Խոսք 3 տարի առաջ - 17:29 29-03-2023

Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում․ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը:

«Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ՀԱՊԿ կենսական շահերի գոտում՝ Հարավային Կովկասում, տեղի ունեցող զարգացումներին։

Ինչպես գիտեք, Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանի նկատմամբ, որի չբավարարման դեպքում Ադրբեջանն, ըստ էության, սպառնում է նոր պատերազմով։

Ալիևն ուղիղ տեքստով է ասում, որ եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել, ապա պետք է Ադրբեջանի պայմաններով սահմանների դելիմիտացիա իրականացնի։
Իսկ դա նշանակում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի լայնածավալ տարածքների և բազում բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական ուղիղ վերահսկողություն։

Ալիևի այս սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողություններով։

Այսպես, վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սադրանքներից մեկի ընթացքում, ցավոք, հայ զինծառայող է զոհվել։
Իսկ մեկ այլ դեպքով ադրբեջանցիները կրակ են բացել ռուս զինվորականների մեքենայի վրա, ինչի արդյունքում նրանցից երկուսը հոսպիտալացվել են։

Լեռնային Ղարաբաղում վիճակը շատ ավելի ծանր է։
Վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրվել են կրակահերթեր խաղաղ բնակիչների ուղղությամբ, շփման գծի հայկական հատվածում ընթացող ոստիկանական մեքենային թիրախավորում, որի հետևանքով երեք մարդ է զոհվել։

Տեղի է ունեցել նաև 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ այլ կոպիտ խախտում՝ ադրբեջանցիները հատել են շփման գիծը և առաջխաղացում ապահովել այնպիսի հատվածում՝ խափանելով Արցախի կարևոր ենթակառուցվածքներից մեկի՝ միջբնակավայրային ճանապարհի ֆունկցիոնալությունը։

Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը ջանքեր է գործադրում իրավիճակը վերահսկելու և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, սակայն խնդիրը քաղաքական լուծումներ է պահանջում։

Ադրբեջանը ոչ միայն խախտում է 44-օրյա պատերազմից հետո հրադադարը հաստատող Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ փաստաթղթերը, դրան հաջորդած ժամանակաշրջանում տարբեր ձևաչափերով տեղի ունեցած հանդիպումների պայմանավորվածությունները, այլև հանդես է գալիս նոր առավելապաշտական պահանջներով՝ վտանգելով ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Վերջին շրջանի զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ։
Ուզում եմ հիշեցնել 2016 թվականի հոկտեմբերի 14-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ամրագրված է Արցախի հարցի համատեքստում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Կարծում եմ՝ մեր բոլորիս խնդիրն է կանխել դեպքերի նման ընթացքը և կոնկրետ քայլերով ստիպել Ադրբեջանին ետ կանգնել նման մտահղացումներից»։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել

Ձեզ գուցե հետաքրքրի