copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 19:00 01-05-2023

Հայաստանի ընդդիմությունը և հայկական սփյուռքը խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Բրայզա

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեյթու Բրայզան հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հաստատման ճանապարհին վստահության ամրապնդման միջոցներից մեկը կարող է լինել ականազերծման հարցում կողմերի համագործակցությունը։ Այս մասին Բրայզան ասել է ադրբեջանական Ազերթաջ լրատվական գործակալության հետ զրույցում՝ մեկնաբանելով Արցախի օկուպացված տարածքներում առկա ականների պայթյունների վերջին դեպքը, որի հետևանքով երեք ադրբեջացի էր մահացել։

Բրայզան ականի պայթյունի հետևանքով երեք մարդու մահը ողբերգություն է անվանել և ցավակցություն հայտնել այս կապակցությամբ։

Նա ընդգծել է, որ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին փոխանցմել ականապատված տարածքների քարտեզները, եթե դրանք գոյություն ունեն։ «Ես հստակ չեմ կարող ասել՝ Հայաստանն ունի՞ Ղարաբաղում տեղադրված ականների քարտեզներ, քանի որ շատ հաճախ ռազմական գործողությունների ժամանակ, ինչպես 2020 թվականի աշնանը տեսանք, զորքերը ականներ են տեղադրում անորոշ վայրերում։ Բայց եթե այդպիսի քարտեր կան, ապա Հայաստանը միջազգային իրավունքի համաձայն՝ պարտավոր է դրանք փոխանցել Ադրբեջանին»,- ասել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ նկատել է, որ առկա քարտեզները կարող են ճշգրիտ չլինել։ Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ Հայաստանն ամեն ինչ անի ականները հայտնաբերելու և վնասազերծելու համար։

«Սակայն Հայաստանը չի կատարում միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, և դա սարսափելի է։ Սա միայն պատճառներից մեկն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքեն և դրանով ընդմիշտ լուծեն Ղարաբաղի հարցը։ Այս համաձայնագրի ճանապարհին վստահության ամրապնդման միջոցներից մեկը կարող է լինել՝ ականազերծման ոլորտում համագործակցությունը»,- ասել է նա։

Վերջինս շեշտել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրման հիմնական խնդիրը Հայաստանի ընդդիմության և հայկական սփյուռքի հակազդեցությունն է։ Նրա համոզմամբ՝ եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվի կոտրել այս ուժերի դիմադրությունը, ապա Հայաստանը շատ բան կշահի։

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը կարծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հայությանը կապահովի ոչ միայն խաղաղություն, այլև տնտեսական աճ, աշխատանք, հարստություն, անվտանգություն և բարեկեցիկ կյանք: Նա ուադրություն է հրավիրել այն բանին, որ ԱՄՆ-ն կարևոր խնդիր ունի նպաստելու այդ գործընթացին։

«Ես շատ ուրախ եմ, որ պետքարտուղար Բլինքենը լրջորեն զբաղվում է այս հարցով։ Եվ ես հավատում եմ, որ Վաշինգտոնի միջնորդությամբ հնարավոր է առաջընթաց։ Մոսկվան այլևս չի կարող նման դեր խաղալ, քանի որ զբաղված է Ուկրաինան քանդելով, իսկ Ֆրանսիան ընտրել է Հայաստանի կողմը։ Հուսով եմ, որ Վաշինգտոնը ողջ տարվա ընթացքում կշարունակի ակտիվ մնալ և իրական հետաքրքրություն կցուցաբերի խաղաղության պայմանագրի նկատմամբ»,- եզրափակել է նա: