copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:51 20-04-2023

Էլի ամեն օր գալիս, մրթմրթում է, թե բա էդ ավտոյիդ վրայից նկարս հանիր․ Դավիթ Մշեցին՝ Միայնակ Գայլի մասին

Ծաղկահովիտ գյուղում ծնված տղային՝ Արայիկ Խանդոյանին, պատերազմի օրերին և հետո համեմատում էին Չե Գևարայի հետ։

Նրա հայտնի լուսանկարը, որը արել է լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը՝ 1992 թվականի մայիսի 18-ին հենց այդպիսի անվանում ունի․ «Հայկական Չե Գևարա»։ Մարտադաշտում նա ստացավ իր անունը, որը թերևս շատ էր սազում համարձակ ու պայքարող Արայիկին։

Oragir.News-ի հետ զրույցում հայտնի բանաստեղծ, հրապարակախոս, ազատամարտիկ Դավիթ Մշեցին, ով եղել է Արայիկ Խանդոյանի հոգեհարազատ ընկերը, ասաց․ «Միայնակ Գայլ անվանումը դեռ առաջին Արցախյան պատերազմից է վաստակել Արայիկը։ Ընկերները պատմում են, որ երբ մի կերպ հաջողացնում է ինքնաթիռի բեռների տակ թաքնված հասնել Արցախ, այնտեղի ջոկատները, մեղմ ասած, լուրջ չեն վերաբերվել տակավին երեխա Արայիկի պատրաստակամությանը։

Պատմում են՝ առաջին ռազմական մկրտությունը ստացել է միայնակ՝ մի բարձունք գրավելով։ Երբ մեր ուժերը սպասել են համալրման, որ ազատագրեն վերոնշյալ բարձունքը, Արայիկը միայնակ, անզեն, բոլորից թաքուն, ինքնագլուխ բարձրացել է այդ բարձունք, 2-3 օր հետևել թշնամուն, մինչև հաջողացրել է թշնամիներից մեկին սպանել, զենքը վերցրել է ու հարմար պահի մտել թշնամու դիրքային կացարան, բոլորին սպանել, զենքերը վերցրել, իջել է ներքև ու մեր տղերքին ասել, որ բարձունքն ազատագրված է, կարող են բարձրանալ ու դիրքավորվել։

Դրանից հետո գրեթե բոլոր գործողություններին գնացել է մենակ, եղել է կռվի ամենաթեժ կետերում ու միշտ գերպրոֆեսիոնալ կատարել ռազմական խնդիրները, որի համար էլ արժանացել է Միայնակ Գայլ կոչմանը»,- ասում է Դավիթ Մշեցին։



Դավիթ Մշեցին, ով ամուր կառչած է ազգապահպան նպատակներից բխող ցանկացած նախաձեռնության, հպարտ է, որ Միայնակ Գայլի հետ պայքարել է թշնամու դեմ։ Հիշում է․

«Անկեղծ ասած մեր առաջին հանդիպումը էնքան ծիծաղելու է ու ինձ համար ամոթալի, որ Գայլը միշտ, երբ որևէ հարցի շուրջ վիճում էինք, ասում էր խելոք մնա՝ խայտառակ կանեմ։ Պատմությունը հետևյալն է։ Ես, որ քիչ թե շատ ճանաչում էի մեր ազատամարտիկներին, չգիտես խի, տպավորվել էի, որ Գայլը դեռ առաջին Արցախյանում զոհվել է։ Ապրիլյան Քառօրյային, երբ Սոթքից պիտի շարժվեինք Թալիշի կողմ, զորանոցում մի ձայն եմ լսում հետևիցս, թե բա Մշեցի ախպե՞ր։ Շրջվում եմ ու դիվահարվում․ թևերը լայն բացած մոտենումա Գայլը ու գրկում, հազիվ կմկմում եմ․ ախպեր, դու չէի՞ր զոհվել․․․ Լայն ժպտումա ու միայն իրեն հատուկ զնգոցով ծիծաղում․․․

Մեկ էլ մոտենումա հայրս, որ իմ ջոկի հրամանատարն էր նաև ու շատ խիստ ինչ որ բաներա հրահանգում, մեկ էլ Գելը, թե բա՝ Հենդո ջան, Մշեցին մեր ախպերնա, թանգս․․․ Հերս, որ Գայլի հետ դեռ առաջին Արցախյանից մտերիմ ընկերներ էին, մի քանի, միայն իրեն հատուկ գեղարվեստական օրհնություններա բաշխում ինձ ու Գայլին, թե բա, որ քո ընկերնա, բա իմ ինչնա՞․․․

Էդ պահից շարունակվեց մեր ամենաոգեղեն ու գաղափարական արյունակցությունը։ Ասում եմ՝ շարունակվեց, որովհետև վստահ եմ՝ մեր տեսակը անկախ անձնապես իրար ճանաչելուց՝ մի է և մի երազ-նպատակ ունի․․․ »,- խոսքը հպարտությամբ է շաղախում բանաստեղծ-ազատամարտիկը։



Դավիթ Մշեցին գիտի՝ Արայիկը երբեք ազգին դեմ չէր կարող գնալ։ Նա ազգային գաղափարի նվիրյալ էր ու ՊՊԾ գունդ մտնելիս համոզված է եղել, որ հանուն հայի, պետականության և հայրենիքի է գործում։

«Հետո եկավ ՊՊԾ գնդի գրավումը։ Էդ մասին շատ է խոսվել և դեռ շատ կխոսվի։ Ես էդ մասով միայն մի բան հստակ գիտեմ՝ Արոն էնտեղ էր բացառապես ազգային շահի Նահատակի կարգավիճակում։ Էդ դեպքի մասով կհիշեմ իմ հետ կատարվածը, որը Արայիկի մարդկային ամենագերբանական էության դրսևորումն է։ Էդ օրը ես գտնվում էի Սևանում՝ Բարդի փառատոնին։ Գիշերը ընկերներով նստած ենք ու զանգումա Գայլը։ Բարև, բարլուս, ո՞նց ես-ից հետո ասումա, որ վաղը գալույա Վարդենիս՝ մեր տուն։ Ասում եմ՝ ընտիր, դե, ես Սևանում եմ, առավոտյան կգամ, կվերցնեմ քեզ ու կգնանք։ Ասումա չէ՝ դու առավոտ շուտ գնա գյուղ, ես կգամ։ Ախպեր, ասում եմ՝ ինչո՞վ պիտի գաս, էնա կգամ, կվերցնեմ, կգնանք։ Ասումա չէ՝ դու կգնաս առավոտ շուտ, ես կգամ ու բարի գիշեր է մաղթում։

Զգում եմ, որ մի բան էն չի, ասում եմ՝ տղերք էս Գելից չի, բան չհասկացա։ Որոշում եմ՝ առավոտյան շատ շուտ գամ Երևան ամեն դեպքում, Գայլին վերցնեմ ու գնամ։ Առավոտ շուտ գալիս եմ քաղաք, բակում հարևաններս են իրար խառնված, թե բա ոստիկանությունը բարլուսախառը ետևիցդ էր եկել։ Այ քեզ բան, մտածում եմ, իմ ետևից խի՞ են եկել, իբր էս քանի ժամանակա ոչ ցույցի եմ եղել, ոչ արտառոց բանա եղել։ Մտնում եմ ֆբ և հասկանում եղելությունը։

Քաջ իմանալով՝ ուր է գնում և ինչպիսին կլինի իմ արձագանքը, վերջին պահին փորձել էր հնարավորինս հեռու պահել ինձ վտանգից․․․Էս իմ համար եղավ էն բացառիկ դասերից, որը կոչվում է ազգային տեսակ ու հողի իմաստնություն, որ ամբողջ համաշխարհային գրականությունը չի կարող տալ։

Կալանքից հետո գրեթե օր չկար, որ չխոսեինք, չվիճեինք։ Միշտ, երբ ընկերներով հավաքվում էինք քեֆի՝ անպայման զանգում էի Գայլին ու կենդանի կատարմամբ իր սիրած երգերն էինք երգում։ Մի անգամ, երբ ոստիկանները ծեծել էին Գայլին, շատ դաժան էի արձագանքել։ Գայլը զայրացած զանգեց ու ասեց, որ ջնջեմ ոստիկաններին ստորացնող գրառումս։ Ապշեցի։ Ախպեր, ասում եմ, ախր ո՞նց կարան մի քանի լակոտ քեզ ծեծեն ու ես լռեմ։ Ասաց, թանկս, տենց մի ասա, էդ երեխեքը իմ ու քո արյունն են, նրանց ոչ ոք չի ասել՝ ո՞վա Գելը, նրանք իմ ու քո ընկալումը չունեն, և դրանում, եթե պիտի հայհոյել, ապա ինձ ու քեզ պիտի հայոյել, որ էդ թույլ ենք տվել էդ երեխեքն էդպիսին լինեն։



Ես էսպիսի խորություն ու բարձրություն չեմ տեսել և ոչ մի մեծ մտածողի մոտ։ Ու էդտեղից հարց է առաջանում՝ ի՞նչ գեղեցիկ կլիներ մեր աշխարհը, եթե մեր ընդունած ու դավանած Հայրն ու Որդին էսքան բարձր լինեին։ Եթե լիներ․․․»,-իր հիշողությունն է վավերագրում Դավիթ Մշեցին։

Մշեցու ականջներում դեռ Միայնակ Գայլի ձայնն է, երակներում՝ նրա արյան կանչը, որը դարձել է համախմբման երդում։

«Անկեղծ ասած, Գայլը երբեք չի հեռացել ինձանից, ինպես որ մայրս միշտ կա իմ կյանքում։ Երկուսի հետ էլ ամենօրյա զրույցների, քննարկումների, հաջողությունների և անկումնների քննարկման մեջ եմ։ Էլի ամեն օր գալիս, մրթմրթումա, թե բա էդ ավտոյիդ վրայից նկարս հան, բոլա իմ մասին բանաստեղծություն գրես, թանգս, ես ընդամենը իմ գործն եմ արել, դու էս կեղդերի մասին շատ գրի, որ սերունդներն իմանան ու մեր Հայրենիքի ու ազգի մասին․․․ Իսկ էն՝ ավելի խորքային պատճառների մասին, թե ո՞ւր գնաց, խի՞ գնաց, ինչո՞ւ մահացավ, ավելի գեղեցիկ հուշերի ու գերգեղեցիկ հուշերի մասին դեռ կգրեմ․․․ Երևի կհասցնեմ գրել․․․»,-ասում է Դավիթ Մշեցին։

Դու հատուկ եղար, որպես հայ տեսակ,
Եվ եղար մենակ՝ ազգիդ բախտի պես.
Քեզ չգերեցին ոչ փառք, ոչ քսակ.
Միշտ վառ պահեցիր տեսակդ հրկեզ…
Սխրանքներդ բյուր պահեցիր թաքուն
Ու հերոսաբար տարար քո բեռը.
Գիշեր ու ցերեկ հսկեցիր անքուն,
Որ ոտք չդնի մայր հողիդ Նեռը…
Արդ սեղմում եմ ես լուռ, խոնարհաբար,
Քո ձեռքն անբասիր ու գրկում ամուր,
Դու մեր լեռների հերոսական Գայլ,
Դու մեր պայքարի սրբազան մատուռ…
Դավիթ Մշեցի