Ով է ահաբեկում մեզ. պայթեցնելու ահազանգ, որ չպայթեցրեց համացանցը
copy image url

Ով է ահաբեկում մեզ. պայթեցնելու ահազանգ, որ չպայթեցրեց համացանցը

Ներքին 2 տարի առաջ - 12:39 26-04-2023
Համահայկական ողբերգությունների ֆոնին տեղային մաշտաբով հնարավոր ողբերգությունները հաճախ աննկատ են մնում։ Երեկ առավոտյան 11․00-ին տեղեկություն տարածվեց, որ Երեւանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման ահազանգեր են ստացվել էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, կես ժամ անց հայտարարեցին, որ ահազանգը կեղծ է։

Այս տեղեկությունը շարքային մի տեղեկության պես անցավ-գնաց։ Իսկ սա նշանակում է, որ մենք այնքան անլուրջ, մատների արանքով ենք վերաբերում մեր կյանքին, ինքնապահպանման բնազդը հասել է զրոյականի։ Ամեն դեպքում՝ մտածող մարդկանց մոտ մի շարք հարցեր բաց են մնում։ Նախ՝ ինչ է նշանակում Երեւանի գրեթե բոլոր դպրոցներում, միթե կարելի է այսպիսի տեղեկություն հաղորդել, երբ ամեն ընտանիք դպրոցահասակ երեխա ունի, կոնկրետ թիվ, տվյալ չկա՞։

Երկրորդ՝ ինչպես կարողացան իրավապահները կես ժամվա մեջ ստուգել այդ «գրեթե» բոլոր դպրոցները։ Երրորդ՝ արդյոք քննարկվե՞լ է վարկածը, որ ահաբեկիչը հնարավոր է նախազգուշացնող հաղորդագրություն ուղարկել է մնացած դպրոցներին, իսկ իրականում կպայթեցնի այն դպրոցը, որին չի զգուշացրել։ Տրամաբանական չէ՞ այս վարկածը, եթե նպատակը ահաբեկչությունն է, ինչու պետք է դրանից առաջ զգուշացնեն։

Չորրորդ՝ արդյոք իրավապահները քննարկում են այս ահազանգը եւ փորձում գտնել դրա հեղինակին, քանի որ սա կոնկրետ խմբավորման գործ է։ Չէր կարող անհավասարակշիտ մի պատանի կամ մեծահասակ ինքն իր ուժերով հավաքագրեր Երեւանի դպրոցների էլեկտրոնային հասցեները, դրանց հաղորդագրություններ ուղարկել․․․այսինքն՝ հիմնավոր չե՞ն այն կասկածները, որ կազմակերպված հանցավոր խումբ է գործել․․․։

Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում, թե այս ամենի ետեւում կանգնած է մի երեխա, ոով «Կապույտ կետ» համայնքի ներկայացուցիչ է, երեխան ծնողի հետ վիճել է եւ խոստացել պայթեցնել բոլոր դպրոցները, այստեղ օգնության են հասել նրա սեկտի ներկայացուցիչները՝ նման լուրեր եւ խուճապ տարածելով։ Բայց ոչ մեկս ապահովագրված չենք, որ հաջորդ անգամ այդ լուրերը կարող են իրականություն դառնալ՝ անգամ առանց ահազանգերի։

Հետեւաբար՝ ամեն ահազանգ, հանրային անվտանգությունից, բարոյականությունից, կանոններից ամեն շեղում պետք է լուրջ քննության առարկա դառնա իրավապահ մարմինների համար։ Որեւէ վստահություն չկա, որ թուրք-ադրբեջանական ահաբեկիչներ չկան երկրում եւ վաղուց արդեն Հայաստանը անվտանգ չէ։