copy image url
Խոսք Արտաքին Ներքին 9 ամիս առաջ - 18:00 29-05-2023

Ադրբեջանի պահանջների կատարման դեպքում Արցախում հայ չի մնա, իսկ ՀՀ-ն կդադարի գոյություն ունենալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հերթական անգամ այցելել էր Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Բերձոր քաղաք, որտեղ հերթական անգամ մի շարք հակահայկական հայտարարություններ է հնչեցրել։

Ալիևի հայտարարություններն այս անգամ աչքի ընկան այն հանգամանքով, որ վերջինս անդրադարձավ Արցախի Հանրապետության իշխանությունների նկատմամբ այսպես կոչված համաներում հայտարարելու հնարավորությանը։

Այս համատեքստում Ալիևը պահանջում էր, որ Արցախի նախագահը անձնատուր լինի, լուծարվի խորհրդարանը և կառավարությունը, ինչպես նաև պաշտոնանկ արվեն բոլոր պետական պաշտոնյաները։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարանը նկատեց, որ դրանում որևէ նոր բան չկա, Ադրբեջանը վաղուց էր նման պահանջներ ներկայացնում, պարզապես ձևակերպումներն են փոքր ինչ խստացել։

Նրա խոսքով՝ որքան բանակցություններն ավելի առաջ ընթանան, ինչպես Հայաստանի վարչապետն է ասում, Ադրբեջանի պահանջները պետք է ավելի կոշտանան։ Քաղաքագետն ընդգծում է, որ իրականում Ադրբեջանին ոչ թե խաղաղության համաձայնագիր է անհրաժեշտ, այլ բանակցային գործընթացի ձախողման մեղքը հայկական կողմի վրա բարդելու հնարավորություն։

«Այսինքն՝ Ադրբեջանը բանակցային գործընթացն օգտագործում է ոչ թե խաղաղության հասնելու, այլ հաջորդ ագրեսիան լեգիտիմացնելու համար։ Այս առումով Արցախի մասով Ադրբեջանի մտադրությունն ակնհայտ է՝ ամբողջովին հայաթափում և բանակցային գործընթացի ձախողման մեղքը հայկական կողմի վրա բարդելով Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի լեգիտիմացում, ինչպես ինքն է ասում՝ դեպի Նախիջևան ճանապարհի բացման նպատակով։ Կարծում եմ՝ սա է, և այստեղ զարմանալի, կամ տարօրինակ որևէ բան չկա»,- նշեց նա։

Հարցին, թե Արցախի իշխանությունները կկատարե՞ն Ալիևի այս պահանջը՝ հաշվի առնելով նրա նախորդ պահանջները կատարելու փորձը՝ Բաղադասարյանը վստահություն հայտնեց, որ չեն կատարի, որովհետև դա կնշանակի սպասարկել ադրբեջանական օրակարգը, իսկ ըստ այդ օրակարգի Արցախում ընդհանրապես հայ չպետք է ապրի, կամ եթե այնտեղ ինչ-որ հայեր մնան Ադրբեջանը նրանց ընկալելու է որպես հանցագործներ, ռազմական հանցագործներ, և ինքն է որոշելու համաներում իրականացնի՞, թե՞ ավելի մեղմ պատժի։

Քաղաքագետի համոզմամբ՝ երբ Ալիևն օգտագործում է համաներում բառը, ակնհայտ է, որ համաներում են հանցագործներին։ Նա ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ Ադրբեջանի նախագահի խոսքերը վերաբերում են Արցախի ամբողջ բնակչությանը, այլ ոչ թե միայն պետական պաշտոնյաներին և իշխանության ներկայացուցիչներին։

Ինչ վերաբերում է նրան, թե ստեղծված իրավիճակում Արցախի իշխանություններն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Արցախի իշխանությունները միայնակ ինչ-որ քայլեր չեն կարող կատարել, կարող են կատարել միայն Հայաստանի աջակցությամբ։ Նա ընդգծեց, որ Արցախը լավագույն դեպքում ունի երկու տարի ժամանակ, քանի որ երկու տարի հետո ամենայն հավանականությամբ ռուս խաղաղապահներն այնտեղից դուրս կգան։

«Արցախի իշխանություններն իհարկե չպետք է համակերպվեն, Ադրբեջանի հետ չերկխոսեն այդ օրակարգի շուրջ, այլ փորձեն Հայաստանի օգնությամբ այդ հարցերին, միջազգային հնչեղություն տալով, Ադրբեջանին բերեն կառուցողական երկխոսության դաշտ։ Կարծում եմ՝ սա է ճանապարհը, քանի որ Արցախի իշխանություններն այս գործիքակազմը չունեն և դա կարող են անել նաև Ռուսաստանի օգնությամբ՝ առավելևս, որ ռուսական կողմին, կարծես թե, մեծ հաշվով ձեռնտու է, որ իր շահերից ելնելով Արցախը մնա հայկական։

Օգտվելով դրանից պետք է փորձեն հնարավորինս երկար դիմադրեն՝ հաշվի առնելով նաև այն, որ Ադրբեջանը շտապում է, քանի դեռ Ռուսաստանը խրված է Ուկրաինայում»։

Հարցին, թե Ալիևի նման հայտարարությունը կարո՞ղ ենք ենթադրել, որ հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի կունենա մոտակա ժամանակներում, քաղաքագետը վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում և տեսանելի ապագայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, որը խաղաղություն կբերի։

Նրա համոզմամբ՝ եթե անգամ ինչ-որ փաստաթղթի նախաստորագրում լինի, ապա դա բերելու է ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի։

Բաղդասարյանը շեշտում է՝ Ադրբեջանի պահանջների անգամ մի մասի կատարման դեպքում Արցախում հայ չի մնա, իսկ Հայաստանը որպես պետություն կդադարի գոյություն ունենալ։ «Այսինքն՝ այնպիսի համաձայնագիր, որը տարածաշրջանում իսկապես խաղաղություն կբերի, ես նման համաձայնագրի ստորագրումն առհասարակ բացառում եմ։

Նորից եմ կրկնում՝ քանի որ Ադրբեջանի նպատակը բոլորովին դա չէ, նրանք բանակցային գործընթացը այլ նպատակներով են օգտագործում, և ես այնքան լավատես չեմ, որ մտածեմ՝ Ադրբեջանը կհրաժարվի իր ագրեսիվ մտադրություններից և իսկապես կձգտի խաղաղության»,- եզրափակեց քաղաքագետը։

Դավիթ Գույումջյան