copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:17 23-03-2023

Լրագրողներից վառվածները․ ինչու չի կարելի համեմատել լրագրողների և պաշտոնյաների գնած տները

Հայաստանի իշխանությունները կարծես 7 երգ գիտեն, 7-ն էլ լրագրողների մասին, կարճ ասած՝ լրագրողներից վառված են։

Այսինքն՝ լրատվամիջոցները գրում են որևէ պաշտոնյայի թանկարժեք գույք ձեռք բերելու մասին, ՔՊ-ից հակադարձում են՝ «լրագրողներն էլ են ձեռք բերում, մերը կոռուպցիա է, ձերը՝ ո՞չ»։

Օրեր առաջ ՔՊ-ի «ամենաանիպատիա» դեմքերից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը այդպես հակադարձել էր «Առավոտի» լրագրողին, երեկ՝ «Հետքի» փոխխմբագրի տուն գնելու մասին էր խոսել։ Բայց այս պատմության մեջ մի քանի դրվագ կա, որին արժե ուշադրություն դարձնել։

Նախ, ստացվում է, որ պաշտոնյաները, օգտագործելով իրենց դիրքը, լծակները, տեղեկություններ են հավաքում լրագրողների մասին՝ խախտելով, օրինակ, բանկային գաղտնիքը, ոչ հանրամատչելի անձնական տվյալներ ձեռք բերելով լրագրողների գույքի, եկամուտների մասին։
Սա, ի դեպ, քրեորեն պատժելի արարք է, որի համար, իհարկե, պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվի։

Երկրորդ՝ լրագրողները պետական աշխատողներ չեն, բյուջեի գումարներով չեն սնվում, ըստ էության, կոռուպցիայի մեջ չեն կարող մեղադրվել, հետևաբար՝ նրանց տուն գնելու մեջ կոռուպցիա չպետք է փնտրել։

Երրորդ՝ լրագրողների գնած գույքը կարելի է համեմատել պաշտոնյաների գնած գույքի հետ, համեմատության ոչ մի եզր, մի դեպքում 50-60 քմ տուն, մյուս դեպքում՝ 150-200 քմ։

Չորրորդ՝ գույք գնող լրագրողները տասնյակ տարիների փորձ ունեն, համեմատաբար բարձր են վարձատրվում, ամբողջ կյանքում աշխատել են, ունեն ընտանիք, ամուսին, ծնողներ, հետևաբար՝ կարող են նաև հարազատների օգնությամբ կամ առանց դրա իրենց թույլ տալ բնակարան գնել, դա նվազագույնն է տարիների լարված, պատասխանատու, չարքաշ աշխատանքի դիմաց։

Ի տարբերություն լրագրողների՝ իշխանափոխությունից հետո գույք ձեռք բերողները նախկինում աչքի չեն ընկել բարձր եկամուտներով, մեծ ունեցվածքով, պահանջված մասնագետ չեն եղել, իսկ այսօր պետական պաշտոնին նրանց ստացած աշխատավարձը համաչափ չէ գնած գույքին, որովհետև պաշտոնյա դառնալուց հետո նրանք չեն կարող միանգամից և շատ լավ ապրել, ճամփորդել, թանկարժեք ռեստորաններ այցելել, թանկարժեք խանութներից օգտվել, միառժամանակ տներ, հողամասեր և մեքենաներ գնել։

Ձեր ճանաչած և բնակարան գնող լրագրողները, ի դեպ, տասնյակ տարիներ աշխատում են, իրենց զրկում են բազում հաճույքներից, ճոխություններից, որպեսզի վերջապես կարողանան 50 քմ-ոց մի բնակարան ունենալ։

Այնպես որ մի համեմատվեք լրագրողների հետ, եթե որևէ լրագրող Հայաստանում զբաղված լիներ խարդախությամբ, շորթումով մեծ գումարներ աշխատելով, վստահաբար՝ վրեժխնդրության անհագ ծարավ այս իշխանությունը նրա ետևից կգնար։