Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 12:59 18-02-2024

Փորձում են մեր պատմությունը և մեր ինքնությունը փոխել, ոչնչացնել հենց հայի ձեռքով. ուսուցիչ

Լիլիթ Մկրտչյանը աշխատում է Շիրակի մարզի սահմանամերձ Մեղրաշատ գյուղի դպրոցում, Հայոց պատմություն է դասավանդում։ Պատմության ուսուցիչը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ գործող իշխանությունների քայլերը միտված են կրթության կազմաքանդմանը։

«Յուրաքանչյուր քայլից երևում է, որ տեղի է ունենում կրթական համակարգի կազմաքանդում։ Թե՛ սահմանամերձ գյուղերի դպրոցների փակումը, թե՛ գյուղատնտեսական քոլեջի փակումը միանշանակ նշանակում է կազմալուծել առաջին հերթին կրթական համակարգը, ինչպես նաև տնտեսության բաղկացուցիչներից մեկը՝ գյուղատնտեսությունը»,-ասում է ուսուցիչը։

Լիլիթ Մխիթարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ակադեմիական քաղաք կառուցելու ցանկությանը, ասում է, որ հերթական անմիտ որոշումներից է, որովհետև եթե այդքան ֆինանսական միջոցներ կան, ապա թող դրանք ուղղվեն կրթական համակարգի բացերին։

«Ինչ ակադեմիական քաղաքի մասին է խոսքը, եթե կա ֆինանս, ապա դրանք պետք է ուղղվեն ռազմավարական նշանակություն ունեցող երկու կառույցներին՝ բանակ և կրթություն։ Կրթական ոլորտում այնքան բացեր կան, որ պետք է ուղղորդվեն դեպի դրանք։ Ակադեմիական քաղաք սարքելու փոխարեն, թող էդ գումարները այդտեղ տրամադրվեն և ավելի լավ ու նկատելի արդյունք կունենան։Այսօր մարտահրավերներին դիմակայելու երկու տարբերակ կա`բանակ և կրթություն։Սրանք են այն սյուները, որոնց հենվելով պետությունը պիտի կարողանա դիմակայել մարտահրավերներին»,-շարունակում է ուսուցիչը։

Մխիթարյանի խոսքով՝ մեզ փորձում են կտրել մեր ինքնությունից։ Ծառը արմատներով է աշխատում և եթե արմատը կտրես, ապա ամենահսկա ծառն էլ կտապալվի։

«Մեզ բազմիցս թշնամին փորձել է կտրել վերևից, թեկուզ հենց Ցեղասպանությունը, բայց հիմա անցել է մեր ինքնությանը, մեր արմատներին։ Փորձում են մեր պատմությունը և մեր ինքնությունը փոխել, ոչնչացնել ու ցավոք սրտի, դա անում է հենց հայի ձեռքով»,-ընդգծեց պատմության ուսուցիչը։

Լիլիթ Մխիթարյանի կարծիքով՝ հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև ԿԳՄՍ նախարարության առաջարկը՝ Հայոց պատմությունը անվանափոխել և դարձնել Հայաստանի պատմություն։

«Հանրությունը գուցե չգտնի տարբերությունը և ասի՝ ինչ տարբերություն Հայոց պատմության և Հայաստանի պատմության միջև։ Հայոց պատմությունը ավելի ընդգրկուն է. նշանակում է Մեծ Հայքի պատմություն, Հայոց պատմություն նշանակում է Կիլիկյան Հայաստանի պատմություն, իսկ Հայաստանի պատմությունը մտածածին է թշնամի հարևանների կողմից մտցված եզրույթ է, որովհետև Հայոց պատմությունը գալիս է քաղաքակրթության ակունքներից, մարդկության պատմության սկզբնավորման պահից մինչև առ այսօր, որը մեզ են հասցրել պատմիչներն ու քերթողահայրը և պատահական չէ, որ Խորենացու պատմությունը կոչվում է Հայոց պատմություն։ Հետագայում մեր բոլոր պատմիչները իրենց պատմությունները սերունդներին թողել են հենց Հայոց պատմություն վերնագրով։ Հետեւաբար այստեղ վտանգը շատ-շատ մեծ է, որովհետև պահանջատիրությունից, արմատներից ու ինքնությունից կտրվելու պահանջն է դրված»,-եզրափակում է սահմանամերձ Մեղրաշատ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչը։