copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:13 27-03-2023

Վարդենիսի տուն-ինտերնատում սկանդալային բացահայտումից հետո նախարարությունում պատժվողներ եղե՞լ են

Մոտ մեկ ամիս առաջ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ում տեղի ունեցածի մասին հաղորդագրությունը բառիս բուն իմաստով պայթեցրեց համացանցը։

Ոստիկանությունը հաղորդել էր, որ տեղեկություններ են ստացվել, ըստ որոնց՝ տուն-ինտերնատի տնօրենը հիվանդներին խոշտանգում է, զրկում հասանելիք սնունդից, ծխախոտից և ենթարկում աշխատանքային շահագործման։

Տուն-ինտերնատի հիվանդներից մեկին ոստիկանները հայտնաբերել են իր հիվանդասենյակում՝ ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված վիճակում։ Պարզվել է նաև, որ բուժառուներին ստիպում են մաքրման աշխատանքներ կատարել ինտերնատի տնօրենին պատկանող խոզանոցում։

Բացի այդ՝ տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Տուն-ինտերնատի տնօրենը և աշխատակիցներից մի քանիսը ձերբակալվել են։

Քրեական գործի մասին հայտնի հրապարակումից հետո մեկ ամսից ավել ժամանակ է անցել, սակայն մինչ այժմ լուռ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Միթե այս ընթացքում որևէ ուսումնասիրություն, քննություն չի եղել, նախարարությունում կատարվածի մասով պատասխանատու, իրավասու անձինք չկա՞ն։

Արդյոք պատշաճ ուսումնասիրվել և քննարկվել է պատասխանատու անձանց գործողությունները կամ անգործությունը, պաշտոնական անփությունը տուն-ինտերնատի վերահսկողության հարցում։

Մասնավորապես, մեր տեղեկություններով, այս հոգեբուժարանի մասով իրենց պատասխանատվությունը ունեն փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, Մոնիթորինգի վարչության պետ Հայկ Մուրադյանը, Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանը և այլք։

Նրանք անմիջական հսկողություն և պատասխանատվություն ունեն Վարդենիսի տուն-ինտերնատի մասով, բայց մեծ հարց է՝ նրանց գործունեությունը ուսումնասիրվել է, թե ոչ և պատասխանատվության ենթարկվել են, թե ոչ։