«Եթե չեմ սխալվում, էլեկտրոմոբիլների կայանման վճարների համար նախատեսված արտոնությունները գործել են վերջին մի քանի տարիներին»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։
«Դրա տրամաբանությունն այն է եղել, որ մենք պետք է խթանենք քաղաքում էլեկտրոմոբիլների ավելացումը, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն ձեռք բերել էլեկտրոմոբիլներ։ Բնական է, որ ինչ-որ պահից, երբ էլեկտրոմոբիլների տեսակարար կշիռը քաղաքում ավելանա, մենք այդ արտոնությունը, որպես այդպիսին, կվերացնենք։ Բայց, էկոլոգիական տեսանկյունից, դա, կարծում եմ, որ լավ խթան է»,- ասաց նա։
Oragir.News-ի զրուցակիցն անդրադարձավ նաև էլեկտրոմոբիլներին արտոնություններ տալու ֆոնին մյուս վարորոդների հնարավոր բողոքի վերաբերյալ հարցին։
«Չի կարող բողոքել այն վարորդը, որը բենզինով կամ, ավելի պակաս, գազով արտանետում է առաջացնում։ Էլեկտրոմոբիլների տեսակարար կշռի ավելացումը և՛ քաղաքում, և՛ երկրում ոչ միայն էկոլոգիական խնդիր է լուծում, այլև ունի ռազմավարական նշանակություն։ Որովհետև գազի ու ընդհանրապես, վառելիքի գնային տատանումները էական ազդեցություն են ունենում բոլոր ոլորտների վրա։ Երբ մենք դա վերածում ենք էլեկտրոմոբիլի, որոնք իրենց հերթին լիցքավորվում են, իսկ մենք գիտենք, որ Հայաստանը հոսանք արտադրող երկիր է, և չունի նավթագազայի ռեսուրսներ, այս առումով մենք որքան ավտոմոբիլներից թեթևացնենք վառելիքի բեռը, այնքան կունենանք էներգետիկ ավելի բարձր անկախություն։ Իրականում բոլոր երկրներում են փորձում էկոլոգիապես մաքուր տրանսպորտային տեսակներին անցում կատարել»,- ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, վարորդները բողոքում ու հարցադրում են կատարում, թե ինչու պետք է էլեկտրոմոբիլի հնարավորույթուն չունեցող վարորդների ու սմարթ մեքենաներ վարողների համար արտոնությունների տարբերություն լինի, Խաժակյանն ասաց, որ էլեկտրոմոբիլները ևս շուտով կսկսեն էժանանալ։ Խնդիրներն, ըստ նրա, ժամանակի ընթացքում կլուծվեն։
«Եթե էլեկտրոմոբիլն արժենար 5000-6000 դոլար, ապա կդիտարկեինք հավասար պայմաններում և արտոնության խնդիր չէր առաջանա։ Բայց քանի որ այն համեմատաբար թանկ է, մենք խթանում ենք, որ այդ թանկը քաղաքացին ձեռք բերի և դրանով խնայի քաղաքի էկոլոգիան։ Ես 2 ամիս առաջ գտնվել եմ Թեհրանում, որտեղ շահագործվող մեքենաների մեծ մասը բենզինային շարժիչով էր, այն էլ հին տեխնոլոգիաների՝ 70-80-ականների արտադրության։ Եվ որքան Թեհրանը փորձում է կանաչապատել մայրաքաղաքը, միևնույն է, տրանսպորտային արտանետումները թույլ չեն տալիս, որ էկոլոգիան կարգավորվի։ Ոստի մեզ համար, իհարկե, «փրկություն» է, որ մեծամասամբ մեքենաները գազով են շահագործվում, բայց հենց բենզինն էժանանում է, մարդիկ սկսում են բենզինով շահագործել։ Մարդկանց տեսանկյունից սա տնտեսական էֆեկտ ունի, բայց էկոլոգիայի տեսանկյունից ամեն բան սկսում է վատթարանալ, երբ բոլորն սկսում են բենզին օգտագործել»,- ասաց նա։
Խաժակյանի խոսքով՝ այժմ աշխատանքները կենտրոնացված են քաղաքում տրանսպորտն «էլեկտրականացնելու» ուղղությամբ։
«Հիմա ձեռք ենք բերել նոր տրոլեյբուսներ։ Համայնքային հիմնարկներում, երբ մեքենաներ են ձեռք բերվում, եթե մի քիչ հնարավորություն կա, ապա ձեռք են բերում էլեկտրական շարժիչով»,- ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ արտոնությունների վերացման մասին կմտածեն այն ժամանակ, երբ էլեկտրական ավտոմեքենաների ծավալը քաղաքում հասնի 20 տոկոսի կսկսեն մտածել արտոնությունների վերացման մասին։
«Ժամանակն էլ է դրան բերելու, որովհետև հիմա էլետրոմոբիլները մեկ լիցքավորմամբ դեռևս բավարար չափով երկար չեն ընթանում, դրա համար չունեն այդ մասսայականությունը։ Հենց այդ մասսայականությունը գա, արտոնությունն անիմաստ է լինելու»,- եզրափակեց նա։