copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 17:56 29-03-2023

Նախկինում հակասահմանադրական ճանաչվածը վերստին քննվում և սահմանադրական է ճանաչվում

Իրապես «Հռոմի ստատուտի» վավերացման հարցը ՀՀ-ի կողմից երկու հարթության մեջ է դիտարկելի՝ իրավական և քաղաքական։

Իրավական տեսանկյունից մի փոքր անսպասելի էր, որովհետև հերթական աննախադեպ իրադարձությունը տեղի ունեցավ այն համատեքստում, որ մենք դեռևս 2004 թ-ին ունեցել են ՍԴ որոշում, որով «Հռոմի ստատուտը» հակասահմանադրական է ճանաչվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանն՝ ընդգծելով, որ ստատուտը հակասահմանադրական է ճանաչվել այն առումով, որ դրա վավերացման արդյունքում նախ՝ համաներման ու ներման կիրառման հնարավորությունը բացակայում է, երկրորդ՝ Հռոմի ստատուտի վավերացումը ենթադրում է երկրում կոնկրետ գործերով այլընտրանքային քննության հնարավորություն, ինչը 1995 թ-ի սահմանադրությամբ թույլատրելի չի եղել։

«Իմ կարծիքով, այսօր էլ քննարկելի է, թե արդյոք գործող սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում թույլատրելի է, թե՝ ոչ։ Բացառիկ է և շատ չեն այն իրավիճակները, երբ նախկինում հակասահմանադրական ճանաչված փաստաթուղթը վերստին քննվում և սահմանադրական է ճանաչվում»։

Նա ընդգծեց, որ «Հռոմի ստատուտը» չվավերացնող երկրների ցանկում են ԱՄՆ-ն, Չինաստանը, ՌԴ-ն, այդ թվում՝ մենք 2004 թ-ին, երբ հակասահմանադրական էր ճանաչվել։ «ՍԴ ընդունված որոշումը քաղաքական առումով երկակի մոտեցման տեղիք է տալիս, շատ է քննարկվում է, որ սա հակառուսական գործունեության արդյունք է։ Բայց նաև պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կառավարությունը հետադարձության խնդիր է բարձրացրել և ստատուտը վավերացնելիս գործելու է 2021-ի մայիսից սկսած։ Այսինքն, հետադարձ ուժով է վավերացրած:

Սա ենթադրում է, որ այս վավերացումը կարելի է մեկնաբանել, որ կապ ունի ոչ թե հակառուսականության հետ, այլ այն Ադրբեջանի դեմ է ուղղված։ Քանի որ միջազգային քրեական դատարանի քննության հարց է նաև Ադրբեջանի կողմից մարդկության դեմ հանցագործությունները՝ պատերազմական հանցագործություններ, ցեղասպանություն և այլն։

Գաղտնիք չէ, թե Ադրբեջանի կողմից ինչ բնույթի ու քանակի պատերազմական հանցագործություններ են արվել։ Այսինքն, ես ուզում եմ տեսականորեն քննարկման ենթակա հարցեր բարձրացնել, որոնք կարելի է հաշվի առնել։ Մասնավորապես, թե ինչու հետադարձությունը 2020 թ-ին պատերազմական ժամանակահատվածը նույնպես չի ընդգրկում, բայց 2021 թ-ը մայիսը, երբ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցան ոտնձգություններ՝ ներառված է։ Այսինքն, սա իշխող ուժի որդեգրած քաղաքականության համատեքստում արցախյան-հայաստանյան տարանջատումն է տեղի ունենում, որովհետև 44-օրյան համարվում է Արցախյան պատերազմ, իսկ հետադարձությունը տրվել է 2021 թ-ի մայիսից, երբ ներխուժում եղավ ՀՀ տարածք։

Այսինքն, եթե անգամ որոշումը իրականում հակառուսականության նպատակ ունեցել է, ինձ համար նախընտրելի կլիներ որոշումը ներկայացնել, այնպես որ հակառուսականությունը բացակայում է, ու արդարացնել այս ստատուտի վավերացումը։ Որովհետև, եթե անգամ իրական նպատակը հակառուսականության դրսևորումն է ու Ռուսաստանն էլ բավական կոշտ է արձագանքում, ամեն դեպքում՝ մեր շահերից չի բխում խոշոր գերտերություններից որևէ մեկի հետ հարաբերությունների խաթարումը»։

Նա ընդգծեց, որ եթե անգամ արևմուտքի թելադրանքով ՀՀ իշխանությունները փորձում են այս ստատուտի վավերացումն ապահովել, ապա մենք մինչև օրս ունենք բազմաթիվ միջազգային կառույցների կողմից որոշումներ Ադրբեջանի դեմ, որոնք այդ երկիրը փութաջանորեն շարունակում են չկատարել՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ու քամահրանք չուցաբերելով այս կառույցների հանդեպ։

«Մինչդեռ, Եվրոպան, ի հակասություն տարբեր երկրների նկատմամբ սանկցիոն քաղաքականության կիրառման, Ադրբեջանի նկատմամբ լուռ հանդուրժողականություն է ցուցաբերում՝ վտանգելով թե իր միջազգային հեղինակությունը, թե լրջագույն հարցադրումների տեղիք տալով։ Այսինքն, եթե եվրոպական կառույցները կարող են սանկցիաներ կիրառել, ապա ինչո՞ւ են եվրոպական հեղինակավոր կառույցները կայացնում որոշումներ, մինչդեռ Ադրբեջանը կարողանում է քամահրորեն չկատարել այդ որոշումներն ու դա մնում է անհետևանք»։