Երևան +13°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:13 20-04-2023

Ադրբեջանը, Տեղ գյուղում անցակետ դնելով, Արցախը նաև դե յուրե կտրելու է Հայաստանից

Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ունենք 11 կիլոմետրից որոշակի 5 կիլոմետր հատված, որը մենք համարել և համարում ենք պրոբլեմատիկ։

Նա նշել էր, որ այսօրվա դրությամբ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1,4 կիլոմետրով:

«Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է: Ինչ է նշանակում սահման ճշգրտել, նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով»։ Oragir.News-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն ասաց, որ դատելով Տեղ գյուղի բնակիչների խոսքից ու դժգոհություններից՝ կարելի է ենթադրել, որ խնդիրը լուծվել է ոչ ի օգուտ հայկական կողմի։

«Եթե խնդիրն ուղղակի լուծված լիներ, պետք է հայտարարվեր, թե որքանն է մերը, որքանը Ադրբեջանինը, մինչդեռ Փաշինյանը հիմա բառախաղերով է զբաղված։ Այդ «խնդրահարույց» հատվածի մասին Տեղ գյուղի բնակիչներն ասում են, որ տարիներով իրենց նախնիների արոտավայրերն են եղել»։

Նա ընդգծեց, որ Տեղում հայտնի միջադեպը, երբ փոխհրաձգություն եղավ, մարտի 12-ին էր։
«Ենթադրում եմ՝ Պրահայում Փաշինյանին ներկայացրել են ինչ-որ քարտեզ, այդ քարտեզով ԵՄ-ն Հայաստանը ճանաչել է և այդ քարտեզով էր, որ Փաշինյանը 100 դիտորդի թույլ տվեց գալ Հայաստան։ Կարծում եմ՝ սա այդ քարտեզի կիրառական մասն է, որի հետևանքով հակառակորդը եկավ մեր տարածք։

Ես ենթադրում եմ՝ այդ 1,4 կմ-ը կարող է մեր տարածքններն են, իսկ մնացած 3,6-ի հետ կապված էլ դեռ բանակցություններ են գնում։ Բայց այդ դեպքերից հետո, եթե հիշում եք՝ ԱԱԾ-ն հայտարարություն արեց, հետո ինքը խոսեց, այնտեղ ասո՞ւմ էր, որ մենք տարածք ենք տվել, եթե տարածք տված լինեինք՝ Փաշինյանը կոկորդով մեկ փրփուռը բերանին կգոռար, որ տարածքներ են օկուպացրել, բայց նման բան չեղավ, չէ՞, այսինքն՝ փոխադարձ համաձայնությամբ է ամեն բան եղել։

Ավելին՝ այդ համաձայնության մեջ ամենայն հավանականությամբ կար, թե հայկական կողմը որտեղ կարող էր մարտական հենակետեր դնել, խրամատներ փորել։ Երբ հայկական կողմը հակառակորդի դիրքերից 150-200 կմ-ի վրա ինժեներական աշխատանքներ է կատարում, ադրբեջանցիները ոչ թե կրակահերթերով փորձեցին կասեցնել հայկական կողմի ինժեներական աշխատանքները, այլ եկան բանակցությունների։

Ամենայն հավանականությամբ, այդ բանակցությունների ժամանակ որոշակի հիմքեր ու փաստաթղթեր են ունեցել, որով ապացուցում էին, որ հայկական կողմն իրավունք չուներ ինժեներական աշխատանքներ կատարելու։ Ամանայն հավանականությամբ, այդ փաստարկն էլ այն է, որ այդ տարածքները նույնպես համարվում են վիճելի։ Այսինքն, այսպես էլ տալիս են ու էլի են տալու, շուտով նման դեպքեր կլինեն Գեղարքունիքի մազում, Վայքում, Արարատում, Տավուշում։

Այդ համայնքներում մոտ 70 գյուղ կա, որոնք ադրբեջանի կողմից վերահսկողության ու կրակի խոցելիության տիրույթում են հայտնվում, 36 գյուղ՝ մինչև 1 կմ հեռավորության խոցելիության վրա, իսկ 34 գյուղ՝ 1-2,5 կմ հեռավորության վրա։ Այսինքն՝ այդտեղի գյուղացիները գոյաբանական խնդրի պատասխան են տալու, ապրելու են այդ տարածքներում, թե՝ ոչ»։

Անդրադառնալով Տեղ գյուղի ռազմավարական նշանակությանը՝ նա նշեց, որ այդպիսով ամբողջովին փակվում է Հայաստանից մուտքը դեպի Արցախ։ «Տեղի կարևորությունը սա է, այսինքն՝ ոչ այնքան այդ տարածքներն են կարևոր, որքան այն, որ Արցախը կտրվում է Հայաստանից՝ հայտնվելով շրջափակման մեջ»։

Նա ընդգծեց, որ «Տեղ» օպերացիայի նպատակն այն է, որ Ադրբեջանն ուզում է Տեղ գյուղում անցակետ դնել։ «Եթե «Տեղ»-ի օպերացիան հաջողվի, ապա այդ հատվածում անցակետ կտեղադրվի, որտեղ ռուս խաղաղապահները գործառույթ չունեն։ Անցակետում նվազագույը 3 ծառայություն է աշխատելու՝ անձնագրային, մաքսային և ԱԱԾ։ Այսինքն, եթե հիմա Արցախը կտրված է դե ֆակտո, ապա այդ դեպքում նաև դե յուրե կկտրվի»։