Արցախի բնակիչ Ալեն Ղուլյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դադարեցվել է Արցախի բնակիչներին ՀՀ ID քարտերի տրամադրումը։
«ՀՀ ներքին գործերի նախարարություն Ministry of Internal Affairs of the RA ու՞մ հրահանգով է դադարել ID քարտերի տրամադրումը Արցախի բնակիչներին` «կապ չկա», «ծրագիրը կախվել է» և մի քանի այլ ծիծաղելի պատճառաբանություններով։ Արցախն էլ Հայաստան չ՞ի, yoldaş daxili işlər naziri։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman ինչ-որ մեկի ցուցումով արցախահայության իրավունքներն արդեն բռնաբարվում են..»։
Արցախի ոստիկանության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն ասաց, որ իրականում խնդիրը տեխնիկական է և կապված է Արցախում առկա կապի խնդրի հետ։
«Խնդիրը վերացնելու ուղղությամբ աշխատում են մասնագետները։ Առաջիկայում ID քարտերի տրամադրումը կվերականգնվի, այսինքն, ծրագրավորման խնդիր է, կապը լիարժեք չի սնուցվում, սա է հիմնական պատճառը։ Իմիջիայլոց, Հայաստանում էլ նման խնդիր կա, ոչ միայն Հայաստանում է»։
Նա նշեց, որ այսօր խոսել ենք ՀՀ ոստիկանության ծրագրավորողների հետ։ «Նրանք ասացին, որ առաջիկա մի քանի օրերին խնդիրը կլուծվի։ Հստակ որևէ օր չեն ասել, որովհետև իրենք էլ այդ խնդիրն ունեն։ Հուսամ՝ մինչև շաբաթվա վերջ խնդիրը կլուծվի»։
Դիտարկմանը, թե որքանով այստեղ կարելի է քաղաքական ենթատեքստ գտնել՝ նա նշեց, որ բացարձակ նման ենթատեքստ չկա։ «Օրինակ՝ վաղը կարող է լինել, իսկ մյուս օրը՝ կրկին չլինել։ Այսինքն, կապի խնդիր է, լիարժեք չի սնուցվում կապը, սա է պատճառը»։