Երևան +16°
-
Խոսք 2 տարի առաջ - 19:36 21-09-2021

Տնտեսական խնդիրները հիմնարար չեն լուծվի, եթե չլուծվեն անվտանգության խնդիրները

Oragir.news-ը զրուցել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանի հետ ՝ վերջին տարիներին ՀՀ տնտեսության , ամեն տարի տնտեսապես առաջ գնալու մոտիվացիա գտնելու, տեխնոլոգիաների առկայության , ռազմարդյունաբերության և պատերազմի հետևանքները տնտեսության վրա անդրադառնալու թեմաների վերաբերյալ։

Վերջին պատերազմից հետո մենք բոլորովին այլ իրականությունում ենք ապրում, տարածաշրջանում աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխություններ են եղել։ Կյանքը բազմիցս ապացուցել է, որ այս տարածաշրջանը առանձնահատուկ է՝ դաժանության առումով։ Այս տարածաշրջանը (ոչ միայն, բայց հիմա սա է մեր խնդրո առարկան) վառ, առանց այլեւայլության ցույց է տվել, որ թույլերին տրորում են, իսկ հաղթողին չեն դատում, եթե նույնիսկ այդ հաղթողը խախտել է նույն «առաջադեմ» կոչված աշխարհի բոլոր նորմերը՝ մարդու իրավունքներից սկսած մինչեւ արգելված զինատեսակների գործածում եւ այլն։ Այս տարածաշրջանում ամեն օր հաստատվում է աշխարհի «արդարության» սկզբունքը։ Հիմա որոշողը մենք ենք՝ հաշտվում ենք ու մնում թույլ՝ իբրեւ թյուրքական տարրի ոտքի կոխան, թե՞ սթափվում ենք ու գնում հաղթության ճանապարհով։ Բայց հաղթելու համար մեզ պետք է շատ արագ ոտքի կանգնել։ Տնտեսության այս վիճակով հազիվ թե կարող ենք։ Մեզ վերակառուցվել է պետք, շատ բան վերանայել՝ մեր հաղթելու նպատակը ռելսերին դնելու համար։ Սեպտեմբերի 21-ը յուրօրինակ հաշվետվության օր դարձնենք։ Քանի որ մեզ հիմա պետք է ճիշտ հաշվարկված տնտեսաքաղաքականություն՝ արագ ու որակյալ ոտքի կանգնելու համար (դանդաղ կայունի ժամանակը չունենք։ Տնտեսական խնդիրները հիմնարար չեն լուծվի, եթե չլուծվեն անվտանգության խնդիրները «Վերջերս Արցախում մի գիտաժողովի էի մասնակցում, այնտեղ հանդես եկա «ՀՀ տնտեսության դիմագծի բարեփոխումները եւ մարտահրավերները» զեկույցով։ Նույն ձեր հարցի՝ 30 տարվա մասով է. եթե հակիրճ, ապա անկախությունից ի վեր վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում եւ՛ մեր տնտեսությունը, եւ՛ հասարակությունը հայտնվել են անցանկալի իրավիճակում, եթե, իհարկե, ավելի խիստ որակումներ չտամ։ Այսօր դեռեւս ունենք չհաղթահարված ճգնաժամեր, որոնցից պետք է կարողանանք դուրս բերել մեր տնտեսությունը նոր ուղեծիր։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մեր տնտեսական քաղաքականությունը վայրիվերումներով է եղել, եւ չի իրականացվել կրթական ու գիտարտադրական միասնական համակարգի առաջանցիկ զարգացում։ Չի արվել մարդկային կապիտալի եւ մեր ռեսուրսների (հող, ջուր եւն) ու այլ բաղադրիչների օպտիմալ ռեսուրսօգտագործում։ Տնտեսական ամենատարբեր՝ աճին միտված ծրագրերն ամրագրված չեն եղել մեր պոտենցիալ հնարավորությունների բացահայտման, այնուհետեւ այդ հնարավորությունների գործադրման բավարար պայմաններով։ Մի խոսքով՝ ներկայումս ձեւավորվել է մի տնտեսություն, որը լուրջ կառուցվածքային եւ տեխնոլոգիական փոփոխությունների անհրաժեշտություն ունի. «Օրինակ՝ մենք պետք է էապես լրջագույն ուշադրություն դարձնենք գյուղատնտեսության ոլորտին եւ երբ խոսում ենք նոր տեխնոլոգիաների մասին, դա պետք է վերաբերի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ գյուղատնտեսությանը։ Մենք պետք է կարողանանք այս ոլորտում հիմնովին լուծել պարենային անվտանգության, ջրոռոգման անհրաժեշտ ենթակառուցվածքների, գյուղկոոպերացիայի, խորհրդատվության, ապահովագրության խնդիրները։ Այսօր պետք է կարողանանք նոր հնարավորություններ գտնել»։ Այսպիսով կարեւորագույն մի հանգամանք շեշտադրեց. «Տնտեսությունն ինքնին առանձին չի զարգանում։ Մենք պետք է կարողանանք լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են երկրի անվտանգությունն ապահովող պետական կառավարման համակարգի անխափան ու արդյունավետ աշխատանքը, տեխնոլոգիական բարեփոխումների հիմամբ տնտեսական քաղաքականության բարելավումը եւ այս հենքի վրա ռեսուրսների լավագույնս օգտագործման չափանիշների ներդրումը։ Եվ, վերջապես, այս ամենին հավելենք դատաիրավական համակարգի գործունեության շեշտակի՝ իրապես բարեփոխումը, քաղաքական իշխանություն-բիզնես տարանջատումը, պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունը։ Ընդհանրապես մենք ինստիտուտների դիսֆունկցիա ունենք, խաթարում, ու սա հիմնախնդիր է, որ անպայման պետք է շտկվի։ Տնտեսական խնդիրները հիմնարար չեն լուծվի, եթե չհաղթահարվեն անվտանգության, քաղաքական, բարոյահոգեբանական, դիվանագիտական եւ այլ խնդիրներ»։ Եվ, իբրեւ հակիրճ ամփոփում կարեւորեց. մեր երկրին անհրաժեշտ է սահմանադրականության բարձրացում, որ ոլորտին էլ ուզում է խոսքը վերաբերի. «Նախորդ 30 տարում մեր տնտեսությունում ամենաբացթողնված ոլորտը եղել է գիտակրթական համակարգը։ Բացասական հետեւանքները տեսնում ենք։ Մինչդեռ մեր երկրի իմիջը, այդ թվում անվտանգության խնդիրները պետք է պայմանավորված լինեն նախ եւ առաջ հենց այս հատվածի զարգացմամբ»։ Մենք 10 միլիոն ենք, եւ մեր Հավատքը Մայր Հայրենիքն է՝ անկախությունը եւ դրա հռչակումը պետության համար կարող են դառնալ իրական ու լիարժեք ազգային տոն, եթե ակնառու տեսանելի են ոչ միայն նրա դասական այցեքարտ խորրհդանիշները (դրոշ, գերբ, օրհներգ), այլեւ տվյալ պետությունը ներկայացնող մշակութային, սոցիալ-տնտեսական, կրթական, իրավաքաղաքական, տեխնոլոգիական միջավայրերի արդյունավետ կենսագործունեությունը՝ ի նպաստ պետականության զարգացման եւ ամրապնդման։ Այդ առումով Անկախության օրը նաեւ տվյալ պետության յուրաքանչուր քաղաքացու համար (անկախ պետականաշինության պատվաբեր գործում նրա գրաված դիրքից ու ներազդեցության չափից) իր արած ու չարածի յուրօրինակ հաշվետվության օրն է, մտքում եւ բարձրաձայն ու նաեւ առիթը՝ խորհելու իր պետության անցած ուղու, հաջողությունների, փորձությունների, ձեռքբերումների ու նաեւ մարտահրավերների մասին։ Այն, իհարկե, նաեւ հնարավորություն է ներկայացնելու մեր պատկերացումները վաղվա օրվա մասին։ «Այս առումով, պետք է ցավով փաստենք, որ 30-ամյա անկախության սերնդի ուսերին է բարդվել այս երեք տասնամյակի չարվածի, չիրականացվածի ու ձեռքից բաց թողնվածի համախումբը, եւ այս համախմբում ներառված խնդիրների լուծման ուղիների նախանշման ու իրագործելի ճանապարհների ներկայացումը պետք է լինի մեր առաջնային գործողությունը։ Յուրաքանչյուրինս իր ոլորտում, իր հարթակում, դրսում, տանն ու ամենուրեք»,- նշեց հետազոտողը։

Ըստ նրա՝ արհավիրք-պատերազմը ոչ միայն վեր հանեց մեր բացթողումները, այլեւ, որքան էլ տարօրինակ է, ցույց տվեց այն նշաձողը, առանց որին հասնելու Մեր Անկախության մասին ձոներգելը կդառնա պարապ մի բան։ Պատերազմն իր դաժան իրողությամբ խմբագրեց մեր հետագա գործողությունների սցենարը, եւ այժմ մենք օբյեկտիվորեն ստիպված ենք դրան հաղորդել բոլորովին այլ արագություն. «Ճանապարհը նման դեպքերում մեկն է՝ գտնել ոտքի կանգնելու ամենակարճ, ամենաարդյունավետ եւ ամենաարագ տարբերակը, քանզի դանդաղ ու բնականոն զարգացման բոլոր սցենարները կիրառելի չեն այլեւս։ Որքան էլ կրկնվելիք է, սակայն այս ամենի հիմքում ոտքի կանգնելու միասնական կամքը պետք է լինի դրված, հավաքական ու մեկ նպատակի միտված մեր Ոգին։ Մեխանիզմները, այլոց պատմության դասերը մեր օգնականն են, սակայն, ի վերջո, մեր խնդիրը մեր լուծելիքն է»։ Իսկ ո՞րն է մեր լուծելիքը: «Ամբողջապես նոր հայացք դեպի գյուղ ու սահմանամերձ շրջաններ։ Մասնավորապես՝ պետական այլ ինստիտուտների (ոստիկանություն, քրեակատարողական հիմնարկներ, պետական գերատեսչություններ եւն) կայացման վրա ծախսվող գումարների մեծ մասնաբաժինը պետք է այս պահին վերաբաշխվի դեպի գյուղական շրջանների հոգեբանական ու ֆիզիկական ամրացում՝ նպատակային ֆինանսավորման տեսքով։ Երիտասարդ ընտանիքների ստեղծմանը նպաստող պետական անմիջական օժանդակություն գյուղում (բնակարանաշինություն, սոցիալական ձեռներեցություն, վերապատրաստումներ)։ Բարձր տեխնոլոգիաներով արտադրությունների կազմակերպման ժամանակ ակտիվ վարել արտոնագրերի ձեռք բերման քաղաքականություն՝ «ստեղծել, բայց նաեւ օգտագործել ուրիշի ստեղծածի պտուղները» սկզբունքով։ Արագ կյանքի կոչել «Հյուսիս-հարավ» կենսական ճանապարհի կարեւորագույն հատվածների շինարարությունը՝ թունելների ու կամուրջների շինարարության ժամանակ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների ողջ զինանոցը։ Սահմանել հարկային արտոնությունների ճկուն համակարգ, օրենսդրորեն ու արդյունավետ աջակցել ՓՄՁ-ներին՝ իրենց գործունեությունը մայր հայրենիքում շարունակելու համար։ Նպաստել ցանկացած երկխոսության երկրի ներսում եւ քայլել դրսում մեր շահերի համընկնումով՝ երկրների բանակն էապես ավելացնելու բարդ, բայց իրագործելի ճանապարհով»,- ընդգծեց նա: Տնտեսագետը համոզված է՝ «Աներկբա պետք է ընդունենք, որ առանց թվարկյալ գործողությունների արագ իրականացման անխուսափելի է դառնալու Հայ մարդու հեռացումը նախ իր ակունքից, ապաեւ՝ հայրենիքից։ Առանց ավելորդ պաթետիկայի արձանագրենք. մենք 10 միլիոն ենք, եւ մեր Հավատքը Մայր Հայրենիքն է։ Անգամ իսկ մեր աշխարհագրական շրջապատն է պարտադրում մեզ գործել համախմբված ու միասնական ճակատով։ Այլ ելք ուղղակի չկա։ Հետեւապես, մենք «դատապարտված ենք» հաջողության»: Վերջում եզրափակեց կարեւորագույն շեշտադրումով. «Ռազմարդյունաբերությունը պետք է դառնա մեր տնտեսության առաջատար ոլորտներից մեկը։ Ես վստահ եմ, որ ունենք դրա ներուժը, պարզապես անհրաժեշտ է հետեւողական քաղաքականություն այս ոլորտում։ Այդ կերպ կարող են լուծվել ինչպես մեր երկրի անվտանգության խնդիրները, այնպես էլ կապահովվեն տնտեսության դիվերսիֆիկացումն ու առաջանցիկ զարգացումը»։

Ձեզ գուցե հետաքրքրի