Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրել էի՝ չմտածելով պաշտոնի մասին, հետևաբար՝ կլինեմ պետնախարար, թե՝ չեմ լինի, նպատակս դրանից չի փոխվում. Ռուբեն Վարդանյան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 11:29 26-02-2023
Ես Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրել էի՝ չմտածելով պաշտոնի մասին։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Պաշտոն զբաղեցնելը չի եղել իմ՝ Արցախ տեղափոխվելու նպատակը: Իմ նպատակը եղել է օգնել Արցախին պահպանել իր անկախությունը։ Հետևաբար, կլինեմ պետնախարար, թե չեմ լինի, իմ նպատակը դրանից չի փոխվում»,- ասել է Վարդանյանը:

«Իմ հրաժարականի մասին խոսակցությունները սկսվել են դեկտեմբերից, երբ նախարարներից մեկը իր ընկերների շրջանում քննարկում էր: Դե պարզ է, «օտարը» եկել է իր կանոններով ու հավակնություններով: Շատերի խաղաղ կյանքը խաթարվեց: Մենք շատ մարդկանց համար «փակեցինք թթվածինը», ովքեր մեծ ֆինանսավորում էին ստանում: Երբ ես ասացի, որ դուք չեք կարող լուծել խնդիրներն այնպես, ինչպես նախկինում էիք լուծում, սա մեծ դժգոհություն բերեց: Մենք այնքան մարդու ֆինանսական հոսքեր ենք կտրել, որ մտածում եմ՝ ուրախ են, որ ինձ ազատել են, հիմա ամեն երեկո նշում են»,- ասել է նախկին պետնախարարը:

Ըստ Վարդանյանի՝ Ադրբեջանը փորձեց հնարավորինս անձնավորել Արցախում ստեղծված իրավիճակը:
«Հավանաբար այստեղ մի քանի իրադարձություններ տեղի ունեցան: Առաջինն այն էր, որ նման մարդու ժամանումն Արցախ բավական անսպասելի էր, և դա դավադրությունների տեսությունների շրջանառման տեղիք տվեց: Ոչ ոք չէր պատկերացնում, որ մարդ կարող է հայրենասեր լինել և գալ իր երկիր, սիրել ու մտահոգվել այն ամենով, ինչ կատարվում է Արցախում: Եվ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են մարդիկ դեռ ապրում այս դավադիր տեսությունների տիրույթում»:

Անդրադառնալով Ադրբեջանի գործոնին՝ Վարդանյանը հիշեցրեց, որ դեռ անցած ամառ Ադրբեջանն ասում էր, որ բանակցություններ չի վարելու հայերի հետ:

«Հիմա անցել է 6 ամիս, ասում են՝ պատրաստ են բանակցել ոչ թե Վարդանյանի, այլ Արցախի հայ բնակչության ներկայացուցչի հետ: Ես կարծում եմ, որ իմ այցը բերեց Արցախի հանրայնացման կտրուկ աճին: Շրջափակումը, ամեն ինչ միասին բերեցին դրան»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց՝ իր գալու նպատակը Արցախի և Ադրբեջանի երկխոսությունը նորմալ հուն տեղափոխելն էր, բայց այն վերածվեց մերժման. «Դե, դա իրենց որոշում է»:

Անդրադառնալով իր՝ պաշտոնից ազատելու, Վարդանյանը նշեց՝ կարծում է, որ սա սխալ որոշում է: «Եթե ես օգնեցի իմ գործողություններով, շատ լավ է: Եթե ես խանգարում եմ, պետք է գնամ: Սա է նախագահի որոշումը»։