Այսօր ժամը 06։00ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային զենքերից ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ` հարվածներ հասցնելով ՀՀ ինքնիշխան տարածքին։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է ՀՀ բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո: Մեր կողմից կան 4 վիրավորներ, որոնց շուտափույթ առողջություն եմ մաղթում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով` ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են և այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում և խաթարելու կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով բանակցությունները։
«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի ու պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաները օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»,- նշեց նա։ Ադրբեջանի ՊՆ երեկվա հաղորդագրությունները, մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են. նման տեղեկատվությունը, ըստ վարչապետի, հորինվում է իրադրությունը սրելու համար։
«Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու ու կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով։ Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով լուրը հորինել է իրադրությունը սրելու համար, իսկ իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գորընթացը զրոյացնելն է ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը», - նշեց նա։
Փաշինյանը նշեց, որ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։ «Ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի, որ, կռահում եմ՝ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել։ Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի. ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև Խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի ու դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել», - ասաց նա։ Փաշինյանը, սակայն, ասաց, թե խնդիր կա հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը ու այն պատրաստել ստորագրման։