Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:46 22-04-2023

Մեր բանակը հիմա ավելի թույլ է, քան 2020 թվականի գարնանը

Ես միանշանակ չեմ կիսում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մտայնությունը, թե մեր բանակը հայկական չի եղել ու հիմա է սկսել դառնալ հայկական։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմագետ Մհեր Հակոբյանը։

«Խնդիրը վերաբերում է քաղաքական հայտարարության հարթությանը։ Այսինքն, անձն անում է քաղաքական հայտարարություն՝ քաղաքական սեփական թիմին մեծարելու և քաղաքական հակառակորդ թիմին վատաբանելու մտայնությամբ։ Միանշանակ, չեմ կիսում այդ մտայնությունը»,- ասաց նա։

ՀՀ բանակն, ըստ ռազմագետի, միշտ էլ եղել է հայոց, հայկական բանակ։ «Մեր բանակը, ինչպես գրեթե բոլորը, անկասկած ունեցել է իր թերությունները։ Այդ թերությունները բնորոշ են մեր ողջ պետական վարչակառավարչական համակարգին։ Այդ թերությունները, մենք, իհարկե, տեսել էինք, և հատկապես պարզ տեսանք վերջին ողբերգական պատերազմով։ Բայց ասել, որ հայկական չի եղել կամ կառավարվել է ուրիշի կողմից այլն, և այլն՝ ես վճռականորեն և կտրում չեն կիսում այդ տեսակետը»,- ասաց նա։

Այս ֆոնին, փորձագետը բարձրացրեց նաև անգամ նախկին իշխանությունների ժամանակ առկա թերությունների գոնե վերացման վերաբերյալ։ Հայտարարեց, որ այդ ուղղությամբ որևէ տեսանելի աշխատանք չի կատարվել։

«Իհարկե, պահելով անմեղության կանխավարկածները, սակայն, այսպես կոչված դավաճանական դեպքերը հաշվի առնելով, եկեք ընդունենք, որ մի քանի օրից կլինի 5 տարի, երբ գործող ուժն իշխանության է։ Արդեն դու չես կարող ասել, թե դա նախկինների ժառանգությունն է։ Հիմա եթե անգամ այդ հեռախոսներով ինֆորմացիա տալը կա, ապա կներեք, բայց դա արդեն ինչ-որ տեղ, ձեր (ՀՀ ներկա իշխանությունների – խմբ․) բացթողումն է։ Այնպես որ այդ առումով թող նախկինների մասին չխոսեն, թող որևէ նմանատիպ խնդիր չլինի։ Ինչ կա՝ ձեր (ՀՀ ներկա իշխանությունների – խմբ․) բացթողումն է»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ բանակում դեռևս 2018 թվականին առկա կոնցեպտուալ բոլոր խնդիրները չեն լուծվել։ «Հիմա փորձ է արվում ատեստացիայի ու նմանատիպ այլ քայլերով ինչ-որ բան անել, բայց, ոնց հասկանում ենք, դա էլ տևական բան չէ։ Հայեցակարգային կարևորագույն խնդիրները բանակում լուծված չեն։ Դա միանշանակ է, արդեն 5-րդ տարին է, ինչ այդպես է ու այլևս հնարավոր չէ ասել, որ նախկինները․․․ ժամանակ չունեինք․․․ և այլն»,- ասաց նա։

Ռազմագետը ցավով արձանագրեց, որ դեռևս ամոքված չեն նաև Արցախյան վերջին պատերազմի կորուստները։ Խոսքը վերաբերում է ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական ու այլ հարցերին։ «Ցավով պետք է արձանագրել, որ մեր բանակը հիմա ավելի թույլ է, քան, ենթադրենք, 2020 թվականի գարնանը։ Իսկ մեր թշնամու բանակն ավելի ուժեղ է, քանի մինչև 2020 թվականի գարնանն է եղել։ Սա ամենամեծ ցուցիչն է»,- ասաց նա։