Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:43 28-03-2023

Երբ ԲԴԽ անդամի պաշտոնը ապահովում է թռիչքային վերելք․ դատավորների առաջխաղացումներն ու գիտնականների հրաժարականները

Մենք պարբերաբար անդրադառնում ենք, թե ինչպես են ԲԴԽ մի շարք անդամներ այդ պաշտոնը օգտագործում առաջխաղացման համար։ Ասել է թե հայտնվելով դատավորների անկախությունը երաշխավորելուն կոչված կառույցում՝ դատավորները զբաղված են միայն սեփական բարեկեցության հարցեր լուծելով՝ դրա դիմաց դառնալով օրվա քաղաքական իշխանության ճնշումների, որոշումների մասնակից։

Ստորև կներկայացնենք այն դատավորներին, որոնք ԲԴԽ անդամ դառնալուց հետո պաշտոնի առաջխաղացում են ունեցել

1․ Ռուզաննա Հակոբյան, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի դատավոր- 2018թ. մարտի 1-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ, ապա նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։

2. Արմեն Բեկթաշյան, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր- 2018թ. մարտի 1-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ, ապա նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

3. Արմեն Խաչատրյան, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր-2018թ. մարտի 1-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ, ապա նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր՝ Երևանի նստավայր: Պաշտոնավարել է մինչ 2019թ-ի հունիսի 14-ը:

4. Սերգեյ Չիչոյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր- 2018թ. մարտի 1-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ, ապա նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2022 թվականի հուլիսի 4-ից մինչ հոկտեմբերի 7-ը կատարել է ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Պաշտոնավարման ընթացքում նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարան Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատավոր։

5. Մեսրոպ Մակյան, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր- 2019 թվականի հուլիսի 11-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ, 2022 թվականի հոկտեմբերի 17-ին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

6. Անի Մխիթարյան, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր- 2018 թվականի մարտի 1-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ, ապա նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Մխիթարյանը շուտով տեղափոխվելու է Վճռաբեկ դատարան, ոչ ավել, ոչ պակաս՝ Քաղաքացիական պալատի նախագահ։ Ոմանք առաջխաղացում են ունեցել ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամանակ, իսկ ոմանք հրաժարական են ներկայացրել։

Առաջինը թերևս պետք է հիշատակել Գագիկ Հարությունյանի հրաժարականը, ով 2018թ փետրվարի 28-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ, ապա դարձել նախագահ, պաշտոնավարել է մինչ 2019 թվականի մայիսի 24-ը։

Երկրորդը Գևորգ Դանիելյանն է, ով ընտրվել էր Հարությունյանի հետ միասին, նրա հրաժարականից հետո կատարել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները՝ պաշտոնավարելով մինչ 2019 թվականի հունիսի 10-ը:

Հայկ Հովհաննիսյանը ևս ընտրվել էր 2018թ. փետրվարի 28-ին, պաշտոնավարել է մինչ 2020 թվականի նոյեմբերի 11-ը:

Գագիկ Ջհանգիրյանը 2021 թվականի հունվարի 22-ին է ընտրվել ԱԺ-ի կողմից, 2021 թվականի ապրիլի 15-ից մինչ 2022 թվականի հուլիսի 4-ը կատարել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները, ապա հրաժարական տվել Վարդազարյանի հետ սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո։

Գրիգոր Բեքմեզյանը 2019 թ. հունիսից մինչև 2022 թվականի հոկտեմբերը հանդիսացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Պաշտոնավարել է մինչ 2022 թվականի հոկտեմբերի 10-ը:

Սերգեյ Մեղրյանը 2018թ. փետրվարի 28-ից մինչ 2019 թվականի հունիսի 14-ը հանդիսացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Պաշտոնավարել է մինչ 2019 թվականի հունիսի 14-ը, ապա դարձել է Գլխավոր հարկադիր կատարող։

Լիպարիտ Մելիքջանյանը 2018թ. փետրվարի 28-ից մինչ 2022 թվականի հուլիսի 4-ը հանդիսացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: ԲԴԽ թվականի որոշմամբ՝ նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, նա ԵՊՀ դասախոս է։

Արմեն Հայկյանցը 2020 թվականի ապրիլի 3-ին Նախագահի հրամանագրով նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար, պաշտոնավարել է մինչ 2020 թվականի նոյեմբերի 11-ը:

Այսպիսով՝ ԲԴԽ կազմում երբևէ նշանակված բոլոր դատավորները, բացառությամբ Վճռաբեկի դատավորների և Նաիրա Հովսեփյանի, բոլորը ունեցել են առաջխաղացում։ Իսկ գիտնականների դեպքում իրավիճակը շատ ավելի տխուր է, բոլորը հեռացել են հրաժարականով, միայն Մեղրյանի դեպքում է առաջխաղացում եղել, նա դարձել է ԴԱՀԿ ղեկավար, իսկ Մելիքջանյանը դարձել է դատավոր։

Ձեզ գուցե հետաքրքրի