Փաստերին ամբողջությամբ տիրապետել է պետք վերջնական գնահատական տալու համար, իսկ նախնական գնահատականս այն է, որ եթե մենք նկատի ենք ունենում, որ այս հոդվածն այստեղ կիրառելի է, ապա պետք է նկատի ունենաք, որ անվտանգության ծառայությունը պարզապես որևէ գործառույթ չի իրականացնում մեր երկրում, որովհետև նրա գործառույթն հենց այն է, որ պաշտպանվող անձանց նկատմամբ բռնություն կիրառելու փորձերը ի սպառ բացառվեն։
Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով Վայոց ձորում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, երբ բերձորցի կինը անձրևանոցը նետել էր Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։
«Ինչպես է անձին հաջողվել, ըստ Քննաչական կոմիտեի, բռնություն իրականացնելու փորձ կատարել հատուկ պաշտպանվող անձի նկատմամբ, այդ փորձն ի սկզբանե պետք է կանխվեր։ Եթե այդ փորձն ի սկզբանե կանխվեր, ապա փորձի մասին խոսք լինել չէր կարող»։
Նա ընդգծեց, որ պետք է նաև հաշվի առնել, թե ինչ շարժառիթ է անձն ունեցել անձրևանոցը նետելով, նա փորձել է բռնությո՞ւն կիրառել, թե՞ բողոք արտահայտել։
«Մեր երկրում մենք ունեցել ենք ժամանակներ, երբ շատ ինտենսիվ, որպես բողոք արտահայտված խոսքի ու բողոքների համար քրեական վարույթներ էին նախաձեռնվում, հիմա էլ որոշ դեպքերում այդպես են վարվում, իմ նախնական գնահատականն այն է, որ սա այդ դեպքերից մեկն է, իսկ այդ հոդվածը, որ մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում՝ շատ ընդհանուր ձևակերպում է պարունակում՝ միջամտություն պաշտոնական անձի օրինական գործունեությանը, այստեղ որտե՞ղ եք միջամտություն տեսնում։
Մարդն իր հայրենիքին հանձնողի ուղղությամբ՝ ի նշան բողոքի, նետել է ձեռքին եղած առարկա, որ ունակ էլ չէ վնաս հասցնելու, դրա ինչն է բռնության փորձ։ Մարդը գործ ունի իր հայրենիքը հանձնող մարդու հետ, տրամաբանական չէ՞ ենթադրել, որ այստեղ մենք գործ ունենք բողոքի դրսորման հետ, մինչդեռ ՔԿ-ն խոսում է 5 տարի ազատազարկում նախատեսող հոդվածի մասին։
Ակնհայտ է, որ ՔԿ-ն շարունակում է միակողմանի պաշտպանել իշխող քաղաքական ռեժիմը, սա դրա դրսևորում է, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը կլինի»։
Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։ Իսկ այդ հոդվածով սահմանվում է «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու հանցափորձը»։ Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: