Ներքին Տեսանյութ Խոսք 11 ամիս առաջ - 15:56 15-05-2023

5 կետից բաղկացած խնդիրները 100 օրում կկատարենք, եթե մեզ տան այդ հնարավորությունը․ Բաբայան

«Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ ԱՀ Նախագահից պահանջելով 2020թ․ համապետական ընտրությունների արդյունքներով հանրության վստահության քվեն ստացած խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին նշանակել ԱՀ պետական նախարարի պաշտոնում։

Ես ցանկանում եմ խոսել անմիջական, ուղիղ, բոլոր այն խնդիրների մասին, որոնք կան, որ բոլորիս մտահոգում է, և մենք պարտավոր ենք մեր երկիրը ազատ, անկախ տեսնել, ինչպես հռչակել ենք: Այս մասին Ստեփանակերտում հանրային հավաքում հայտարարեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը:

«Մի խումբ մարդիկ լավ չեն գիտակցում, մտածում են հավաքներ ենք անում, մրցակցություն է իշխանության համար: Որևէ մրցակցություն չկա, որևէ խնդիր չունենք, ունենք շատ լուրջ խնդիր, որ կարող ենք դառնալ փախստական, եթե շարունակենք կողքից դիտորդի դերում լինեն:

Երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86 600 քառակուսի կմ տարած ունի, որի մեջ ընդգրկված է Ղարաբաղը, և Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը: Դա իր իրավունքն է: Ես երկու տարի խոսում եմ, թե ինչ խնդիրներ ունենք, և ոնց պետք է լուծենք: Բոլորը ասում են՝ էս մեկը Նիկոլի մարդն է, էն մեկը եկել է չգիտեմ ում փրկի: Իշխանությունն ընդհանրապես որևէ արձագանք չունի այդ խնդիրներին: Հիմա փորձում ենք բոլորս փրկիչ ձևանալ: Կամ էլ ձևակերպել են հետևյալ կերպ՝ պայքարել մինչև վերջ: Ինչի համար, ինչ նպատակ ենք հետապնդում, այդ պայքարն ուր է տանում մեզ, ոչ ոք չի ասում:

Ինչի՞ համար ենք պայքարում. մեզ որևէ պայքար պետք չի, մենք պետք է ապրենք, արարենք, ստեղծենք, ստեղածագործենք եւ լինենք պաշտպանված: Սա է մեր ապագան»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը ձևակերպեց 5 կետերը, որոնք անհապաղ պետք է կատարվեն.

«Առաջինը մեր պաշտպանությունն է, քանի որ առանց պաշտպանության ոչինչ չենք կարող անել: Պաշտպանությունը պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակով, ոչ թե խմբերով, ջոկատներով:

Երկրորդը մեր դեմոգրաֆիան վերականգնելն է, որ տնտեսությունը զարգացնենք, ծնելիությանը զարկ տանք:

Երրորդը թոշակառուների խնդիրը լուծելն է, որ սոցիալական այս վիճակից դուրս բերենք, երկիրը պետք է լինի զարգացող, տնտեսությունը գործի, հակառակ դեպքում այստեղ չենք կարողանալու ապրել: Եթե մենք չենք կարողանում այդ հարցերը լուծել, մենք կորցնելու ենք Արցախը:

Այն խնդիրները, որ ես ձևակերպել եմ 5 կետից բաղկացած, 100 օրում պետք է կատարենք, եթե մեզ տան այդ հնարավորությունը: Հակառակ դեպքում կստացվի, որ մենք բոլորի նման սուտասան ենք: Ես վստահ եմ, որ կատարելու ենք»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:

Բաբայանն ասաց՝ առաջին հերթին խնդրում է, որ պատասխան ստանան․ «չէ»-ն էլ է պատասխան, «հա»-ն էլ է պատասխան:

«Պատասխան տվեք, որ հասկանանք, որ էս անձրևին մարդկանց չկանգնեցնենք, ասեք՝ չէ, ոչ մի բան չենք ընդունում, մենք էլ գնանք նոր ճանապարհով:

Բոլորն էլ իշխանության մեջ եղել են, 23 տարում երկիրը բերել են էս վիճակին, ես կոնկրետ չեմ եղել: Երեք տարի է, մենք երկու քաղաքական ուժով մտել ենք խորհրդարան, աշխատում ենք: Մենք ձեզնից խնդրում ենք, երկու տարի էլ մենք կառավարենք, 100 օր, եթե վատ կառավարենք, մի հրամանով ազատում ենք, եթե լավ ենք կառավարում, ապա կառավրում ենք: Դրա համար ես ուզում եմ, որ հստակ պատասխան լինի: Ասեք՝ ոչ, չի լինում, մենք արդեն մեր քայլերը հասկանանք»,- ասաց Սամվել Բաբայանը:

Նշենք, որ նույն հավաքին քիչ առաջ ելույթ ունեցավ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հայտարարեց, որ այս պահից սկսում են քաղաքական կոնսուլտացիաներ, ինչպես նաև ասաց, որ ԱՀ նախագահին կփոխանցի Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված