Երևան +12°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:12 02-03-2023

Բառերը Պարույրի աչքում նույն բաները չէին, ինչ որ մեր աչքում

Հայ անվանի գրականագետ, լեզվաբան, թատերագետ Լևոն Հախվերդյանը անասելի մեծ պատկառանք ուներ հայոց լեզվի հանդեպ ու չէր հանդուրժում մայրենի լեզվի դեմ որևէ ոտնձգություն։ Նա մաքուր ու ճիշտ էր խոսում և նույնքան ուշադիր էր թղթին հանձնած յուրաքանչյուր բառ ու տառի հանդեպ։ «Լեզուն հայրենասիրություն է, մայրենի լեզվի իմացությունը հայրենասիրության չգիտակցված ձև»,- ասում էր Լևոն Հախվերդյանը։ Նրա հեղինակած «Զրույցներ լեզվի մասին» գիրքը ոչ այլ ինչ էր քան լեզվի հանդեպ սիրո, մեծարման ու արժևորման դրսևորում։ Լևոն Հախվերդյանն առանձնակի վերաբերմունք ուներ բոլոր նրանց հանդեպ, ովքեր սիրում, գնահատում ու չէին աղավաղում մայրենի լեզուն։ Յուրաքանչյուր հետաքրքիր ու օրինակելի պատմություն, որն առնչվում էր լեզվի ու լեզվամտածողության հետ, երբեք չէր վրիպում նրա ուշադիր ու գնահատող հայացքից։ Այսօր հենց այդպիսի մի պատմություն ենք ներկայացնում ձեզ, որը տարիներ առաջ սիրված գրականագետը ներառել էր իր «Պարույրը» հուշագրության մեջ.



«Ես չգիտեի, թե ինչ բան է «բառարան կարդալը»։ Դա Պարույրի սիրած զբաղմունքն էր։ Մի երեկո այցի էի գնացել Պարույրին, երբ նա վարձով ապրում էր Սպանդարյան փողոցի բակերից մեկում, հանրախանութի կողքին. ամուսինները զբաղեցնում էին մի փոքր, կոկիկ սենյակ։ Տեսնեմ` տանտերը թախտի վրա կիսապառկած, թիկունքը բարձր, մի ձեռքին մատիտը, մյուսով մի ահագին գիրք ծնկներին պահած։ Ի՞նչ գիրք է դա։ Բառարան է, հայերենի բացատրական բառարան։ Բայց բառարանը կկարդա՞ն, բառարանը պետք է, երբ մի բառ չես հասկանում` բացում ես նայում։



Եվ Պարույրը ժպտաց, ինձ պարգևելով իր կարեկցական-ներողամիտ ժպիտներից մեկը` իհարկե, այդպես է, պիտի չալարես, նայես ամեն անգամ ու դեռ բառն էլ գրես։ Բայց գիտես ինչ հրապուրիչ բան է բառարան կարդալը, ամեն մի վեպից հրապուրիչ բան է բառարան կարդալը, ամեն մի վեպից հրապուրիչ, լեզվաբանությունից հետաքրքիր բան կա՞։

Գիտես, օրինակ, ի՞նչ է նշանակում ընկեր։ Դա նշանակում է ընդ-կեր, այսինքն միասին ուտող։ Իսկ ռուսերեն Товарищ-ը Товар և ищи բառերի միացությունն է, նույնպես հնուց է գալիս, երբ մարդիկ գնացել են միասին ապրանք հայթայթելու։ Բայց ամենից լավը թուրքերենն է` յոլդաշ, ճանապարհի ընկեր։ Բա՛։ Հիմա տես, թե լեզվաբանությամբ ինչեր կարելի է պարզել։ Թուրքերն ասում են փենիր, դա մեր պանիրն է, որ մեր լեզվում եղել է շատ վաղուց։ Թուրք քոչվոր ցեղերը եկել են, մեզնից սովորել են պանիր պատրաստել և անունը վերցրել են։ Ուրեմն, եկվորը նրանք են եղել և ոչ թե մենք։ Էդպես է, ջանըս։ Բառարան, որ կարդաս` կիմանաս...

Բառերը Պարույրի աչքում նույն բաները չէին, ինչ որ մեր աչքում։ Բառերը նրա ընկալմամբ կենդանի արարածներ էին։ Իրենց գույնը, քաշը, համն ունեցող արարածներ, որոնց նա փայփայում էր, շոյում, վարժեցնում ու ենթարկում իրեն ընտանի կենդանիների պես։



Այս ամենից հետո դյուրին է պատկերացնել, թե ինչու Պարույրը գրեթե ֆիզիկական ցավ էր զգում, երբ դառնում էր բառի սխալ գործածության, լեզվական սխալի ակամա ընթերցողն ու ունկնդիրը։ Չէր դիմանում, երբ աչքին էին ընկնում անգրագետ կամ թեկուզ անփույթ գրված էջեր։

Մի անգամ իմ ուսանողական ընկերուհիներից մեկը թատերախոսական էր բերել «Գրական թերթի» խմբագրություն, թեև գրագետ, բայց փնթի գրված մի քանի էջ։ Ես, Պարույրից, փոխառած սովորույթով, կշտամբեցի աղջկան։ Սա թե` շտապել է, ժամանակ չի ունեցել... Պարույրը, որ լսում էր մեզ, տեղից վեր կացավ, մոտեցավ, աչքի անցկացրեց էջերը և վրա տվեց` սա ի՞նչ բան է, անհարմար չէ՞ք զգում, էսպես կգրեն ու ցու՞յց կտան ուրիշին, շտապել է։ Մարդ, որ մի թուղթ է գրում, ճմռթում ու դուրս գցում օդանավի պատուհանից, դա էլ պիտի կարգին գրի...

Հեղինակը գլուխն առավ փախավ։ Պարույրն այնքան էր հուզվել, որ ես ռիսկ չարի կատակել` ինչու՞ օդանավի պատուհանից, հնարավո՞ր բան է դա...»։

Պատրաստեց Նաիրա Եղիազարյանը

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ