Մշակույթ 3 տարի առաջ - 23:08 16-03-2023

Ինչպես և ում նվիրել գիրքդ. խորհուրդ Մանուկ Աբեղյանից

1865 թվականի մարտի 17-ին ծնվել է հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակ Մանուկ Աբեղյանը։

Մեծ գիտնականի մասին գրականագետ Ռուբեն Զարյանի հուշը կարելի է վերանվանել «Խորհուրդ կամ վարպետության դաս` Մանուկ Աբեղյանից, թե ինչպես և ում նվիրել նոր լույս տեսած գիրքդ»։

Զարյանը պատմում է.

«Պաշտոնատեղում նստած` հրատարակչական գործերով էի զբաղված։ Լսվեց դռան բախոց։
- Մտեք։
Անփույթ ձայն տվի ես։
Դռների մեջ Աբեղյանը երևաց։
- Կարելի՞ է։
Հարցրեց նա առանց տեղից շարժվելու։
Անմիջապես ընդառաջ գնացի, աթոռ առաջարկեցի և խնդրեցի նստել։
Ձեռքի գիրքը դրեց սեղանին։
- Նոր աշխատասիրությունս է լույս տեսել` «Գուսանական երգեր», բերել եմ ձեզ հիշատակի համար։
- Ես գնել եմ,- թռավ բերանիցս։
- Ոչինչ։ Ձեր օրինակն էլ մեկին կնվիրեք։
- Շնորհակալ եմ, շատ զգացված։



Շփոթված էի նրա վերաբերմունքից և չգիտեի, թե նման դեպքերում ինչ է հարկավոր ասել։ Թեև խիստ շոյված, բայց լավ չէի զգում ինձ, որ ինքն է բերել։

- Ընկեր Աբեղյան, ինչու՞ եք նեղություն քաշել ու բերել, իմաց կտայիք` ինքս կգայի ձեր տուն։
- Չի կարելի, ընդունված չէ։ Եթե հիվանդ չէ հեղինակը, ապա ինքը պետք է տանի։ Դա ընդունված կարգ է։ Ոչ մի նշանակություն չունի` նվիրողն է տարեց, թե ստացողը։ Հարգանքի նշան է այդ և խորհուրդ կտայի ձեզ` հետևել դրան։

Հիմա չեմ հիշում թե ինչու խոսք բացվեց այն մասին, թե հեղինակն ում պետք է գիրք նվիրի։ Նա մի ամբողջ պատմություն արավ այդ հարցի շուրջ։

- Նախ այն մարդկանց, որ իրենց մասնակցությունն են բերել գրքի տպագրությանը` սրբագրիչից սկսած մինչև հրատարակիչը։ Հետո` գրչակից ընկերներիդ, իհարկե, ընտրությամբ, մանավանդ նրանց, որ կարդացել են ձեռագիրդ, խորհուրդներ տվել։ Այն գիտնականներին, որ քեզ ուսուցիչ են եղել, կամ էլ` թե ուսուցիչ չեն եղել պաշտոնապես` երախտապարտ եք։ Հա՛, մեկ էլ մոտիկ մարդկանց։ Վերջապես` նաև նրանց, որ իրենց գիրքը նվիրել են ձեզ։ Գոնե մեկ անգամ պետք է պատասխան տալ։

Հիշեցի, որ ես նրան տարել էի իմ «Նախշավիղը»։ Սա նրա պատասխանն էր։

Ու ես մինչև օրս հաճախ հիշում եմ Աբեղյանի այս այցը, հաճախ եմ պատմում ուրիշներին, թե ինչ ասաց այդ մեծ մարդը և բարոյական ինչ ուսանելի խրատ կար նրա խորհրդում»։

Պատրաստեց Նաիրա Եղիազարյանը

Ամենից շատ դիտված

12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են

Ձեզ գուցե հետաքրքրի