50 միլիարդ դոլար կամ Սյունիքն ու Վայոց Ձորը․ էլ ինչ է պահանջում Ալիևը Հայաստանից
copy image url

50 միլիարդ դոլար կամ Սյունիքն ու Վայոց Ձորը․ էլ ինչ է պահանջում Ալիևը Հայաստանից

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 09:00 23-05-2023
Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայաստանի իշխանությունները ձգտում են ամեն գնով կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները և այս ճանապարհին անվերապահորեն կատարել հիշյալ երկրների կողմից ներկայացված բոլոր նախապայմանները։ Այս համատեքսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այդ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։

Սակայն Ադրբեջանի նախագահը Փաշինյանի խուսափողական հայտարարություններով չէր բավարարվում՝ վերջինից պահանջելով ուղիղ տեքստով հայտարարել, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ»։ Նիկոլ Փաշինյանն այսօր կատարեց նաև իր երբեմնի կառուցողական գործընկերոջ նաև այս պահանջը՝ հայտարարելով, որ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջան տարածքային ամբողջականությունը 86,6 քառակուսի կիլիոմետր տարածքում, որում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղը»։

Հատկանշական է, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանում ակտիվորեն սկսեց քննարկվել Հայաստանից փոխհատուցում պահանջելու հնարավորությունը։ Մասնավորապես ռազմական գործողությունների ավարտից օրեր անց Ադրբեջանի նախագահը սկսեց այցելել Արցախի օկուպացված շրջաններ, որտեղ պարբերաբար հայտարարում էր և մինչև այսօր էլ շարունակում է հայտարարել, թե իբր «Հայաստանը ոչնչացրել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում առկա շինությունները, ենթակառուցվածքները, պատմական հուշարձանները, մզկիթներն ու գերեզմանները, վնաս է պատճառել շրջակա միջավայրին, ապօրինի կերպով շահագործել է Ադրբեջանի հանքերը և այլն»։ Բացի այդ՝ Ալիևը մշտապես մեղադրում է Հայաստանին Գյանջայի նկատմամբ իրականացված հարձակման համար՝ նշելով, որ այն իրականացվել է բնակելի թաղամասի վրա և այն որակում է որպես ահաբեկչություն։

Նման հայտարարություններով ադրբեջանական կողմը փորձում է լեգիտիմ հիմք ստեղծել, որպեսզի միջազգային հարթակներում Հայաստանին կարողանա պատասխանատվության ենթարկել և գումարներ կորզել։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին նման փոխհատուցում պահանջելու իրավական հիմքեր է տվել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրման ժամանակ, երբ ստորագրել է այնպիսի հայտարարության տակ, որում ֆիքսված է եղել, որ «Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները»։ Նման ձևակերպմամբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փաստացի ընդունել է, որ Հայաստանը օկուպանտ պետություն է եղել և տարածքներ է օկուպացրել, իսկ այս փաստաթղթի ստորագրմամբ՝ վերադարձնում է դրանք։

Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունից հետո այդ երկրում աշխատանքային խմբեր ձևավորվեցին, որոնք ակտիվորեն սկսեցին աշխատել՝ «հայկական կողմի պատճառած վնասը հաշվարկելու համար»։ Ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրում է հատկապես Արցախի տարածքում գտնվող թանկարժեք մետաղների՝ մասնավորապես ոսկու և սնդիկի հանքավայրերը ապօրինի կերպով շահագործելու և շահույթ ստանալու համար, որի մասով նախատեսում էր առանձին վայույթ հարուցել։

Ադրբեջանում կատարված ուսումնասիրություններից հետո սկսեցին հայտարարել, որ «Հայաստանի պատճառած ընդհանուր վնասը կազմում է 50 միլիարդ դոլար»։ Հատկանշական է, որ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն այս տվյալը հրապարակելուց հետո հայտնում էին, որ Հայաստանը գտնվում է տնտեսական կոլապսի մեջ, և եթե միջազգային դատարանների կողմից նման որոշում կայացվի, ապա երկիրը չի կարող այդ գումարները վճարել։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվորեն շահարկում էր, որ պատմության մեջ կան օրինակներ, երբ պարտություն կրած երկիրը չի կարողանում ռազմատուգանք վճարել և փոխհատուցում է իր տարածքների հաշվին։ Հենց այս ֆոնին թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, հասարակական և քաղաքական գործիչները սկսեցին հայտարարել, որ Հայաստանը գումարի փոխարեն Ադրբեջանին կարող է տարածք հանձնել՝ մասնավորապես նկատի ունենալով Վայոց ձորի Սյունիքի ամբողջ մարզը, որն Ադրբեջանում անվանում են Արևմտյան Զանգեզուր։ Այս նպատակով մի շարք թուրք-ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների կողմից քարտեզներ հրապարակվեցին, որոնցում Սյունիքի տարածքը ներառված էր Ադրբեջանի կազմում։


/Հիշատակված քարտեզը/

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը, համաձայնելով Ադրբեջանի բոլոր պահանջների անվերապահ կատարմանը, օրերից մի օր կհամաձայնի նաև ռազմատուգանք վճարելու պահանջը կատարել, կամ իր քայլերի և կայացրած որոշումների հետևանքով Հայաստանը կհայտնվի այնպիսի իրավիճակում, որ անգամ Փաշինյանի իշխանությունից ազատվելուց հետո տասնամյակներ շարունակ չի կարողանա հաղթհարել վերջինիս առաջացրած հետևանքները։ Նիկոլ Փաշինյանը, որ նախկին իշխանություններին քննադատում էր պետական պարտքի ծավալը 6 միլիարդ դոլարի հասցնելու մեջ, ոչ միայն իր իշխանության օրոք այդ պարտքի ծավալը հասցրեց ավելի քան 10 միլիարդ դոլարի, այլ նաև կարող է վտանգել հետագա սերունդների բարօրությունը և կասկածի տակ դնել Հայաստան պետության հետագա գոյությունը։

Այսպիսով Նիկոլ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը Հայաստանի պետական շահերի համար բազմաթիվ մարտահրավերներ է պարունակում, և մեր երկրի բնակչությունը ստիպված է լինելու քաղել իր ղեկավարի անհեռատես քայլերի պտուղները ու խոշոր ռազմատուգանք վճարել, եթե Փաշինյանին հաջողվի հերթական անգամ մոլորեցնել բնակչությանը և մնալ իշխանության ղեկին։

Ամենից շատ դիտված

20:38 Դատապարտելի է, որ ազապ աղջկան բռնել են. Վարդան Ղուկասյանը` Լիլիթ Աղեկյանի մասին
18:41 Պայքարելու ենք մինչև վերջ․ չարենցավանցիները պահանջում են վերադարձնել անձնագրայինը
20:57 Արայիկ Հարությունյանը Բաքվի «դատական նիստին» ասել է, որ ցանկանում էր համաձայնության հասնել Ադրբեջանի հետ
13:52 Չէ՞ որ պետք է շեֆին գոհացնել․ ՔՊ-ականին վշտացրել է Վերջին զանգի ժամանակ Արցախին անդրադարձը
22:23 Մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք. Սամվել Բալասանյանի որդու պատասխանը
23:37 Հիմա էլ Թումանյանի «Դառնացած ժողովուրդ»-ն են համատեքստից կտրում ու իրենց տգետ, պարտվածի, խեղկատակի խոսույթով շուլալում
21:03 Շատերի մուրազը փորն է մնալու. Վարդան Ղուկասյանը` ՔՊ-ական ավագանուն
18:58 Շիրակի մարզի 7 գյուղական դպրոցներ չունեն շրջանավարտ
20:12 «Ինեկոբանկ»-ի քարտիցս տարել են 1,8 մլն դրամ, հետո իմ անունով ձևակերպել 6 մլն դրամի վարկ
22:50 Հյուսիսային պողոտայում սկսել են փողոցային առևտուր անել նաև առաջին չինացիները