Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 20:36 13-03-2023

Մեզ մոտ ո՞վ է գրականությամբ ապրել որ․ Գևորգ Էմինի հուշը` Եղիշե Չարենցի մասին

Զարմանալի՜ մի ընկեր ունեինք, Բաղդիկ Սարգսյանը, որին «Գանգ» էինք կոչում: Նրա հայրը կարծեմ բեռնակիր էր, մայրը՝ անգրագետ և բավական չար կամ չարալեզու մի կին: Բաղդիկենք ապրում էին Գետառի ափին, մի համարյա թե... հավաբնում։

Բաղդիկը երաժշտության, գրականության և ընդհանրապես արվեստների սիրահար էր, մի իսկական արտիստ: Աղքատ, հիվանդ, նա իր ճարած վերջին փողերով հացի փոխարեն գրքեր էր գնում, արձանիկներ, ձայնապնակներ: Բանաստեղծություններ էր գրում, քանդակում և, կարծեմ, պիեսի էր վերածել Մոպասանի «Ֆրանսուազան»։ «Գանգ» էինք ասում նրան ա՛յն պատճառով, որ նա կավից մի գանգ էր քանդակել և այդ գանգը ձեռքին բռնած արտասնում էր Համլետի մենախոսությունը:

Մի անգամ, սովորականի պես, Չարենցի լուսամուտի տակ ցցված սպասում էի, երբ տեսա Գանգին, որը երկու կապոց գիրք ձեռքին մտնում էր Չարենցի շենքի նախամուտքը։ Գանգն այդ ժամանակ աշխատում էր գրքերի բաժանորդագրության ինչ-որ հիմնարկում և գրքեր էր տանում բաժանորդների տները:

- Չարենցի մոտ հո չե՞ս գնում,- հևասպառ հարցրի ես:

- Հա՛, եթե ուզում ես տանե՛մ, վերցրո՛ւ այս կապոցներից մեկը…

Ես չսպասեցի, որ առաջարկը կրկնվի, և իսկույն նրա ձեռքից վերցրի երկու կապոցն էլ...

Դուռը բացեց Չարենցի գունատ, խոշոր աչքերով կինը՝ Իզաբելլան: Կիսամութ միջանցք, պատին՝ Հայաստանի քարտեզը:

-Կարելի՞ է,- կարծես հեռվից, երազի մեջ ես լսեցի Գանգի ձայնը, և ինձ նրա հետ գտա Չարենցի աշխատասենյակում.

Չարենցը շապկանց նստած էր անկողնում, ցածր թախտի վրա, ոտքերը ծալած, գունատ ու մեռելադեմ։ Գանգուր մազերն անխնամ ճակատին ցրած, նա ինչ-որ բան էր գրում:

Չեմ հիշում, թե ինչ էր խոսում Գանգը նրա հետ, հիշում եմ միայն, որ ես, գրքի կապոցները ձեռքիս, խելագարի պես քայլում էի սենյակում և անկապ-անկապ արտասանում Չարենցի «Գիրք ճանապարհի» գրքի բանաստեղծությունները:

-Սպասի՛ր, սպասի՛ր, ա՜յ տղա, մի էդ գրքերը ցած դիր ու ասա, թե ո՞վ ես, անունդ ի՞նչ է:

Շփոթված կանգ առա, գրքերը դրի հատակին և նո՜ր միայն նկատեցի սենյակը, հատակի կարմիր գորգը, Բուդդայի արձանը, Չարենցի առաջին կնոջ՝ Արփիկի լուսանկարը, չինական հեքիաթային պաննոն և գրքե՜ր, գրքե՛ր, գրքե՜ր:



Ասացի, որ ուսանող եմ, իրեն շա՜տ եմ սիրում, հիշեցրի, որ փողոցից գոռացել եմ ու ողջունել իրեն: Հիշե՛ց։ Գանգը մատնեց, թե արդեն բանաստեղծություններ եմ գրում:

- Քանի՞ տարեկան ես:

- Տասնյո՛թ։

-Անո՞ւնդ։

- Կառլե՛ն։

- Ա՜յ տղա, տասնինը թվականին Կառլե՞ն կար… Որտե՞ղ ես սովորում:

Քանի որ նա արդեն լսեց, որ բանաստեղծություններ եմ գրում, ամաչելով ու դժգոհությամբ ասացի, որ, թեև հայրս ստիպել է ընդունվել պոլիտեխնիկական ինստիտուտ, բայց... (ուզում էի ասել «մեկ է, կփախչեմ, կգնամ համալսարանի բանասիրականը»...)։

- Ա՜յ տղա, էդ ինչ հանճարեղ հայրիկ ունես,- ընդhատեց նա՝ համարյա թե գոռալով,- էդ ի՜նչ խելոք բան է արել։ Ո՛չ մի բանասիրական… Անպայման որևէ մասնագիտություն ունեցիր: Մեզ մոտ ո՞վ է գրականությամբ կարողացել ապրել, որ…- Հենց թեկուզ ե՛ս...

Դրա ապացույցը ես տեսա մի քանի րոպե հետո, երբ պարզվեց, որ նա փող չունի՝ Գանգից վերցնելու... իր բաժանորդագրական գրքերը։ Ավելի՛ն, նա իսկույն խնդրեց, որ Գանգն իր գրադարանի գրքերից մի քանիսը տանի վաճառելու։

Լալա Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց