Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 20:52 09-03-2023

Ժանսեմ. ծովը կանաչ էր, երկինքը՝ կարմիր

1920թ. մարտի 9-ին, Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Սելեզ գյուղում ծնվել է ֆրանսահայ նկարիչ Հովհաննես Սեմերջյանը, որը մեզ բոլորիս ծանոթ է Ժանսեմ անունով։

Թուրքական հալածանքներից ու ջարդերից մազապուրծ Սեմիրջյանների ընտանիքը 1922 թ. գաղթում է Հունաստան և հաստատվում Սալոնիկում:

«Հիշում եմ, այն ժամանակ ես 3 տարեկան էի. ծովը կանաչ էր, երկինքը՝ կարմիր, նավակներից ձեռքեր էին կախ ընկած, ամենուր արյուն էր, կրակ և բոց»,- պատմում է Ժանսեմը:



1931 թվականին հոր մահից հետո, նկարչի մայրը որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով Սալոնիկից նրա հետ մեկնում է Ֆրանսիա և հաստատվում Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում:

«Յոթ տարի անց, մեր ընտանիքը տեղափոխվեց ապրելու Փարիզ: Լուվրում կախված է Դելակրուայի մի նկար, որը տեսնելով ես ցնցվեցի: Թվում էր, թե նկարը այն կյանքից էր, որը ես ապրել էի մանկության տարիներին: Այնուամենայնիվ, ես մինչև հիմա իմ այստեղ գտնվելը զարմանալի եմ համարում, և հաճախ հարցնում եմ ինձ՝ ի՞նչ եմ ես անում Ֆրանսիայում, այս մարդկանց հետ: Ոչ գլուխս է նրանց գլխին նման, ոչ սիրտս, ոչ էլ ապրելակերպս: Ի՞նչն է պատճառը: Հետո ես ինքս ինձ պատասխանում եմ՝ պատճառը Եղեռնն է, ինչը ես բավական երկար ժամանակ չէի խիզախում պատկերել վրձնով»:

1939 թ. Ժանսեմը ավարտում է Փարիզի Դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը, ապա մեկ տարի կատարելագործվում Սաբաթիեի արվեստանոցում։ 24-ամյա նկարիչը սկսում է ցուցադրվել Անկախների սալոնում՝ իր «Ջութակահարը» կտավով։



Պատերազմի ծանր տարիներից հետո, Ֆրանսիայում ծնվում է մի ուղղություն, որը բացահայտում, պատկերում ու ներկայացնում է կյանքի հատակը, մարդկանց թախիծը, միայնությունը, կյանքի ունայնությունը։ Ժանսեմը հետևելով այս ուղղությանը, որպես բնորդ ընտրում է ոտաբոբիկ, ցնցոտիներով ու տառապած դեմքով մանուկներին, վտիտ, հյուծված ու կնճռոտած ծեր կանանց։
Միզերաբլիստ` թշվառների նկարիչ. այսպես են բնորոշում Ժանսեմին ֆրանսիացի տեսաբանները։ Նրանցից մեկը` Ք. Բլանը գրում է. «Կորուսյալ հոգիները իրենց ապաստանն են գտել բանաստեղծ-նկարչի մոտ: Նա կտավին է հանձնել այն, ինչը աշխարհը չկարողացավ տեսնել: Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»:



Ժանսեմն ինքն էլ խոստովանել է. «Ես ինքս Եղեռնը չեմ տեսել, և զինվոր էլ չեմ եղել: Թուրքերը Կոստանդնոպոլիսից չէին սկսել, քանի որ այնտեղ էին տեղակայված բազմաթիվ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ: Տեղահանումը սկսել էին գյուղերից: Իմ մայրն էր այդ մասին պատմում: Առաջին հերթին հավաքել էին բոլոր երիտասարդ տղամարդկանց, որոնց մեջ էր նաև իմ քեռին: Եվ բոլորին, այդ թվում նաև քեռուս կախել էին: Իմ ծնողները ոտքով հասել էին մինչև Բաղդադ: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են նրանք այդպիսի երկար ճանապարհ անցել ոտքով: Ես նրանցից միշտ փորձում էի իմանալ մանրամասները՝ ինչ են կերել, որտեղ են քնել: Երբ ես 7-8 տարեկան էի, մայրս հաճախ էր պատմում կատարվածի և վերապրածի մասին: Այդ տանջանքների մեջ նաև հրաշքներ էին տեղի ունեցել՝ եզակի մարդկանց հաջողվել էր հասնել մինչև Դեր-Զոր և կենդանի մնալ: Մայրս էլ հասավ: Մանկական տարիքում, այդ պատմությունները լուրջ ազդեցություն էին գործում իմ հոգեկան աշխարհի վրա: Այդ ամենը հնարավոր չէր նկարել: Երբ երիտասարդ էի՝ մտածում էի այդ մասին: Սակայն ինքս ինձ ասում էի՝ դա անհնար է նկարել: Պետք է շատ հզոր լինես, որ կարողանաս այդ ամենը պատկերել: Առաջ ես երբեք չէի խիզախի դա անել»:



Խիզախումը, թեև ուշ, բայց այնուամենայնիվ եղավ։ Ժանսեմն ութսուն տարեկան էր, երբ ստեղծեց իր 34 կտավներից բաղկացած «Եղեռն» շարքը, որը 2001 թվականին, Հայաստան այցի ժամանակ նվիրեց Հայոց Ցեղասպանության թանգարանին։ Հայրենիքը նկարչին պատվեց ՀՀ Սուրբ Մեսրոպ Սաշտոցի շքանշանով։

Սա թանկ պարգև էր Ժանսեմի համար, թեև նա արդեն հասցրել էր արժանանալ աշխարհի առաջնակարգ երկրների ամենատարբեր մրցանակներին ու շքանշաններին։ Նրան բազում պարգևների, ընդհուպ մինչև Պատվո լեգեոնի շքանշանի էր արժանացրել իրեն հյուրընկալող, գնահատող ու մեծարող երկիրը` Ֆրանսիան։ Նրա կտավները հանգրվանել էին աշխարհի բոլոր հեղիանակավոր թանգարաններում։ Դեռևս կենդանության օրոք բացվել էր Ժանսեմի անվան երկու թանգարան Ճապոնիայում։



Այս ամենին զուգահեռ, այնուամենայնիվ Ժանսեմը թախծում էր...

Ինչպես ինքն էր խոստովանում. «Այնպես է լինում, որ թախծում եմ, սակայն իմ բնույթով վատատես չեմ, այլ ընդհակառակը: Բայց եթե խորանանք, ապա իմ մեջ խորը վիշտ կտեսնենք - այդ վիշտը կա ողջ հայ ժողովրդի սրտում»:



Բազմաթիվ հաջողությունների միջով անցած, վերելքներ հաղթահարած ու բարձունքներ նվաճած, սակայն սրտում միշտ վիշտ ու թախիծ կրող նկարիչը մահացավ 2013 թվականին, 93 տարեկանում։ Ժանսեմի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում, հուղարկավորությունը` Կլամարի միջհամայնքային գերեզմանատանը։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ