Հուլիսի 27-ին դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամ ընտրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին։
Մինչ այդ՝ Նաիրա Հովսեփյանն առաջադրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր պաշտոնում, սակայն ԱԺ-ի կողմից չէր ընտրվել։
Oragir.news-ի հետ զրույցում փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ քաղաքացիական գործերով նիստերի չի մասնակցել և դատավարական պրոցեսների մասին չի կարող կարծիք հայտնել, բայց դատավոր Հովսեփյանին ճանաչում է որպես մասնագետ դեռևս 2000 թ-ից։
«Նա համարվում էր լավագույն դատավորներից մեկը, այն ժամանակ Շենգավիթ վարչական շրջանում էր դատավոր։ Ես կարծում եմ, շատ արժանի լավ դատավոր է, հաշվի առնելով, որ նաև հերոս որդի է ծնել ու դաստիարակել այս ազգի և պետության համար»։
Անդրադառնալով Հովսեփյանի՝ Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրվելուն՝ Ասլանյանն ասաց, որ դա շատ ցավալի փաստ էր։ «ԱԺ պատգամավորների էդպիսի վերաբերմունքը հային անհարիր է։ Բայց երբ նայում ենք ձայների համամասնությունը, արդեն ակնհայտ է, որ այդտեղ կարծիք հայտնելու իրավասություն որևէ մեկը չի ունեցել։ Դա հրահանգավորված, դրիսիրովկա արված ընտրություն է եղել։ Մնացածն արդեն դրա հետևանքներն են»։
Հարցին, թե որքանով Հովսեփյանը կդրսևորի քաղաքական անկախություն և կկարողանա խույս տալ քաղաքական հրահանգավորումներից՝ նա պատասխանեց, որ դրա ստուգելու առիթները դեռ շատ կլինեն։ «Ցավոք, այսօրվա իշխանությունն այնպիսին է, որ դա ստուգելու առիթներ դեռ շատ կունենանք։ Ես չեմ կարծում, որ քաղաքական հետապնդումները դադարեցվել են կամ այլևս չեն լինելու։ ժամանակը ցույց կտա։
Ես հույս ունեմ, որ տիկին Հովսեփկյանը չի համալրելու ԲԴԽ այն անդամների շարքը, ովքեր ընդամենը հանձնարարություն կատարող են և որպես անաչառ դիտորդ հանդես չեն գալիս»։
Փաստաբան Մարինե Ֆարմայնյանն ասաց, որ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ ակնածանք ունի, թե որպես մարդ, թե որպես դատավոր։
«Ընկեր Հովսեփյանը մեզ դատախոսել է , դեռ համալասարնական տարիներից ճանաչում ենք նրան, բայց որևէ անձնական շփում չի եղել։ Մի քանի անգամ գործերով առնչություն ունեցել եմ, նորմալ դատաքննություն է իրականացրել, իսկ ինչ վերաբերում է դրանից հետո տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին՝ նաև մեր պարտքն է աջակցելու լավ դատավորներին լավ մարդկանց»։
Անդրադառնալով քաղաքական անկախության պահպանելուն՝ Ֆարմանյանն ասաց, որ դատավորները քաղաքական թիվ մեկ ամբիոնում, նաև հենց օրենսդիր մարմնի առջև պատասխանատվություն են ստանձնում չկրել քաղաքական ազդեցություն։ «Հետագայում, թե ինչ վարքագիծ կդրսևորեն՝ կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, որ դա կանխատեսելի չէ, փորձենք հիմա ապավինել իրենց խոստումներին»։
Խոսելով Հովսեփյանի Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրվելուն՝ փաստաբանն ասաց, որ դա քաղաքական որոշում էր։ «Ես չեմ հասկանում գործող իշխանությունների որևէ գործողություն, լինի քաղաքական, թե ոչ քաղաքական։ Հետևաբար, իրենց քաղաքական որոշումները չեմ մեկնաբանի, որովհետև այնտեղ ոչ տրամաբանություն կա, ոչ խիզախություն։ Ես, ամեն դեպքում, ապավինում եմ մեր դատավորների խոստումին ու երդումին։
Ես լիահույս եմ, որ տիկին Հովսեփյանը կխուսափի քաղաքական պատվերներ կատարելուց, որովհետև նրա կենսագրությունը հնարավորություն է տալիս դատողություններ անելու, նրա ողբերգական կորուստը՝ հրաշալի որդու կորուստից հետո, ես լիահույս եմ նա կշարունակի լինեն այնպիսին ինչպիսին կա»։