Մշակույթ 3 տարի առաջ - 00:02 13-03-2023

Արմատներս այստեղ են, Տերյանի մեջ

1897 թվականի մարտի 13-ին ծնվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը։

Չարենցի ծննդյան օրվա առթիվ ձեզ ենք ներկայացնում գրականագետ Ռուբեն Զարյանի հուշերից մեկը, որտեղ նա պատմում է Պետհրատում Չարենցի հետ մի հանդիպման մասին։

Սա այն ժամանակահատվածն էր, երբ Չարենցն ուսումնասիրում էր Տերյանի անտիպ ձեռագրերը` հրատարակելու նպատակով։ Այս փոքրիկ պատմության մեջ բացահայտվում է Եղիշե Չարենցի մեծ սերն ու ակնածանքն առ Վահան Տերյան։ Սա ոչ այլ ինչ է, քան վարպետության դաս այն մասին, թե ինչպես է մի հանճարեղ մարդը մեծարում ու գնահատում մյուս հանճարեղին...




«Սեղանի վրա մի տետր կար, որից Չարենցը Պետհրատի փոքրիկ բլանկների վրա ոտանավորներ էր արտագրում։ Հարցրի, թե ինչ է անում, և չե՞մ կարող օգնել իրեն։
- Չէ՛։

Քիչ հետո գլուխը բարձրացրեց։
-Տերյան սիրու՞մ ես։

Չսպասեց պատասխանիս.
-Ինչպե՛ս կարել է չսիրել։ - Ապա մատնանշեց իր արտագրությունը։ - Տերյան է, սիրելի՛ս, Տերյան։ Ուզում եմ մի լավ հատոր պատրաստել։ Սրանք նրա անտիպ ստիխներից են, չմշակված, մեծ մասամբ սևագրություն։ Բայց տես, ինչպե՛ս է գրել։

Կարդաց հորը նվիրված ոտանավորը։ Վեր կացավ պահարանից հանեց Մակինցյանի հրատարակած Տերյանը։

- Այս է իսկական Տերյանը։
Ձեռքին երրորդ հատորն էր։

- Տերյանը սա է, որ չգիտեն, դժբախտաբար։ Այստեղ է նրա իսկական հմայքը։

Ու թեև հատորը ձեռքին, անգիր ասաց «Տեսա երազ մի վառ...» բանաստեղծությունը։

- Սա գիտե՞ս ինչ է, մինատյուր է, իսկական մինատյուր։ Հազվագյուտ խտացում։ Մտքի, երևակայության այս աներևակայելի թռիչքը միշտ էլ ինձ հիացրել է։

Մի փոքրիկ լռությունից հետո երկու ոտանավոր էլ կարդաց, սկզբում` «Դու հպարտ չես, իմ հայրենիք», իսկ հետո` «Մշուշի միջից տեսիլ դյութական»։

- Ո՞վ է իր երկրի մասին այսպես գրել։ Ոչ ոք։ Հա՛, գուցե մեկ էլ Թումանյանը։ Մնացածը պրիմիտիվ է, հասարակ, ամեն ինչ ուղղակի է ասված, «лобовой» ասես քարոզ լինի, միտինգում ասված ճառ։ Սեր՝ զգում ես, որ կա, բայց արտահայտություն չկա, վառված սիրտ, այո՛, կա, բայց պատկերը գտնված չի։ Ա՛յ, Տերյանն ուրիշ է։ Լսի՛ր։

Չշլացա խնդուն փառքիդ
Անցյալ ու հին փառքով երբեք,-
Սիրեցի հեզ, անքեն հոգիդ,
Եվ երգերըդ մեղմ ու բեկ-բեկ.
Խեղճությունըդ` խավար ու լուռ.
Աղոթքներըդ դառն ու ցավոտ,
Զանգակներիդ զանգը տխուր`
Եվ խուղերիդ լույսերն աղոտ...

Լռեց ու նայեց ինձ։ Ես ասացի.

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում։

Ծիծաղեց։

- Այո՛, այո՛, այդպես է։ Արմատներս, այստեղ են, Տերյանի մեջ։ Եվ միայն ի՞մը, արդյոք։ Շատերն են նրանից գալիս։ Եվ ուրիշ, ի՞նչպես։ Տերյանը բարձր տեսակ է, իսկական փղոսկր։ Կրկնել չի կարելի։ Ելակետ է, բայց ճանապարհն ինքդ պիտի անցնես...

***

Մի օր հարցրի` տեսե՞լ է Տերյանին։
- Մի անգամ։ Պատահմամբ։ Ինչպես Լերմոնտովը Պուշկինին։

Պատրաստեց Նաիրա Եղիազարյանը




Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
16:39 ԵՊՀ-ն դուրս է մնացել աշխարհի լավագույն 1000 բուհերի ցանկից. պատճառներն ըստ փորձագետի
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի