Մշակույթ 3 տարի առաջ - 23:14 18-04-2023

Ավելի նորարար և ավելի երիտասարդ. «Արմմոնո»-ն անակնկալներ է խոստանում

Սույն թվականի ապրիլի 28-ից մայիսի 2-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային մոնոներկայացումների փառատոնը, իսկ
մայիսի 10-ին և 17-ին Աբովյանում և Գյումրիում կբեմադրվի Սյուզի Դադյանի «Դուք տեսնում եք ինձ» մոնոներկայացումը։

Փառատոնը ներկայանալու է նոր լոգոյով և նոր դիզայնով։ Նախատեսվում է նաև նոր կայքի շնորհանդես, որը փառատոնին հնարավորություն կտա լինել ժամանակին համընթաց։



Բացմանը Առնո Բաբաջանյանի համերգասրահի ներքնահարկում կբեմադրվի Վարսենիկ Ավանյանի «Սպասում» մոնոօպերան։ Փառատոնին մասնակցելու են նաև Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից։ Նախատեսվում են հանդիպումներ ժամանած հյուրերի և վարպետության դասեր ոլորտի լավագույն մասնագետների հետ։

«Հայ մասնակիցների պարագայում այս անգամ նախապատվությունը տրվել է երիտասարդ բեմադրիչներին, դերասաններին, նկարիչներին, որոնց ներկայացումների հիմքում հայ հեղինակների գործեր են»,- մեզ հետ զրույցում նշեց «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։ Վերջինս հուսով է, որ փառատոնը կբացահայտի նոր անուններ և Լեհաստանից, Գերմանիայից, Լիտվայից, Ռուսաստանից ժամանած միջազգային փառատոնների տնօրենները հնարավորություն կունենան ընտրել ներկայացումներ իրենց փառատոնների համար։ Նախորդ տարիներին էլ հայ մասնակիցները հրավերներ են ստացել մասնակցելու հեղինակավոր մոնոփառատոներին և վերադարձել են մրցանակներով, գրան-պրիներով:



«Ինձ համար ամենակարևորը հենց դա է, որ մեր ներկայացումները, մեր արվեստը և ինչու չէ նաև մեր դպրոցը ցուցադրվի Հայաստանից դուրս»։

Փառատոնի շրջանակում կազմակերպվել են նաև թատերականացված ընթերցումներ, որոնք նույնպես նպաստում են հայ դրամատուրգիայի հանրահռչակմանը։ Ներկայացվելու է նաև երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի վերջին բեմադրած մոնոներկայացումը՝ «Համլետի երազները», որը խաղալու է Արմեն Քուշկյանը։

«Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնը անցկացվում է 2003-ից։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ 2009թ. փառատոնն ընդլայնեց իր աշխարհագրական սահմանները և անցկացվեց ոչ միայն մայրաքաղաքում, այլև Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իսկ 2011 թ. անց է կացվել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:

5-օրյա փառատոնի ընթացքում մոնոներկայացումներն ու վարպետության դասերը կանցկացվեն Արվեստի բաց հարթակում, ՀԹԳՄ-ում, Փոքր թատրոնում, Ռուսական դրամատիկական, տիկնիկային, կամերային և համազգային թատրոններում։



Արմինե Մուրադյան


Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը