Երբ կեղծ բարեպաշտությունն այլևս թրքասիրություն է
copy image url

Երբ կեղծ բարեպաշտությունն այլևս թրքասիրություն է

Ներքին 2 տարի առաջ - 14:59 14-04-2023
Կեղծ բարեպաշտությունը երբեք այսպես զայրացնող չի եղել, ինչպես հիմա։ Թշնամին լկտիաբար ամեն օր մեր հայրենիքից տարածք է զավթում՝ ավելի ամրապնդվելով, ներթափանցում բնակավայրեր, ահաբեկում մեր հայրենակիցներին, սպանում նրանց, իսկ մենք նստած քննարկում ենք՝ պետք էր նրան բռնության ենթարկել, տեսանկարահանել եւ տարածել, թե ոչ։

Ու նման կեղծ քաղաքակրթական թեզեր առաջ քաշողները եւ կուրծք ծեծողները իրենց լուրջ փորձագետի տեղ են դրել եւ համամարդկային արժեքներից են խոսում, քաղաքակիրթ աշխարհի արձագանքով սպառնում։ Ժողովուրդ, դուք չհասկացա՞ք, որ մեր թշնամու դեմ մենք մենակ ենք, իսկ թշնամին լկտի է, սանձարձակ, ոչ խաղաղության, ոչ բանակցության լեզուն է հասկանում։ Ձեր սիրելի քաղաքակիրթ աշխարհն էլ կարող է դատապարտել, բանաձեւ ընդունել, անգամ դատարանի որոշում կայացնել, բայց ո՞ւմ է պետք, երբ այն չի կատարվում, Լաչինի փակ միջանցքը վկա։ Իսկ այն բոլոր թեզերը, թե թշնամին կտեսնի տեսանյութերը եւ կսկսի տանջել մեր գերիներին, թերեւս իրականությունից կտրված պնդումներ են․․․մինչ այս տեսանյութերն էլ թշնամին մարդասիրական վերաբերմունք չէր ցուցաբերում մեր գերիների հանդեպ, այնպես որ Ձեր բարեգթությամբ թշնամու չեղած գութը չեք շարժի։

Քաղաքավարությունը այսօր թուլության հետ է ասոցացվում, խաղաղություն մուրալը՝ անզորության, եւ երբ մի ամբողջ պետական համակարգ իր բազում կառույցներում մի քանի օր շարունակ չի կարողանում մեր երկիր ներթափանցած ադրբեջանցիներին վնասազերծել, մեզ մնում է ապավինել ինքներս մեր վրա, զինվել, պաշտպանել մեզ եւ մեր հայրենիքը, ոգեշնչվել միմյանց խիզախությամբ եւ արարքներով։ Գուցե այսպես թշնամին հասկանա, որ ժողովուրդը չի պատրաստվում իր գյուղը, տունը, քաղաքը զիջել․․․։

Ամենից շատ դիտված