մարտահրավերներին դիմակայելու ուժ և երջանկություն»:

Միջոցառման ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Ամենից շատ դիտված

19:37 Սոթքի հանքավայրում դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել
22:15 Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետը բացված-չբացված արդեն փորձում է ճնշել մրցակից սուպերմարկետների ցանցին
21:30 Ադրբեջանը կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստան. Freedom House 
21:14 Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի․ Սամվել Բաբայան․ Ազատություն
23:09 Նոր Խարբերդում որդին, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով, սպանել է մորը․ shamshyan.com
20:18 Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ․ 168․am
23:15 Գյումրիում բազմաթիվ քաղաքացիներ կարող են զրկվել իրենց տներից. Նարեկ Միրզոյան
12:10 «Մուննաթ մի եկեք», «ինձ անհանգիստ դեռ չեք տեսել»․ լարված իրավիճակ՝ քաղաքապետարանի դիմաց
20:24 Մեր տեսլականները մի շարք հարցերում տարբերվում են․ Էդմոն Մարուքյանը ազատման դիմում է գրել
11:54 Կոնդ թաղամասի բնակիչների բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց. ՈւՂԻՂ