copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:26 22-03-2023

Առողջապահությունը 5 տարով լիցենզավորելու միտքը լավն է. մնում է` իրագործեն

«Անկեղծ ասած, դրական եմ գնահատում, որովհետև բուժկենտրոնը միանգամ լիցենզիա է ստանում, հետո սարքերը հնանում են, մասնագետները փոխվում են, ինչ ասես չի լինում ու ստացվում է, որ բուժկենտրոնը լիցենզիա ունի, և դա չի նպաստում բուժօգնության որակի բարձրացմանը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ խոսելով առողջապահության նախարարի առաջարկից, համաձայն որի՝ բժշկական կենտրոններն ու դեղատները պետք է լիցենզավորել 5 տարի ժամկետով։

Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը Ազգային ժողովում ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սա եզակի բաներից է, որ ես դրական եմ գնահատում, բայց դա դրական է։ Իմ կարծիքով՝ դա դրական կանդրադառնա բուժօգնության որակի վրա»,- ասաց Գրիգորյանը։

Հետաքրքրվեցինք Գրիգորյանից, թե այս նախագիծը ռիսկեր չի՞ պարունակում, բժիշկն արձագանքեց. «Ռիսկեր ցանկացած պրոցես է պարունակում, բնականաբար՝ սա էլ։ Ես, անկեղծ ասած, քանի որ չեմ հետևում մեր «փառապանծ» կառավարության նախագծերին և իրենց ելույթներին, չեմ կարող ասել՝ ինչ ձևով են նախատեսում իրականացնել գործընթացը։ Կարող է և ռիսկեր պարունակել, բայց ցանկացած պրոցես պետք է ինչ-որ մի օր սկսվի, դա լավ պրոցես է, բայց մեր երկրում հիմնական պրոցեսը իրականացման հետ է կապված։ Հիանալի գաղափարը վերցնում, այնպես են իրականացնում մարդիկ, որ գաղափարն էլ է տուժում, իրականացման միջոցն էլ է տուժում։

Հիմա եթե կարողանաք ճիշտ իրականացնել, շատ լավ կլինի, քանի որ ցանկացած բուժկենտրոն էլ պարբերաբար պետք է լիցենզավորվի, իր նորմատիվներին հետևի, ոչ թե մի անգամ լիցենզիա ստանա, հավերժ ինչ ուզում է անի, լիցենզիա ունենա»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանն ասաց, որ լինելու են շատ հաստատություններ, որոնք այդ գործընթացի ընթացքում կզրկվեն լիցենզիայից և դա ոլորտի կազմակերպիչը արդարացված է համարում։

«Այո, լինելու են բուժհաստատություններ որոնք զրկվելու են, որովհետև, օրինակ՝ մարդը իր երկու սենյականոց բնակարանում բացում է ինչ-որ մասնավոր կենտրոն ու սկսում է աշխատել։ Ինչ-որ սարքավորումների առկայություն է ապահովում ու սկսում է աշխատել, արդյոք դա հիվանդանոցային ստանդարտներին համապատասխանող կենտրոն է, թե՝ ոչ։ Իհարկե՝ չէ, բնականաբար, այդ պայմաններում չի կարելի ծավալել բժշկական գործունեություն։ Եվ ես կողմ եմ, որ նման կլինիկաները, ասենք՝ գարաժում բացված կլինիկաները, մասնավոր ատամնաբուժական, բնակարաններում բացվածները պետք է փակվեն, որովհետև բժշկական կենտրոնները պետք է ունենան իրենց ստանդարտները, լինի դա շենքային, կադրային, թե գիտելիքային։ Եթե ստանդարտները չեն պահպանվում, միանշանակ պետք է համապատասխան միջոցներ կիրառվի, որովհետև այդ կլինիկաներում բուժում են ստանում մեր հայրենակիցները»,- եզրափակեց Գրիգորյանը։