Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:19 02-03-2023

Ավանդույթների վատ հետևանքներից խոսող Արսենյանն իր աչքի գերանը չի տեսնում

Երեկ ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը քննարկելիս, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը ասաց. «Մենք ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին ենք խոսում, ոչ թե պատճառների վերացման մասին։ Ազնվորեն պետք է նշենք, որ բռնության պատճառները մեր ավանդույթներն են, մեր մտածելակերպը, մեր պատկերացումները, մեր ադաթները, այդ ադաթների նեգատիվ դրսևորումները»։

ՔՊ-ական պատգամավորը կոչ արեց պատճառները վերացնելու համար ջանքերն ուղղել դաստիարակությանը դպրոցից և մանկապարտեզից, որտեղից պետք է արմատախիլ անեն պատճառները։

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ անդրադառնալով Գուրգեն Արսենյանի հնչեցրած կարծիքին գրել էր.

«Հանգիստ թողեք մեր ավանդույթները։ Ընտանեկան բռնությունը շատ բարդ, խորքային թեմա է։ Աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրներ են պայքարում ընտանեկան բռնության դեմ և ունեն լուրջ խնդիրներ։ Ուրեմն, այդ երկրներին է՞լ է բնորոշ բռնության մեր ավանդույթն ու մշակույթը։ Բռնությունը բնորոշ է ոչ թե հայկական ավանդույթներին, այլ առանձին ընտանիքների, որոնք որևէ կերպ չպետք է դառնան ավանդական։ Մեր ավանդույթների և մտածելակերպի վերաբերյալ պատկերացումներն են, որ դիտավորյալ աղավաղվում են: Ընտանեկան բռնության դրսևորումները չպետք է դիտարկել որպես մեր միջավայրին բնորոշ և հետևաբար` օրինաչափ լինելու համատեքստի մեջ»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ անբիոնից ազգային ավանդույթների բացասական հետևանքներից խոսող Գուրգեն Արսենյանի որդին տարիներ առաջ զենքի գործադրումով ավազակային հարձակում էր գործել Արսենյանի տան խոհարարի վրա։ DataLex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գուրգեն Գուրգենի Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ավազակությամբ իր հոր՝ Գուրգեն Բաբկենի Արսենյանի՝ Արաբկիր վարչական շրջանի 38-րդ փողոցի 7-րդ առանձնատան խոհարարուհի Տոնյա Սեմյոնի Մանուկյանից գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, գնացել է նշված բնակարան և խոհանոցում նկատելով Տոնյա Մանուկյանին, իր հանցավոր նպատակը իրականացնելու համար խոհանոցից վերցրել է երկու դանակ և հարձակում է գործել վերջինիս նկատմամբ, այն է ի ցույց դնելով իր մոտ առկա որպես զենք օգտագործվող դանակները՝ պահանջել է իրեն տալ գումար՝ հակառակ դեպքում սպառնալով դանակներով վնասել վերջինիս՝ իրական վտանգ ստեղծելով նրա կյանքի կամ առողջության համար։

Տոնյա Մանուկյանն իր կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող ոտնձգությունից վախենալով Գուրգեն Արսենյանին է տվել 5000 ՀՀ դրամ գումար՝ ասելով, որ այլ գումար չունի, սակայն Գուրգեն Արսենյանը տեսնելով Տոնյա Մանուկյանի դրամապանակում եղած գումարները, դրանք նույնպես հափշտակելու դիտավորությամբ, իր իսկ գործողությունների վճռականությունը հաստատելու նպատակով, նույն դանակներով վնասել է խոհանոցի առաջնամասի պատին կախված երկու նկարները և պահանջել իրեն տալ դրամապանակում եղած ամբողջ գումարը։

Տոնյա Մանուկյանը վերջինիս է տվել ևս 15.000 ՀՀ դրամ գումար, որից հետո Գուրգեն Գուրգենի Արսենյանը լսելով հոր՝ Գուրգեն Բաբկենի Արսենյանի ոտնաձայները, ձեռքին բռնած դանակները գցել է գետնին և դիմել փախուստի՝ ընդհանուրը հափշտակելով 20.000 ՀՀ դրամ: