«Ես չգիտեմ, թե ինչպես է հիմնավորվել Արման Մարալչյանի ազատումը՝ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից, դա կարող է կապված լինել, օրինակ, սահմանախախտ երկու ադրբեջանցի զինծառայողների դեպքի հետ»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Հայաստանի Սահմանապահ ծառայությունը Տեղ գյուղի տարածքում, որքան գիտեմ, ենթարկվում են ՀՀ Պաշտպանության նախարարությանը։ Այսինքն, այնտեղ որոշողը Պաշտպանության նախարարության սպայակազմն է։ Այդուհանդերձ, այնտեղ ԱԱԾ-ն որոշակի գործառույթներ իրականացնում է։ Բայց եթե ազատում են, ապա այստեղ միայն ԱԱԾ բարձրաստիճան սպայի հեռացման խնդիրը չէ, որ պետք է լինի, այլև բանակի։ Որովհետև, ենթադրենք, կա՛մ միասին են անում, կա՛մ ենթակայությամբ։ Առավել ևս, Տեղի (գյուղի- խմբ․) հետ կապված, գիտեմ, որ ՊՆ-ն է պատասխանատու։ Ես ԱԱԾ ստորաբաժանում եղել է, իսկ ես կարծում եմ, որ եղել է, ապա ՊՆ ենթակայությամբ է եղել»,- ասաց նա։
Անդրադառնալով օրեր առաջ Տեղ գյուղի տարածքում տեղի ունեցած միջադեպին՝
Oragir.News-ի զրուցակիցը մի քանի կարևորագույն փաստեր արձանագրեց։
«Մինչև այն մեքենան, որ ադրբեջանական մի հենակետից արդեն կահավորված, գալիս է հայկական կողմի ուղղությամբ՝ այս կողմում արդեն դեմ դիմաց զինվորական երկու խումբ է կանգնած՝ ադրբեջանական ու հայկական։ Այդ մեքենան մոտենում է, ինչ-որ զինծառայողներ են իջնում, հետո մեքենան հետ է գնում։ Ես կարող եմ ենթադրել, որ այդտեղ մեքենայից իջել է ադրբեջանցի բարձրաստիճան զինվորական, որը միացել է բանակցություններ վարողներին։ Ավելի ուշ, այդ գնդապետը փոխհրաձգության ժամանակ զոհվել է»,- ասաց նա։
Այս պարագայում, փորձագետը բարձրացնում է հայկական կողմից կանոնակարգով չնախատեսված քայլերին ու դրանց տեղի ունենալուն նպաստած գործոնների խնդրին։
«Մեր կողմից բանակային կորպուսի հրամանատարը, որը պատասխանատու է սահմանի պահպանության ու պաշտպանության համար, ինձ համար և կանոնագրքերով անթույլատրելի ձևով, հակառակորդից 100-150 մետր հեռավորության վրա, բաց դաշտում, ուղղակի խոցելիության տիրույթում գալիս ու կանգնում է ինժեներական աշխատանքներ կատարող անձանց կողքին։ Սա, ի դեպ, քրեորեն պատժելի է, թեև ինքը վիրավորվել է, իրեն առողջություն մաղթենք։ Խոսքը Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի մասին է։ Այստեղից հարց․ ինչո՞ւ էր նա եկել։ Ես կարող եմ ենթադրել կամ հաստատ ասել․ իրեն հրամայել են, որ այդտեղ գա։ Այսինքն, եթե մի աստիճան վերև գնանք, ապա իրեն հրաման տվողը ԳՇ պետն է։ Իսկ ԳՇ պետն ինչո՞ւ է հրամայել, որ Բանակային կորպուսի հրամանատարը գա ու կանգնի այդ 15-20 զինվորների կողքին»,- ասաց նա։
Այս հարցին երեկ Էդվարդ Ասրյանը մասնակիորեն պատասխանեց։
«Ինքն ակնհայտորեն ասաց, որ Փաշինյան Նիկոլից ինչ-որ հանձնարարություններ է ստացել՝ սահմանների անվտանգություն, պաշտպանունակություն և այլն։ Ենթադրում եմ, որ ինքը կարող էր հանձնարարական ստանալ՝ առավել նպաստավոր դիրքեր վերցնելու մասով։ Թե այդ բառակապակցությունը Փաշինյանը սերտել ու ասել է, խորհուրդ են տվել, թե սովորել է․․․ Հասկանում ենք, որ առավել նպաստավորն էլ, ըստ Ասրյանի, 100-150 մետր հեռավորությունն է՝ ուղղակի խոցելիության դաշտից»,- ասաց նա։
Ռազմագետի խոսքով՝ միևնույն ժամանակ, այն ընթացքում, երբ ադրբեջանական կողմը հաստատվում ու ամրանում էր դիրքերում, հայկական կողմը տևական ժամանակ դեռևս որևէ ինժեներական աշխատանք չի կատարել այդ հատվածում։
«Եթե ադրբեջանցիները մայիսի 30-ից սկսած ինժեներական աշխատանքներ էին իրականացնում, ինչո՞ւ հայկական կողմը դա այդտեղ չէր անում, երբ նույն ադրբեջանցիները բաց դաշտում էին։ Երբ ադրբեջանցիները հայտնվեցին այդ տարածքում, 12 օր ինժեներական աշխատանքներ կատարեցին, մի շարք հենակետեր դրեցին, դրանից հետո նոր հայկական կողմը որոշեց, որ ինքը ևս պետք է անի, ընդ որում, ուղղակի խոցելիության տարածքում։ Մինչև Տեղ համայնքի տարածքում խմբված զինվորականներին այդ մեքենայի մոտենալը, ադրբեջանցիներն ամենայն հավանականությամբ, հայկական կողմին հորդորում էին, որ այդտեղ պետք չէ կատարել ինժեներական աշխատանքները։ Երբ բանակցող կողմը գալիս է ինչ-որ բանակցություն վարելու՝ հիմնավորումներ պետք է ունենա, ոչ թե վախեցնելու նպատակ, չէ՞ որ ինչպես ինքն է զինված, այնպես էլ հակառակորդը»,- ասաց նա։
Այս համատեքստում, ըստ Նահապետյանի, եթե ադրբեջանական կողմը չցանկանար, որ հայկական կողմն ինժեներական աշխատանքներ իրականացներ, ապա պարզապես իրենց կահավորված դիրքերից կարող էին կա՛մ օդ կրակել, կա՛մ խոցել բաց դաշտում գտնվող մեր զինծառայողներին։
«Բայց նրանք չարեցին։ Նրանք եկել էին բանակցելու, ինչ-որ բան համոզելու։ Հիմա այստեղ շատ դժվար է գնահատել, թե ով է առաջինը կրակել։ ՀՀ ԱԽՔ պարտավորությունները կատարող Արմեն Գրիգորյանը, կարծես էնտեղ կանգնած լիներ, ասում է՝ առաջինն Ադրբեջանն է կրակել։ Իսկ եթե պարզվեց, որ առաջինն իր սրտին, մտքին ու մարմնին շատ սիրելի և հոգեհարազատ ԵՄ 100 դիտորդներից դիպուկահար մե՞կն է կրակել, կամ նրանց հանձնարարականով Հայաստանում նրանց գործակալը, Արմեն Գրիգորյանի նման գործակալներից մեկը։ Կա մտքի գործակալ, կարող է լինել նաև զենքի գործակալ։ Ի՞նչ երաշխիք, որ չի կրակել։ Ես ավելի շուտ հակված եմ մտածել, որ երրորդ կողմն է աշխատել։ Այսինքն, երրորդ կողմն ադրբեջանցուն հեռահար կրակոցով սպանել է, և այդ պահին շատ դժվար է հասկանալ, որ այդ կրակը դիպուկահարն է արել։ Գրգռված ու արված զինծառայողներ, որոնց խոսակցությունը բավականին տաք ու շիկացած մթնոլորտում է անցնում։ Այդ պահին շատ դժվար է հասկանալ, որ դիպուկահարն է կրակել ու հրաման տալ չկրակել։ Այսինքն, տեսականորեն ու գործնականորեն անհնար է։ Դրանից հետո արդեն փոխադարձ կրակոցներ են լինելու։ Այն, ինչ և եղավ»,- ասաց նա։
Հայկ Նահապետյանի խոսքով՝ ցանկացած հրահանգ, բանավորից զատ պետք է լինի նաև գրավոր, քանի որ գրավոր կարգադրությունները հետագայում նաև գործավարությունով են անցնում ու արխիվացվում։ Այդ դեպքում, ըստ ռազմագետի, շատ ավելի բարդ է լինում որևէ մեղք բարդելը որևէ սպայի կամ այլ պատասխանատու անձի վրա։
«Սա կարգն է։ Բայց ուրիշ բան ասեմ։ Օրինակ, Փաշինյան Նիկոլը երբևիցե իրավունք չունի հրաման տալու ԳՇ պետին՝ ենթադրենք, էնտեղ բարելավելու, էստեղ էսպիսի բան անեու կամ այսինչ գործողություններ։ Դա վարչապետի գործառույթների մեջ չի մտնում։ Խաղաղ ժամանակ զինված ուժերի թիվ 1 պատասխանատուն Սահմանադրությամբ գերագույն հրամանատարը չէ։ Գերագույն հրամանատարի ստատուսն առաջանում է միայն պատերազմի ժամանակ։ Հիմա ԳՇ պետն է համարվում հրամանատարը։ Հիմա, եթե ԳՇ պետին տալիս է ապօրինի հրաման, օրինակ՝ ասում է դիրքերի բարելավում արա, նման հրաման տալու իրավունք չունի։ Նման կարգադրություն կարող է Պաշտպանության նախարարը տալ, որի առաջին տեղակալը ԳՇ պետն է։ Այսինքն, ցանկցածա բարձրաստիճան զինվորական պետք է գործւի օրենքի ու կանոնագքերի համաձայն։ Հակառակ դեպքում, ցանկացած ապօրինի հրաման, ելնելով, օրինակ՝ հրաման տվողի անգրագիտությունից կամ առկա միտումից՝ բերում է այսպիսի արդյունքի»,- ասաց նա։
Այսպիսի դեպքերից հնարավորինս զերծ մնալու համար, ըստ փորձագետի, սպաները պետք է հրաշալի իմանան և՛ օրենքները, և՛ կանոնագրքերը։ Տեղյակ լինեն, թե որ պահին ով կարող է հրահանգել իրենց, ով՝ ոչ։
«Պետք է իմանան՝ նման հրաման որ տալիս են, ընդհանրապես իրավունք կա տալու, թե ոչ։ Դե հիմա ամբողջ 4-օրյայի դեպքում պարտության ամբողջ մեղքը բարդվում է բարձրաստիճան զինվորականների վրա։ Երբ մինչև պատերազմը Հայաստանի քաղաքական իշխանությունը, եթե կարելի է անվանել իշխանություն, գործակալներն ընդամենն իրենց կուրատորի հանձնարարականներն ու հրամաններն են կատարում։ Ըստ այդմ, պարտությունն առավելագույնս մոտեցվել է մինչև պատերազմը վարած սխալ կադրայի քաղաքականությամբ, ոչ ճիշտ զենք- զինամթերքի գնմամբ, հրաձգային 4 թե 5 պահեստազորի լուծարմամբ։ Այս բոլորը եղել է, չէ՞։ Այս բոլոր կարգադրություններն ու հրամանները տվել է Փաշինյան Նիկոլը։ Սրա մասին իր թիմից որևիցե մեկը չի ասում։ Չեմ ասում, թե ինչու են նման սխալ հրահանգներ եղել, որը ծանր հետևանքների է բերել»,- ասաց նա։
Ռազմագետը հիշեց Արցախյան վերջին պատերազմի ժամանակ արձանագրված ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր ու անհանգստացնող հանգամանքի մասին, երբ Ստեփանակերտում քաղաքացիական անձինք հնարավորություն էին ստանում հայտնվելու բունկերում։
«Այսինքն, զինծառայողը, զինվորականն ու հրամանատարը կարող են չկարողանալ ամբողջովին կատարել հրամանը։ Պատճառները պետք է մանրազնին քննել։ Այսօր հանիրավի, գոնե երևացող երկու գեներալ է անազատութան մեջ գտնվում՝ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովն ու ՊԲ՝ պատերազմի վերջին փուլում հրամանատար Միքայել Արզումանյանը։ Այդ գործերը կարված են, փուչիկ են։ Եվ դա ակնհայտ կդառնա, երբ քննություն գնա ու գործերը մտնեն դատարան։ Կտեսնեք, թե այդ փուչիկներն ինչպես են պայթելու»,- ասաց նա։
Այս համատեքստում, Նահապետյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած ձախողման դեպքում թիվ պատասխանատուն է, բայց տեղ ունեցածի մեղքը փորձում է բարդել մյուսների վրա։
««Հայաստանի 3 մլն․ վարչապետները», ըստ Փաշինյանի, բոլորը մեղավոր են։ Ըստ իրեն՝ ինքն ամենավերջին մարդն է, որ մեղավոր է՝ թեև թիվ 1 պատասխանատուն ինքն է։ Եթե գործի հիմնական պատասխանատուն մեկն է, ապա ձախողման դեպքում նույն թիվ 1 պատասխանատուն դառնում է թիվ 1 մեղավոր։ Ինքը սիրում է իր վրայից հանել ու այլ մարդկանց վրա գցել ամբողջ մեղքը։ Իրականում, պրոֆեսիոնալներն ու մարդկային բարձր արժանիքներ ու որակ ունեցող, կամային հատկանիշներով անձինք սովորաբար խնդիրների ժամանակ փորձում են շատ արագ լուծումներ գտնել։ Իսկ թույլ, տկարամիտ, փառասեր, մանկամիտ ու անգրագետ մարդիկ շատ արագ փորձում են մեղավոր գտնել, որպեսզի չլուծված խնդիրները բարդեն նրա վրա։ Ահավասիկ, Փաշինյան Նիկոլի 4․5 տարվա կառավարման ամբողջ ալֆան ու օմեգան սա է՝ բլորը մեղավոր են, բացի իրենից»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ուժային կառույցներում առկա բանիմաց ու պրոֆեսիոնալ հրամանատարներից ազատվելու քայլերին ու դրա հնարավոր հետևանքներին։
«Բանիմաց կառավարիչներից այս կամ այն չափով ազատվեցին։ Դրա հետևանքով երկրում ներքին կյանքն ամբողջովին խաթարվել է։ Հիմա արդեն անցել են պաշտպանունակությանը։ Ընդ որում, այս ազատվելու գործընթացը դեռևս 2018 թվականից է սկսվել, որ չէ, որ սկսվել է։ Դա եղել է ինչպես մինչև 44-օրյան, այնպես է այսօր շարունակվում է այդ տենդենցը։ Բանակը մի քանի սյուների վրա է հիմնված։ Այդ սյուներից մեկը հենց պրոֆեսիոնալիզմն է՝ իր սպայակազմով։ Դե, եթե սպաներից ազատվում են, ովքե՞ր են գնալու այնտեղ։ Ընդ որում, սպաները բարձր պաշտոններ զբաղեցնում են, որբ իրենք առնվազն 10 տարի ռազմական կրթություն են ստանում՝ 5 տարի ռազմական բուհում, 5 տարի՝ ռազմական ակադեմիայում։ Բացի դրանից, նրանք առնվազն 10 տարի էլ ծառայում են։ Այսինքն, միջինում 20-25 տարվա փորձառությունը նոր տանում է բավականին բարձր պաշտոնների։ Այդ պատոնների համար հատուկ սահմանված կրիտերիաներ ու չափորոշիչներ կան։ Հիմա, Փաշինյանն, օրինակ, կարող է իր սրտի և մարմնի սիրեցյալ որոշակի անձանց տանել ու ԳՇ պետ նշանակել»,- ասաց նա։
Ընդ որում, ըստ ռազմագետի, աս պրակտիկան միայն Հայաստանում չէ, որ արձանագրվում է, այլև ռազմատենչ, պատերազմներ սանձազերծած, ռեյխեր ստեղծած ու նաև կարգապահ Գերմանիայում, որտեղ երկրի պաշտպանության նախկին նախարարը գործից անտեղյակ անձ էր ու կին։
«Դե եթե այդ պրակտիկան պրոեկտվում է Հայաստանի պես երկրներում, ապա վերջն այնքան էլ լավ չի լինում»,- ասաց նա։
Ռազմագետի խոսքով՝ Հայաստանն այս պահին ունի թիվ 1 անվտանգային խնդիր՝ կանխարգելել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա նախահարձակ լայնածավալ ռազմական գործողությունները։
«Դրա մասին, ի դեպ, հենց Փաշինյանը բարձրաձայնեց և՛ Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, և՛ իր մեծ մամուլի ասուլիսի ժամանակ՝ միաժամանակ նշելով, որ ինքը չի կարող երաշխավորել անվտանգությունը։ Սրանք իր բառերն են։ Ինքն ակնթարթայինկախարդական փայտիկով, որն իր սիրելի բառակապակցություններից է, ունակ չէ բանակը մեկ օրում վերազինել, կազմակերպել, բարձրացնել մարտական ոգին, մասնագետներ, զենք ու զինամթերք բերել։ Իկ հակառակորդն, իսկապես, պատրաստակամ է։ Անհրաժեշտության դեպքում, եթե ինքն (Ադրբեջանը- խմբ․) էլ որոշակի երաշխիքներ ստանա իր անդրօվկիանոսյան կուրատորներից՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, կարող է պատերազմ սկսել։ Այս առումով, Հայաստանի առջև ծառացած խնդիրը չեզոքացնելու ճանապարհը մեզ ցույց է տալիս ՀԱՊԿ ղեկավարության կողմից ՌԴ տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հորդորն առ այն, որ Հայաստանը ժամ առաջ ստորագրի ՀԱՊԿ-ի կողմից տրամադրվող օգնությունը՝ ռազմական, ռազմատեխնիկական դիտորդներ։ Վերջերս նույն ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսեց նաև խաղաղապահ զորքերի մասին, այդ ամենին գումարած զորավարժություն, զենք- զինամթերքի տրամադրում»,- ասաց նա։
Դրան հասնելու համար, ըստ ռազմագետի, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, անհատներն ու հասարակական կառույցները պետք է միասնական պահանջ ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին։ Նա պետք է ժամ առաջ ստորագրի այդ փաստաթուղթը։
«Այդպես մեր երկիրը գոնե ժամանակի առումով, պաշտպանված կլինի, այդ ընթացքում արդեն, քաղաքական ուժերը գուցե ներսում մտածեն քաղաքական պրոցեսների զարգացման ավելի ճիշտ մարտավարություն ընտրելու և արդյունավետ գործելու ուղղությամբ»,- ասաց նա։