Երևան +20°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:02 27-03-2023

10 միլիոն ծառի գաղափարը հիմարություն է և աբսուրդ. բնապահպան

Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ ՝ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի ժամանակ, հայտարարել էր, որ մինչև 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանում կտնկվի 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը։

Բնապահպան Սիլվա Ադամյանը, Oragir.News-ի հետ խոսելով 10 միլիոն ծառի տնկման ծրագրից, ասաց, որ ծառատունկ եղել է, բայց չի կարող նշել, թե թվով քանի ծառ է տնկվել։

«Ես չեմ կարող ասել, թե քանի ծառ է տնկվել․ իրենք ո՛չ հանրության հետ են աշխատել, ո՛չ հասարակական խորհուրդներ ունեն։ Նախարարությունը ունի, բայց ես չեմ գնացել, տեղեկացված չեմ։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանի բնապահպանական բաժնին, այնտեղ, ընդհանրապես, հանրության հետ չեն աշխատում»,- ասաց Ադամյանը և հավելեց, որ հասարակական խորհրդի գոյությունը պարտադիր է, որպեսզի տեղեկացնեն, թե ինչ են ուզում անել, որ հանրությունը դրա մասին պարտադիր իմանա։

«10 միլիոնի ծառը հիմարություն է և լրիվ աբսուրդ, իսկ եթե իրենք պատկերացնում են, որ այդ 10 միլիոն ծառը պետք է կտրեն, հետո տեղը տնկեն, դա էլ արդեն ուրիշ խնդիր է»,- ասաց բնապահպանը։

Դիտարկմանը, որ այդ մասին վարչապետը հայտարարել էր տարիներ առաջ, Ադամյանն արձագանքեց. «Դա հնարավոր բան չէ, չեն կարող իրենք 10 միլիոնի ծառ տնկել, մեր տարածքը լանդշաֆտը տարբեր է, տարբեր կլիմայական գոտիներ ունենք, և մեզ մոտ այդքան ծառ տնկելը շատ բարդ պրոցես է, դրա համար ուսումնասիրություններ են պետք, պետք է 10 միլիոն տնկիներ գտնել, բերել․ դա լուրջ խնդիրներ է։ Այն, որ չեն տնկել, դա հաստատ է, և ես վստահ եմ, որ չեն էլ տնկելու։ Այդ 10 միլիոնի վրա կարելի է խաչ քաշել»,- ասաց Ադամյանը։

Ադամյանը նշեց նաև, որ բացի այն, որ իրենք չեն կարողանալու 10 միլիոն ծառ տնկել, տնկված ծառերն էլ սխալ ժամանակ են տնկվում. «Իրենք ուշ աշնանն էին ծառեր տնկում, և այդ ժամանակ շատ բարդ են տնկիները կպչում, ավելի ճիշտ կլինի, որ ծառատունկը լինի գարնանը, գարնան ծառատունկը շատ ավելի լավն է, քանի որ մենք հողի բերրի շերտ չունենք, շատ քիչ է մեր մոտ, և դրա համար ծառերը դժվար են կպչում, բացի դա՝ չգիտենք, թե ինչ որակի ծառ ենք բերում»,- ասաց բնապահպանը։

Ադամյանը նշեց, որ մենք նույնիսկ ջրագծեր չունենք 10 միլիոն ծառ ջրելու համար։ «Մենք այդպիսի ջրագծեր ունե՞նք, ով պետք է այդ 10 միլիոն ծառերը ջրի, նույնիսկ տնկած ծառերը չենք կարողանում ջրել, դրա համար ամբողջ ամառ բոլոր ծառերը չորանում են․ դա ֆանտազիայի ոլորտից է, եկեք մոռանանք այդ մասին, որ իրենք կարող են 10 միլիոն ծառ տնկել, հնարավոր բան չէ դա»,- ասաց Ադամյանը։

Ադամյանը, անդրադառնալով հնչեցված մտքին, ասաց, որ խոստումներ միշտ էլ լինում են՝ և՛ քաղաքական դաշտում, և՛ բնապահպանական դաշտում, բայց վիճակը գնալով վատանում է, և մենք ոչ մի ռեալ կատարվող աշխատանք չենք տեսնում։

Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, քանի որ ընթացքում խնդիրներ են առաջ եկել։

Հակոբյանը խոսքով՝ ծրագրի իրականացմանը խոչնդոտել է քովիդը, հետո պատերազմը, և որոշ օբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ ծրագիրը իր սահմանված հաշվարկներով չի ընթացել․ «Սահմանված քանակից շուրջ մեկ ու կես մլն-ը արդեն տնկված է։ Հայաստանը ունի պարտավորություն՝ անտառածածկ տարածքները մեծացնելու և կրկնապատկելու, և այդ 10 միլիոնը խորհրդանշական գաղափար կրող ծառատունկ էր, որին հաջորդել են քովիդը և պատերազմը, և դրանով պայմանավորված՝ դա հենց այդ պահին չի իրականացվել»,-ասաց Հակոբյանը և հավելեց, որ հնարավոր է՝ իր նշած թվից էլ ավելին տնկված լինի։

«Այն ժամանակ, երբ հայտարարվեց 10 միլիոն, դա նշանակում էր, որ յուրաքանչյուր հայ, որտեղ ծառ տնկի, կհաշվարկվի այդ 10 միլիոնի շրջանակում։ Այսինքն, եթե մարդն իր բակում է տնկում, միջազգային կազմակերպությունն ինչ-որ խորհրդանշական ծառատունկ է անում, այսինքն՝ ցանկացած տնկված ծատ համարվում էր այդ 10 միլիոնից մեկը։ Կարգախոսն էլ դա էր՝ «Ես մեկն եմ 10 միլիոնից»։ Բայց տնկված ծառերի քանակը հաշվարկելը շատ բարդ էր, քանի որ եթե մարդն իր այգում կամ բակում ծառ է տնկում, դրա մասին հաշվետվություն չի ներկայացնում, և մենք ունենում ենք միայն անտառային հողերում տնկված ծառերի հաշվարկը»,- ասաց մամուլի քարտուղարը։