copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:33 21-03-2023

Կարմրուկի դեմ չպատվաստվածները կամ պատվաստվելը չհիշողները կարող են նորից պատվաստվել

Վերջին շրջանում կարմրուկի դեպքերի թիվը նվազման միտում ունի։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով վերջին օրերին կարմրուկի վարակվածության ցուցանիշից, ասաց, որ հնարավորություն չկա միանգամից հաղթահարել այն։

«Միտումը գնում է լոկալ բռնկումների, որը մենք մշտապես ասում ենք։ Դա միանգամից կտրուկ կտրել չէր լինի։ Այդպիսի պրակտիկա չկա, դա աստիճանաբար պետք է մարի ինկուբացիայի մաքսիմալ առավելագույն գաղտնի շրջանի հաշվարկով՝ 21 օրվա հաշվարկով»,- ասաց Սահակյանը։

Սահակյանը նշեց, որ այս պահին մենք գնում ենք մարման գործընթացի. «Եզակի դեպքեր կգրանցվեն մինչև վերջին կոնտակտից, եթե հիվանդացել է կամ շփումներ է ունեցել, առավելագույն գաղտնի շրջանից հետո դեպքեր չեն գրանցվի»։

Հարցին, թե կարմրուկի դեմ պատվաստման խուճապը և տեմպերը պահպանվե՞լ են, Սահակյանն ասաց. «Ես այս պահին խուճապ չեմ տեսնում, ուղղակի մարդիկ, դեպքի մասին լսելով, նրանք ովքեր, որ ընդհանրապես պատվաստում չունեին կամ չէին հիշում իրենց պատվաստումային կարգավիճակի մասին, այդ մարդիկ էին պատվաստվում, և դա ճիշտ էր, որովհետև կարմրուկի հետ գործ ունենինք․ ցանկացած ոք, ով պատվաստված չէ, չունի փաստագրված պատվաստում և նախկինում չի հիվանդացել, կարող է ցանկացած պահի հանդիպի վիրուսին և հավանականությունը մեծ է, որ կվարակվի, այդ իսկ պատճառով ես սա խուճապ չէի անվանի, պահանջարկը մեծ է այս պահին պարզապես պահանջարկի մեծածում է, ես այդպես կբնորոշեմ դա, և հատկապես դիմում են այն մարդիկ, ովքեր պատվաստումային կարգավիճակ չեն հիշում, չունեն, երբևիցե չեն պատվաստվել, չեն հիվանդացել, այդ մարդիկ են դիմում և իրենց և իրենց երեխաների համար»։

Հարցին, թե ինչ են անում նման դեպքերում, երբ մարդ չի հիշում պատվաստվել է, թե ոչ, Սահակյանն ասաց. «Նման դեպքում, եթե անձը դիմում է և ցանկանում է պատվաստվել, անպայման ընդառաջում ենք, բայց պլանավորված գործընթաց այդ անձանց համար այս պահին չկա։ Եթե տեսնենք, որ հետագայում խնդիրներ կարող ենք ունենալ, գուցե այդ ճանապարհով էլ գնանք, այսինքն՝ որոշակի տարիքից հետո, ովքեր որ ընդհանրապես չեն հիշում իրենց պատվաստումային կարգավիճակի մասին, նրանց կառաջարկենք պլանավորվածորպես գործընթաց»։

Հարցին, իսկ պատվաստված լինելու, բայց այդ մասին չհիշելու դեպքում ինչ ազդեցություն կունենա օրգանիզմի վրա ևս մեկ չափաբաժին պատվաստանյութը, օրգանիզմը չի տուժի արդյոք, Սահակյանն ասաց. «Իհարկե ոչ, որովհետև նույն պրոցեսն է գնում, եթե, ենթադրենք, մարդը պատվաստված է և հանդիպում է վիրուսի հետ, ինչ պետք է լինի նման դեպքում․ ընդամենը օրգանիզմում կան հակամարմիններ և հակամարմինները կպայքարեն, կչեզոքացնեն, նմանատիպ գործընթաց գնում է նաև պատվաստման դեպքում։ Եթե մարդ պատվաստված է կամ պատվաստված է կամ հիվանդացած է, այս դեպքում դա խթանիչ դերակատարում կունենա, այսինքն՝ օրգանիզմը կհիշի, որ նման կարգի վիրուս կա, և նրա նկատմամբ հիշողության բջիջները կսկսեն արտադրել բուռն հակամարմիններ․ դա օրգանիզմին որևէ վտանգ չի սպառնում»։