Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:04 03-03-2023

Թամանյանը եկավ իր հանճարով, խանդավառված, ամենատես և սևեռուն հայացքով

1878 թվականի մարտի 4-ին Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար) ծնվել է ճարտարապետության ակադեմիկոս, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանը։

Հայ մեծ ճարտարապետը անձամբ ծանոթ էր Ռուսաստանի կայսրության ցար Նիկոլայ II հետ, գրող Մաքսիմ Գորկու, օպերայի երգիչ Ֆյոդոր Շալյապինի և կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի հետ: Նա մտերիմ էր բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, նկարիչ Մարտիրոս Սարյանի, գրող Մարիետա Շահինյանի, տաղանդավոր նկարիչներ Բենուայի, Լանսերեի և Շրետերի ընտանիքների հետ։ Նրանցից շատերը հուշեր, պատմություններ, հոդվածներ ունեն գրած տաղանդավոր այս ճարտարապետի մասին։ Սակայն դրանցից այսօր առանձնացրել ենք մեկը, որն առանձնահատուկ է ասելիքի, գնահատման, արժևորման առումով։



Նկարիչ Մարտիրոս Սարյանի ու Ալեքսանդր Թամանյանի միջև ընկերությունը սկսվել է 1911 թվականին, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են «Мир искусства» ընկերության ցուցահանդեսում։

«Հենց այդ հանդիպումից էլ սկիզբ առավ իմ բարեկամությունը մեր ժամանակի այդ հանճարեղ մարդու հետ, որին վիճակված էր մի ամբողջ դարաշրջան նշանավորել մեր ճարտարապետության մեջ»,- հետագայում գրել է Մարտիրոս Սարյանը:

Երկու մեծ հայերի ընկերությունը շարունակվել է քառորդ դար` 25 տարի, մինչև Թամանյանի մահը։ Այս ընթացքում Սարյանը հասցրել է ստեղծել Թամանյանի դիմանկարները, իսկ Թամանյանի նախագծով 1929-ին կառուցվել է Սարյանի երկհարկանի տունը, որի հիման վրա հետագայում վերակառուցվել է նկարչի տուն-թանգարանը։



Այս երկու մեծ հայերի բարեկամության մասին լիարժեք, ամբողջական, բովանդակալից պատմել է Մարտիրոս Սարյանը` 1978 թվականին «Կոմունիստ» թերթում գրած իր «Թամանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ» հոդվածում և իր հուշերում։ Այսօր ձեզ ենք ներկայացնում հատվածներ ավելի քան 45 տարի առաջ գրված այս հրաշալի հոդվածից։



«Նոր Երևանը սերտորեն կապված է Ալեքսանդր Թամանյանի անվան հետ:

Մեր ժողովուրդը երջանիկ է, որ 20-րդ դարում էլ ունեցավ իր Տրդատը` ի դեմս Թամանյանի:

Շատ ընկերներ եմ կորցրել ես, մահն ու պատահարները խլել են նրանց ինձնից: Թամանյանը մեկն է, որի կորուստը մեծ վիշտ է ինձ համար, մեկը որին հիշում եմ անընդհատ՝ այդ համեստագույն ու հանճարեղ հայ շինարարին...

Նախասովետական տարիներին Թամանյանը Ռուսաստանի ամենահեղինակավոր, հարգված ճարտարապետներից էր և մի քանի հրաշալի շինությունների նախագծեր էր տվել։ Բայց ամեն անգամ սրտի թրթիռով խոսում էր իր միակ բաղձանքի մասին` կառուցել Հայաստանում։ Խոսում էր ոգևորված, կրքոտ, խրոխտ, երբեմն էր թախծոտ, գուցե մտածելով, թե իր իղձը իրականություն դառնալ չի կարող։

Եկավ օրը: Օտար ափերից հայրենիք վերադարձան հայ ժողովրդի լավագույն զավակները: Փոքրիկ, տխուր Երևանը սկսեց ժպտալ, ապա արևի նման պայծառանալ: Մի րոպե պատկերացրեք, թե ինչի էր նմանվում այս գյուղաքաղաքը, երբ նրա նեղլիկ փողոցներով կողք-կողքի քայլում, իրար հետ զրուցում, ծրագրեր էին կազմում ու նրա տնակներում ժրաջան մեղուների պես օրավուր աշխատում Աճառյանը, Սպենդիարյանը, Մալխասյանցը, Մանանդյանը, Ղափանցյանը, Աբեղյանը, Ռոմանոս Մելիքյանը, Արուս Ոսկանյանը, Փափազյանը, Հասմիկը, Հրաչյա Ներսիսյանը, Չարենցը, Բակունցը, Կոջոյանը…



Եկավ նաև Թամանյանը, եկավ իր հանճարով, խանդավառված, ամենատես և սևեռուն հայացքով։ Եկավ ու լծվեց իր քանդված հայրենիքի վերաշինության մեծ գործին։ Չեք կարող երևակայել, թե ինչ արտահայտություն էր ստանում դեմքը, երբ ասում էր` «ցարական իմպերիայի նախկին գյուղակ-գաղութը պիտի դառնա Հայաստանի մայրաքաղաքը»։ Այս գիտակցությամբ էլ գծագրեց նոր, հոյակապ քաղաքի հատակագիծը` գիտնականի և արվեստագետի իր հանճարով...

...Այժմ սրտի մրմուռով եմ հիշում, թե որոշ տգետներ` նորելուկ ճարտարապետ-տեսաբաններ, ինչպես էին հուզում այդ նվիրված, հայրենասեր մարդուն։ Մի քանի կեղծ մոդեռնիստներ ինչ ասես, որ չէին բարդում նրա գլխին` էլ «գիգանտոմանիայով տառապող», էլ «հետամնաց», էլ «միջնադարյան կղերական հայացնքեր պրոպագանդող», էլ... որ՞ մեկը նշեմ։ Բամբասանքներ, չարախոսություններ... Իհարկե նախանձն էլ կար։ Բանն այնտեղ հասավ, որ օպերային շենքի կառուցումը քանի անգամներ դադարեցվեց։

Բայց այնքան ներողամիտ էր...

Չէր հուսահատվում, պայքարում էր...

Դյուրագրգիռ էր, արագաշարժ, կտրուկ, խսապահանջ, բայց և բարի, մարդուն գնահատող։ Բանվորները սիրում էին նրան, անձնվիրաբար կատարում նրա բոլոր պահանջները։ Իսկ ինքը հուզվում էր դրանից և խանդավառվում...

Իր ամբողջ կյանքում արձակուրդ չվերցրեց, չնայած դրա կարիքը շատ էր զգում։ Հիվանդ էր, հոգնած։ Բայց վառվում էր աշխատանքի մեջ` ունենալով այն մեծագույն հատկանիշը, որը կոչվում է պարտքի գիտակցություն հայրենիք հանդեպ։

Կյանքից շուտ հեռացավ Թամանյանը։ Քայքայված առողջությունը և դստեր մահը արագացրին նրա վախճանը։ Դա 1936-ին էր։ Ծանր կսկիծով հողին հանձնեցինք մեր անփոխարինելի ընկերոջը, մեր հանճարեղ ճարտարապետին։ Չարենցը միայն իրեն հատուկ ուժով մարմնավորեց Թամանյանի վիթխարի կերպարը, բոլորովին չիմանալով, որ մի տարի հետո ինքն էլ չի լինելու․․․

Բայց երկուսն էլ կան։ Կան իրենց գործով։ Ապրում են ժողովրդի սրտի զարկերի մեջ։ Իսկ ժողովուրդն անմա՛հ է»։



Հ.Գ.
Սարյանական այս հուզիչ ու հրաշալի տեքստին ավելացնում ենք Եղիշե Չարենցի 1936 թվականին գրած «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը` նվիրված Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի անմահ հիշատակին.

Նրա կոպերը երեկ երբ քարացել են խաղաղ —
Կապույտ բոցով բռնկված վերջին ջերմում ուղեղի,
Նա տեսել է երևի արևային մի քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի, —
Պողոտանե՛ր, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին:
Ակընթարթում մի վսեմ, որ երկարում է դարեր,
Փողփողել են ուղեղում — սիրտ պայթելու չափ պայծառ —
Սյունաշարքե՛ր, տերրասնե՛ր, աստիճաննե՛ր մարմարե,
Եվ պարտեզնե՛ր ոսկեզօծ, շատրվաննե՛ր երգաձայն...
Աշտարակնե՛ր երկնահաս և կամարնե՛ր կորանիստ,
Քանդակազօծ կարնիզներ, պատուհաններ նուրբ հատած.
Ե՜վ մարմարիոն մարմնագույն, և՜ գանգրահեր գրանիտ
Ե՜վ վարդաբոլոր տուֆաքար, և՜ բիլ բազալտ սրբատաշ...
………………………………………………………….
Պարզել է ձեռքը դողդոջ դեպի ցնորքն այդ կապույտ,
Այնքան մո՛տ է, այնքան մոտ — կըշոշափի նա հիմա —
Բայց ծանրացել է հանկարծ ձեռքն հանճարեղ ու հմուտ,
Ընկել է վար — չոր կրծքին... լռությո՜ւն: Մահ:

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ