Եվրո-2024-ի որակավորման փուլի (D խումբ) մեկնարկում Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվեց Թուրքիայի ընտրանուն։
Նախ, հարկ է խոսել դրական կողմերի մասին։ Հավաքականի նորեկներն իրենց լավ դրսևորեցին։ Խաղի մեկնարկից Ուգոչուկվու Իվուն ցույց տվեց, որ ազգային թիմի հիմնական հենակետայինն է և, եթե չլինեն վնասվածքները, իր տեղն ամրագրելու է հիմնական կազմում։
Հիանալի տպավորություն թողեց եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Նա հերթական անգամ ապացուցեց, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Մեծ ապագա է սպասվում նաև Գեորգի Հարությունյանին, ով իր տարիքի համար շատ հասուն խաղ ցուցադրեց։
Հավաքականի տղաները դրվագներով «կրակոտ» ֆուտբոլ էին խաղում կարգով ավելի բարձր հավաքականի դեմ խաղում։ Սա, իհարկե, ողջունելի է։ Ալեքսանդր Պետրակովն իր բնույթով խստապահանջ մասնագետ է և հուսանք, որ խաղային կարգապահությունը կլինի նաև առաջիկա խաղերում։
Թուրքիայի հետ հանդիպումից առաջ գլխավոր հարցերից մեկն այն էր՝ 4, թե 5 (կենտրոնական՝ 3) պաշտպաններով հանդես կգա ազգային թիմը։ Հարոյան-Հարությունյան-Ոսկանյան եռյակով սկսելը ամուր տեսք էր հաղորդել թիմին։ Հարկ է ընդգծել նաև այն հանգամանքը, որ Կամո Հովհաննիսյանը և Նաիր Տիկնիզյանը միտված են գրոհների և նրանք շատ ավելի հարմար են զգում իրենց այսպիսի սխեմայում։
Արդյունքը միանգամից զգացվեց․ հիանալի գրոհ և վինգերի դիրքում հայտնված Հովհաննիսյանի փոխանցումից հետո թուրք ֆուտբոլիստը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
28-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը ցավալիորեն չկարողացավ շարունակել հանդիպումը և Պետրակովը փոխարինեց նրան՝ խաղադաշտ դուրս բերելով Ստյոպա Մկրտչյանին։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում արդեն Մկրտչյանի փոխարեն դաշտ մտավ Բայրամյանը և թիմն անցավ 4 պաշտպաներով խաղի։
Գովելի է դարպասապահ Արսեն Բեգլարյանի խաղը։ Նա մի քանի իրավիճակներում փրկեց մեր թիմին, ինչպես նաև օգտագործեց իր լավագույն կողմերից մեկը՝ ոտքով խաղը։
Աշխատելու տեղ կա այն հարցում, երբ Հայաստանի հավաքականը գոլ է ընդունում, որից հետո չի կարողանում խփել։ Այդ խնդիրը վերջին տարիներին ստվերի պես հետապնդում է տղաներին, ուստի Պետրակովից ջանքեր են պահանջվում տխուր վիճակագրությունը շտկելու համար։