Երևան +23°
copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 23:15 27-05-2023

Փորձ է արվում մարդու իրավունքների հաշվին դատարանի բեռը թեթևացնել

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում։

Քննարկվող նախագծով առաջարկվում է որոշ գործերով Վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի սահմանափակում։ Փաստաբան Արմինե Ֆանյանը Oragir.News-ի հետ զրույցում ընդգծեց, որ քրեաիրավական մասով շատ շոշափելի է տեղի ունեցած փոփոխությունը։

«Նախ վճռաբեկության կարգով հատուկ վերանայման, բողոքները քննարկելու սահմանափակում են ցանկանում նախատեսել, դա նշանակում է, որ մեր քրեական վարույթ իրականացնող մարմինների որոշումների բողոքարկման մասով, որով որ քաղաքացիները իրացնում էին իրենց իրավունքները, արդեն վճռաբեկության կարգով հատուկ վերանայման սահմանափակում է նախատեսվելու, այսինքն՝ անձիք իրենց իրավունքների պաշտպանության նկատառումներով չեն կարողանալու դիմել Վճռաբեկ դատարան, որովհետև Վճռաբեկ դատարանը այլևս չի քննարկելու այդ բողոքները»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ բացի վերոնշյալը, նախատեսվում է նաև ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների վերաբերյալ գործերով սահմանափակել Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը՝ եզրափակիչ դատավարական ակտերով։ «Մենք շատ մեծ պրակտիկա ունենք ինչպես ոչ մեծ ծանրության հանցագործությունների, այնպես էլ միջին ծանրության հանցագործությունների վերաբերյալ դեպքերով։ Վճռաբեկ դատարանը բազմաթիվ նախադեպային որոշումներ ունի՝ նույնը հենց խուլիգանությունը։

Խուլիգանության մասով Վճռաբեկը 4-5 նախադեպային որոշում ունի, 6 հանցակազմի մասով։ Ի դեպ խուլիգանության այդ նախադեպային որոշմամբ նախկինում սովորական ծեծ համարվող դեպքերը, որոնք որ արատավոր պրակտիկա էր ձևավորվել, հարուցում էին որպես խուլիգանություն, որպեսզի մասնավոր գանգատների շարքից հանեին և դառնար հանրային գործ, այդ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշմամբ էապես կրճատվեց խուլիգանություններով ընդհանրապես քրեական հետապնդումներ հարուցելը»,- ասաց փաստաբանը։

Ֆանյանը շեշտեց, որ թերագնահատել այդ նախադեպային դիրքորոշումների արժեքը չենք կարող, որովհետև իսկապես իրավունքը զարգացել է․ «Ըստ իս չի կարելի որևէ պարագայում իրավունքի զարգացումը պայմանավորել բացառապես հանցանքի ծանրությամբ, որովհետև հենց նույն միջին ծանրության հանցագործության վերաբերյալ դեպքով շատ հնարավոր է՝ այնպիսի իրավիճակ լինի, որ օրենքի միատեսակ կիրառության խնդիր լինի և Վճռաբեկը այստեղ ասելիք չունի»։

Խոսելով նախատեսված այլ գործիքներից՝ Ֆանյանը նշեց. «Նախատեսվել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կամ դատարանների նախագահները կարող են դիմել Վճռաբեկ դատարան, ամփոփելով դատական պրակտիկան, խնդրեն, որ այս կամ այն հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը խորհրդատվական բնույթի որոշակի եզրակացություն տա, որը ևս կապահովի օրենքի միատեսակ կիրառություն»։

Ֆանյանը նշեց, որ ինքը չի կարողանում պատկերացնել Սահմանադրությամբ նախատեսված խոչընդոտը ինչպես է հաղթահարվելու։ «Սահմանադրությամբ ուղիղ Վճռաբեկին դիմելու կարգ նախատեսված չէ, քանի որ Վճռաբեկը կարող է վերանայել միայն ստորադաս ատյանների դատական ակտերը։ Սրա իրացումը հնարավոր կարող է լինել բացառապես Սահմանդրության փոփոխությամբ, սրա հաղթահարելու մեխանիզմը բացառապես չեմ պատկերացնում»,- ասաց Ֆանյանը։

Մեր զրուցակիցը շեշտեց. «Ես ըստ էության անընդունելի եմ համարում ցանկացած դատարանի բեռի թոթափումը՝ մարդու իրավունքի հաշվին»,- ասաց Ֆանյանը և ավելացրեց, որ սրանով փորձում են հոսքը դեպի Վճռաբեկ դատարան կրճատել և ըստ էության կստացվի այնպես, որ մենք կունենանք երկաստիճան դատական համակարգ։

Ֆանյանը նշեց, որ շատ երկրներ կան, որ ունեն երկաստիճան դատական համակարգ, բայց իրենց վերին ատյանը չի համարվում ստուգիչ ատյան և իսկապես օրենքի կիրառության է ապահովում։

«Այդ երկրներում շատ ուժեղ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններ կան։ Շատ երկրներում Առաջին ատյանից վերև գործը չի էլ գնում, այսինքն՝ Առաջին ատյանի դատարանը այնպիսի արդարադատոություն է իրականացնում, որ անգամ Վերաքննիչը շատ բացառիկ դեպքերում է դատական ակտը բողոքարկվում»,- ասաց Ֆանյանը և ավելացրեց, որ մենք նշված իրավիճակից շատ հեռու ենք։

Ֆանյանը նկատեց, որ տեղին չի երկու ատյաններից ակնկալել պատշաճ արդարադատություն։ «Այս փոփոխությունից մարդու իրավունքը տուժելու է։ Թող հաստիքներ ավելացնեն, այլ լուծում մտածեն։ Մարդու իրավունքի հաշվին չի կարելի թոթափել դատարանի ծանրաբեռնվածությունը»,- եզրափակեց Ֆանյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի