Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:44 15-03-2023

Իմ տունը գտնվում է այնքան բարձրում, որ ես լսում եմ Աստծո հազը

1920 թվականի մարտի 16-ին ծնվել է իտալացի գրող, պոետ, սցենարիստ, նկարիչ, հումանիստ Տոնինո Գուերան։

Մեր կյանքը լեցուն է պատրանքներով, սին երազներով, հույսերով ու տեսիլքներով։ Դրանցից որոշները մեզ խանգարում են առաջ գնալ, զարգանալ, որոշները օգնում են ապրել։ Տոնինո Գուերան իր ստեղծագործություններով լրացնում է մեր երազներն ու տեսիլքները, որոնք, անշուշտ, ապրեցնող են։ 20-րդ դարի մեծագույն այս գեղագետի ծննդյան օրվա առթիվ առաջարկում ենք կրկին կարդալ նրա մտքերը ու հիանալ Գեղեցիկով։



Հավատի և հավերժության մասին

Մի հավատացեք նրան, ով ձեզ ասում է, թե փառքը տառապանք է բերում: Կյանքում կան այլ` իրական տառապանքներ և փորձություններ:

Օրինակ՝ ես անընդհատ տանջվում եմ մահվան վախից: Ինչո՞ւ, որովհետև ես անհավատ եմ: Կուզեի հավատալ, բայց չեմ հավատում: Եվ սա մեծ խնդիր է: Գիտեք, այնպես, ինչպես մուրացկանն է հաշվում, թե գրպանում որքան մանրադրամ կա, այդպես էլ ես եմ. ես ապագայում հավերժություն չունեմ:

Մյուս կողմից, ինձ միշտ զարմացրել է մորս ուժը: Նա ծառայում էր հիվանդանոցային եկեղեցում, օգնում ծիսակատարությունների ժամանակ։ Մայրս այբուբենը չիմանալով, լսողությամբ լատիներեն աղոթքներ էր սովորել: Մի անգամ ես նրան հարցրեցի. «Մայրիկ, ինչու՞ ես կրկնում այս աղոթքները: Միևնույն է, քեզ ոչ ոք չի հասկանում»:

«Բայց ինձ հասկանում է Նա», - պատասխանեց մայրս՝ ցույց տալով երկինք:



Միայնության մասին

Մենք միշտ հակված ենք միայնության, նույնիսկ, երբ շրջապատված ենք մարդկանցով: Բայց մեր միտքը միշտ մեզանից խելացի է լինում ու ինչ-որ ելք է փնտրում: Եվ մենք ձեռք ենք գցում առաջին պատահած բանին, օրինակ` հեռուստատեսությունը, ու դրա միջոցով փորձում լրացնել միայնության դատարկությունը և այդպիսով գոյատևել: Ես այնքան էլ չեմ սիրում հեռուստատեսային արտադրանքը, բայց ես գիտակցում եմ հեռուստատեսության կարևորությունը:

Հարյուրավոր մարդիկ ապրում են մշակութային կենտրոններից շատ հեռու, և նրանց ու աշխարհի հետ կապը պահպանելու միակ ճանապարհը դառնում է հեռուստացույցը։ Սա մխիթարում է: Բայց այսօր «հեռուստատեսություն» և «գովազդ» բառերի միջև կարող ենք հավասարության նշան դնել: Այն այլևս չի օգնում մարդուն գոյատևել, քանի որ ինքն է հազիվ գոյատևում՝ իրեն վաճառելով:

Ֆելինիի մասին

Մենք նրա հետ շատ էինք վիճում։ Թեև ոչ, իսկապես ես վիճում էի Անտոնիոնիի հետ։ Իսկ Ֆելինիի հետ մենք ավելի շատ ծիծաղում էին։ Եվ զրուցում էինք։ Ես ու Ֆելինին ծնվել ենք նույն տարում իրարից 10կմ հեռավորության վրա։ Մեզ միավորում էր մեր մանկությունը և ընդհանուր հիշողությունները. առաջին հանդիպումը ծովի հետ, ջրի հետ մեր հանդիպումը։ Ես երբեք չեմ մոռանա իմ մանկության առաջին ձյունը` մեծ, խոշոր փաթիլները, որոնք թափվում էին երկնքից։ Հիշում եք, այդ թափվող ձյան տեսարանը կա «Ամարկորդում»։



Օդը

Օդը դա թեթև մի բան է քո գլխի շուրջ, որը դառնում է ավելի լուսավոր, երբ դու ժպտում ես։

Փիլիսոփայական եզրակացություն

Դու սիրում ես ծաղիկներ ու պոկում ես դրանք, դու սիրում ես կենդանիներին ու միս ես ուտում։ Դու ասում ես, որ սիրում ես ինձ` ես վախենում եմ քեզանից։

Մետամորֆոզներ

Հիմա անձրևի ձայնն ինձ ավելի է դուր գալիս, քան սիմֆոնիկ համերգները։

Ծերությունը

Մինչև յոթանասուն տարեկանս խոնարհվում էի արվեստի հիասքանչ ստեղծագործությունների, մարդկության ստեղծած գլուխգործոցների առջև...Ես մեծ ուժ ունեի դրանք պաշտելու համար... Հիմա ինձ հիացնում են միայն բնական բաները, միայն այն, ինչ ստեղծել է բնությունը:

Անձրև կամ ձյուն. դա միշտ ներկայացում է: Բայց ես արդեն հանդիսատես ու երկրպագու չեմ: Ես Տիեզերքի մասնիկն եմ։

Ես հասկացա, որ ծերության ժամանակ կարող ես մեծ հաճույք զգալ, պարզապես այն պատճառով, որ դու դիպչում ես քո տեսածի խորությանը: Մի անգամ ես բացատրել եմ «նայել և տեսնել» բառերի տարբերությունը: Երիտասարդությունը նայում է, ծերությունը` տեսնում: Երբ երիտասարդ ես, կուրացած ես աշխարհով, նայում ես գույնին, նյութին: Դու հաճախ նայում ես, բայց չես տեսնում: Վերջերս Իտալիայում մեքենայով անցնում էի և տեսա մի բան, որն ինձ զարմացրեց: Խնդրեցի կանգնեցնել մեքենան և դուրս եկա: Դա պարզ չուգունե նստարան էր: Այն լքված էր և ծածկված մամուռով և այնքան հին էր, որ դրա վրա ոչ ոք չէր նստում: Ես տեսա նրա մենությունը, ես տեսա այն ծեր մարդկանց, որոնք նախկինում նստում էին այս նստարանին և նայում էի անցնող մեքենաներին: Ծերերն այդ վաղուց մահացել են, իսկ նստարանը մենակ է մնացել: Ես նստեցի նստարանի վրա, որպեսզի կիսեմ նրա մենությունը: Սա ծերության հաճույքներից մեկն է ՝ տեսնել ...

Պատրանքներ

«70-ամյա մի ռուս բաելտի պարուհի պար էր դասավանդում դպրոցում։ Մի անգամ նա իր գեղեցիկ կազմվածքով խելքահան արեց երիտասարդ մի տղայի, որը սկսեց հետապնդել նրան։
Պարուհին արագ սլացավ տուն, որպեսզի տղան չկարողանա հասնել իրեն։ Նա հուզված, շնչակտուր փակվեց բնակարանում։ Պարուհու դուստրը հարցրեց, թե ի՞նչ է պատահել։
«Զարմանալի պատմություն»,- պատասխանեց տարեց մայրը, - «Ինձ հետապնդում էր մի երիտասարդ։ Ես չէի ուզում, որ նա տեսնի իմ դեմքը և հիասթափվի իմ տարիքից։ Նայիր պատուհանից դուրս, տե՛ս, նա դեռ այնտե՞ղ է»։
Աղջիկը մոտեցավ պատուհանին ու տեսավ մի ծերունու, ով նայում էր վերև»։

Հազը

Իմ տունը գտնվում է այնքան բարձրում, որ ես լսում եմ Աստծո հազը։

Գերակայություններ

Գալիս է մի ժամանակ, երբ ընկեր ես ընտրում այն մարդուն, ում հետ կարող ես լսել անձրևի ձայնը։

Թարգմանեց Նաիրա Եղիազարյանը