Երևան +16°
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:22 23-04-2023

Թուրքիայի ծրագրում ոչինչ չի փոխվել, և դա արվում է հենց այս շենքում նստած դավաճան Փաշինյանի ձեռքով

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ Ջահերով երթի ժամանակ․

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, պահանջատեր ու զինակից հայություն, այսօր այստեղ ենք հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար։

Շուրջ 25 տարի է,ապրիլի 23-ին, ՀՅ Դաշնակցության երիդասարդական և ուսանողական միությունները կազմակերպում են պայքարի խորհրդանիշ ջահերով երթ: Կային տարիներ, որ սա միայն երիտասարդների երթ էր, որինա միանում էին մեր հազարավոր հայրենակիցներ։ Այժմ այն վերաիմաստավորվել է և դարձել համազգային պայքարի և միասնականության երթի:

Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին տարիներին Ջահերով երթին մասնակցում ենք ոչ սովորական հույզերով ու ապրումներով. 2020 թ. պատերազմը, Արցախի մեծագույն մասի հանձնումը թշնամուն, մեր հազարավոր հայորդիների նահատակությունն և երկրի առջև կանգնած ներկա մարտահրավերները, արմատապես փոխել են իրավիճակը:

Հայոց Ցեղասպանությունից 108 տարի անց, ՀՀ իշխանությունը կատարելով թուրք-ադրբեջանական նախապայմանները ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ իրավունքների պաշտպանության սահմանադրական իր հանձնառությունից, հրաժարվում են Արցախից ու Հայրենիքի դարպասները բացելով թշնամու առաջ , խաղաղության անվան տակ , ժողովրդին տանում նոր ցեղասպանության:

Բայց արդյո՞ք մեր հազարամյակների պատմության մեջ բազմաթիվ պարտություններ ու վայրիվերումներ տեսած ազգը կարող էր այսպիսի մղձավանջի մեջ հայտնվել, արդյո՞ք ծանր պարտություններից, Ցեղասպանության մոխիրներից հառնած ու ընդամենը 3 տարի անց փառավոր հաղթանակներ կերտած, պետականություն վերականգնած ազգը կարող էր այսքան ընկճվել և հուսահատվել, թեկուզ ծանր, թեկուզ ամոթալի, թեկուզ պարտադրված, թեկուզ կազմակերպված ու ստորացուցիչ պարտությունից:

Պատասխանն է՝ ո՛չ: Ո՛չ, որովհետև անգամ ամենածանր պահերին մեզ հաջողվել է պահպանել մեր երազանքը։ Արաքս գետն անցող հայ գաղթականները պահպանել են թագավորություն ունենալու երազանքը, տունը այրված, երեխաներին կորցրած հայ մայրը իր հետ ամեն գնով փրկել է հայկական մատյանները, երազելով, որ մի օր դրանք նորից հայ սերունդներ կկրթեն, աշխարհի տարբեր անկյուններում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը պահպանել են իրենց լեզուն ու կրոնը, ինքնությունն ու մշակույթը, երազելով հայրենիք վերադարձի մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։