copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:08 04-04-2023

Թուրքերը մեզ մոտ գալիս էին միս վաճառելու ու ասում էին՝ ձեզ էլ կարանք էդպես կտրտել․ կին ազատամարտիկ

«Հորս հորեղբայրը ֆիդայի է եղել․ երևի ինչ-որ չափով կրել ենք հայրենիքը ամեն բանից վեր տեսնելու զգացումը՝ գենետիկորեն։ Ես ծնվել եմ Մարտակերտում և փոքր տարիքից իմացել եմ, որ թուրքը մեր թշնամին է։ Տեսել եմ նրանց ատելությունը հայի հանդեպ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուսաննա Կոստանդյանը։

Արյուն և արցունք տեսած Սուսաննան, ով անցել է պատերազմների միջով, առ այսօր հուզվում է․ «Թուրքերը մեզ մոտ գալիս էին, ասենք, միս վաճառելու, ու ասում էին՝ ձեզ էլ կարանք էդպես կտրտել։ Ես երեխա էի ու հիշում եմ, որ ամեն տարի Քյալբաջարի ճանապարհին երեխա էին գողանում ու միշտ ասում էին, որ հայ երեխեքին տանում ու սպանում են»։

Հիշում է՝ 1969 թվականին Արցախում շարժում է սկսվել, որ միանան Հայաստանին։ Ինքը դպրոցական է եղել․ «Մանկավարժական ինստիտուտ կար Ստեփանակերտում, և ուսանողները Շիրազի հետ գաղտնի համագործակցում էին, ծրագրեր էին իրականացնում, և նրանց մեջ կար մի աղջիկ։ Ես նախանձում էի այդ աղջկան, որ կարողանում էր պայքարող լինել։ Ես այդ ժամանակ առաջին դասարանում էի և չգիտեի՝ այդ աղջիկը ո՞վ է, ի՞նչ է, բայց գիտեի, որ հանուն ազգի է պայքարում»։



Սուսաննան, ով փխրուն աղջիկ էր և ընտանիքում շատ սիրված, որոշեց միանալ պայքարին․ «1988 թվականին շարժումը սկսվեց․ էնքան ոգևորված էի։ Էն ժամանակ բրիլիանտի սարքաշինական գործարանի Նոր Հաճնի կոմերիտմիության քարտուղարն եմ եղել։ 1979-ին՝ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել եմ Պոլիտեխնիկ ինստիտուտ, ու էլ չենք վերադարձել Արցախ․ ծնողներս էլ են եկել։ Մեր կապը Արցախի հետ միշտ կար․ մեր հողն էր, մեր թանկը»։

Ասում է՝ եկավ պահը, որ հայրենանվեր մարդիկ սկսեցին ջոկատներ կազմավորել․ «Առաջիններից մեկն էի, որ առանց մտածելու, ասեցի՝ ես գալիս եմ։ Հավաքել եմ խումբ, ու գնացել ենք։ Էլ կապի վրա ենք սովորել, էլ քույրական գործ։ Լուսակերտի ֆիզիոթերապևտիկ հիվանդանոցի գլխավոր բժիշկը Հայկ Դարբինյանն էր, ով հետո մեր Մուրացանի հոսպիտալի գլխավոր բժիշկն էր, ավելի ուշ՝ առողջապահության փոխնախարարը։ Շատ լավ մասնագետ էր․ իր մոտ եմ սովորել սկզբում։ Հետո առաջին բուժօգնության կուրսեր եմ ավարտել։ Այսպես գնացել եմ պատերազմ ու բացարձակ վախ չեմ ունեցել. էնքան թշնամանքով էի լցված թուրքերի հանդեպ»,-պատմում է և հուզվում։

Սուսաննա Կոստանդյանը նոր է վերադարձել դիրքերից․ շարունակում է ծառայել հայրենիքին։

«Շատ նուրբ, փխրուն երեխա եմ եղել․ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ զենք կվերցնեմ ու կմեկնեմ պատերազմ։ Իմ դասատուի հետ, որ հանդիպում եմ, ասում ա՝ ես կյանքում չէի պատկերացնի, որ քո նման քնքուշ աղջիկը կարող է զենք վերցնել ու թուրքի դեմ կռվել»,-ասում է։

Կամավորագրվել է սկզբում Նոր Հաճնից սահման մեկնող ջոկատին։



«Այդ ժամանակ տարբեր ջոկատներ ձևավորվեցին, բայց մենք կամավորական էինք։ Հետո, երբ 90-ին գնացինք Նոյեմբերյան, հետ եկանք, Վազգենը բոլոր ջոկատները հավաքեց, մենք էլ ընդգրկվեցինք Երկրապահ ջոկատների կազմում։ Էդ ժամանակ ինձ կանչեց, որ որպես կոմետմիության քարտուղար՝ գնամ, աշխատեմ իրենց հետ՝ որպես գործավար։ Ես չգիտեի, որ ինքն էլ ա կոմերիտմիության քարտուղար եղել»,-հիշում է Սուսաննան։

Անհրաժեշտ պահին պատրաստ է կռվել․ «Զենքն ինձ համար սրբություն է․ ուրիշ ոչինչ։ 1994-ին շրջափակման մեջ ենք մնացել Օմարում, ընկերներ եմ կորցրել, ես էլ վիրավորված եմ դուրս եկել․ հետս 16-17 հոգի եմ հանել։ 31-ի դեպքը, որ Նաիրիի վաշտը մնացել էր շրջափակման մեջ, ես եղել եմ բուժքույրը ու ինքս էլ շրջափակման մեջ եմ եղել։ Հուսամ նման օրերը չեն կրկնվի»,-հավելում է։

Ամենից շատ դիտված