Ձեզ ենք ներկայացնում բանաստեղծ Աշոտ Ավդալյանի հոդվածը նվիրված արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանին։ Բազմիցս խորհելով պոեզիայի խնդիրների, նրա նշանակության, դերի մասին, ունենալով ստեղծագործական դժվարություններ, շատ անգամ եմ դիմել մեր գրականության մեծերին, նրանց ժառանգության տարածքի մեջ փնտրել ելակետ, մերձենալով նրանց պոեզիային, լեզվամտածողությանը, հաղթահարելով նրանց ազդեցության ոլորտը, փնտրել եմ այն կարմիր թելը, որը ընդհանուր է մեր ազգային գրականության համար, և որը պետք է բնորոշ լինի նաև իմ ստեղծագործական որոնումներին։ Եվ այդ դժվարին ճանապարհին առանձնահատուկ դեր է ունեցել իմ ստեղծագործական կյանքում Դանիել Վարուժանի պոեզիան։ Ինչո՞ւմն է այդ հոգեհարազատության գաղտնիքը։
Նախ՝ Վարուժանի պոեզիայի թեմատիկան։ Ժամանակակիցները նրան անվանում էին Հայաստանի Վերհարն։ Եվ դա պատահական չէր։ Նրա պոեզիայի բազմազանությունը, համաշխարհային գաղափարներին հարազատանալու ձգտումը, իրավացիորեն թույլ էին տալիս նրան այդպես անվանելու։ Բայց բելգիացի բանաստեղծի նման, նա չէր կարող նվիրվել միայն դարասկզբի մարդու հուզաշխարհին ու բազում հարցեր բանաստեղծորեն մեկնաբանելու խնդրին։ Վարուժանը անվերապահորեն պիտի վերադառնար իր ժողովրդի անհույս վիճակը երգելու գաղափարին։ Հաճախ ինձ թվում է, որ Վարուժանը հանճարեղ ներքնատեսությամբ նորից է գրել Գողթան երգիչների մեզ չհասած բանաստեղծություններն ու երգերը։
Կարծես նա «․․․ դեպ ի աղբյուրը լույսին» ճանապարհին հայտնվել է հեթանոս ժամանակներում, վերադարձին հանդիպել է մեր քերթողներին, լսել է նրանց և նրանց հրաշալի ասքերն ու զրույցները իր զարմանալի զարկերակային հյուսվածքով դարձրել բանաստեղծություն ու պոեմ։ Եվ այն էլ ինչպես։
Ուխտագնացությունը հեթանոս ժամանակներ չի կարելի համարել կույր ճամփորդություն, բանաստեղծի քմահաճույք։ Դարասկզբին մեր ժողովրդին բաժին հասած ծանր վիճակը նպատակաուղղում էր բանաստեղծին երգելու իր ժողովրդի «ցավն հաճույքին և հաճույքները ցավին»։ Նրան էր վիճակված գրելու «Ձոն»-ը՝ հայ քերթության ամենատաղանդավոր բանաստեղծություններից մեկը։ Այս «քերթուածը» մեր ժողովրդի կենսագրությունն է, և ավարտվում է վրեժի գաղափարով, պայքարի կոչով։
Ու պայքար, պայքար, պայքար երգեցի․
- Ձեզի ընծա, հայ մարտիկներ
- Գրիչս եղավ անթրոց սրտերու հնոցի․․․
- Ձեզի ընծա, քաջ մարտիկներ
- Եղեգնյա գրչով վրեժ երգեցի․
Ընդ եղեգան փող բոց ելաներ։
Վերադառնալով իր ապրած ժամանակները՝ Վարուժանը կյանքից ստացած կենդանի տպավորությունների տակ նորից է առաջ քաշում վրեժի գաղափարը։ «Դերենիկը» բանաստեղծության մեջ մայրն իր որդուն դուրս է անում տանից, քանի որ Դերենիկն իր գլուխը ջարդող թուրք տղայից վրեժ առնելու փոխարեն, լաց լինելով, արնաշաղախ իրեն տուն է գցում։
Վարուժանի պոեզիայի թեմատիկայի բազմազանությունը թողնում է այն տպավորությունը, որ նրա մեջ մի քանի բանաստեղծ է ապրել։ Ուրիշ ինչպես կարելի է հասկանալ «Սարսուռներ»-ից մինչև «Հացին երգը» և մեզ հասած նրա մտահղացումների ցանքը, որը ցավոք հեղինակը չհասցրեց իրագործել։
Նրա ստեղծագործական ոգու անզուսպ հեղեղը «Հացին երգը» շարքում դառնում է ավելի հանդարտ, հասնում դասական պարզության։ Այստեղ արդեն իմաստնացած, իր ժողովրդի նման վաստակած Վարուժանն է, որը մարդու կյանքի իմաստը գտնում է աշխատանքի, ու աշխատանքի պտուղները վայելելու մեջ, որը ավաղ, հեշտորեն չէր տրվում իր ժողովրդին։
Ինձ համար, Վարուժանին, որպես նորարարի, բնութագրող կարևորագույն պայմաններից է նրա լեզվամտածողությունը։ Նա հիանալի տիրապետում էր գրաբար լեզվին։ Բայց դեռ ուսումնառության տարիներին առաջինը հենց ինքը ըմբոստացավ գրաբարը որպես գրական լեզու օգտագործելու անհրաժեշտության դեմ։ Եթե պետք էր, որ հայ ազգը վերագտներ իր նախնիների կորովը, ռազմաշունչ բնավորությունը, ինչո՞u չպետք է նույնին ձգտեր նաև լեզվի մեջ։ Նա իրավացիորեն հույսը չէր կապում «քերականների ու բանասերների» հետ, այլ «գեղագետ-գրագետների» հետ։
Նրանք պետք է իրենց երևակայությամբ ու ճաշակով կարողանային մասնակցել լեզվաշինարարության ընթացքին, խուսափելով բարբառային ու գրաբարյան արտահայտություններից ժողովրդին վերադարձնեին իր գանձերը։
Վարուժանը կարևոր էր համարում նաև թարգմանիչների գործը։ Նա հիացմունքով էր խոսում արևելահայ լեզվի մասին ու ափսոսում էր, որ արևմտահայ գրականությունը չի ունեցել Աբովյանի նման «հայադրոշմ հիմնադիր մը»։ Բայց հենց ինքը՝ Վարուժանը կարողացավ լեզվաշինության հարցում անել այն, ինչ պահանջում էր ուրիշներից, և նրա լեզվի հարստությունը կարող է զիջել թերևս միայն Նարեկացուն։ Այն, ինչ Վարուժանը ասել է Սիամանթոյի մասին, կարելի է վերագրել նաև իրեն․ «Յարճանյանի աշխարհաբարը բավական նման է իր անձին,- խրոխտ, ճկուն և վայելուչ»։